dzovinarlok@gmail.com
Ինչով է տարբերւում հայաստանցին սփիւռքահայից, գիտէ՞ք։ Աւելի ճիշդ կը լինի ասել սովետական ծագում ունեցող հայաստանցին, որովհետեւ երիտասարդ սերունդը փոխուել է այդ առումով։ Հայաստանցին փնտռում է աշխատատեղ, պահանջում է իշխանութիւններից աշխատատեղ՝ գործարան, հիմնարկ, դպրոց, թանգարան, որպէսզի գնայ ու աշխատի այնտեղ, իսկ սփիւռքահայը ինքը ներկայացնում է իրենից աշխատատեղ, այսինքն մարդն ինքը արդէն աշխատանք է իր մէջ պարունակում. նրա միտքը, ձեռքերը, մտայղացումներն ու կարողութիւնները թելադրում են այն զբաղմունքը, որն իրէն ապրուստ կարող է ապահովել։ Սովետական շրջանում ամենաբարձր վարձատրուող աշխատանքը գիտնականներինն էր։ Աւա՜ղ, գիտութիւնը նահանջեց Սովետական փլուզումից յետոյ եւ շատ գիտնականներ յայտնուեցին աղքատութեան եզրին. ամօթ է ասել, բայց յարգուած գիտնականներին նրանց երբեմնի ենթակաները յաճախ տեսնում էին աղբարկղների մօտ՝ ուտելիք որոնելիս՝ դա էր փոփոխական ժամանակների դրոշմը։ Բնակչութեան զգալի մասը արտագաղթեց, բայց ինչո՞ւ երբեք չենք խօսում ներգաղթեալների մասին, նաեւ այն սփիւռքահայերի, որոնք ամէն ինչից զատ իրականացրեցին իրենց կեանքի ամենամեծ բաղձանքը եւ հաստատուեցին մայր հայրենիքում, բիզնես դրեցին եւ յաջողեցին։ Արդէն 10 տարի Զաքեան 8/21 հասցէում գտնւում է «Թաբուլէ» ռեստորանը՝ իր լիբանանեան ճաշատեսակներով։ Ռեստորանի հեղինակն է լիբանանցի Խաժակ Գեթսէմանեանը։ Այո, ես կ՚ասէի, որ այս ռեստորանը հեղինակային է։ Կապուած է Խաժակ Գեթսէմանեանի անձի, իր ճաշակի հետ. ռեստորանի ինթերիերը, գեղագիտական տեսքը, պատերի գոյների համարձակ համադրութիւնը, պատերի ներսում հնաոճ իրերի եւ զարդերի տեղադրումը, լուսամփոփների լոյսի ներքոյ մտերմութեան մթնոլորտի ձեւաւորումը դարձնում են ռեստորանը ուրոյն մի արուեստի գործ, որի ստեղծման ընթացքին Գեթսէմանեանը ոչ մէկի մասնագիտական օգնութեան չի դիմել։ Ինքը գործ է ունեցել իր երազանքի հետ, իսկ ո՞վ կարող է միջամտել սեփական տեսիլքի իրականացմանը։ Մինչ այդ նա տարբեր երկրներում՝ Լիբանան, Իրաք, Սուտան, ունեցել է ռեստորանային բիզնես։ Կարող էր նաեւ ԱՄՆ-ում բացել ռեստորան եւ 10 անգամ աւել շահոյթ ունենալ, քանզի Հայաստանում բնակչութիւնը շատ քիչ է եւ տեղացիներից միայն 5-10 տոկոսն է ի վիճակի ռեստորան այցելել։ Սակայն Պէյրութի Պուրճ Համուտ հայկական թաղամասում ծնուած հայորդին, որը 15 տարեկանից մասնակցել է իր թաղի պաշտպանական կռիւներին (1975-ից), երազել անգամ չէր կարող, որ լիբանանեան պատերազմական փորձը հայկական թաղից զատ կծառայի նաեւ հայկական հողի պաշտպանութեանը։ Արցախեան պատերազմում իր մասնակցութեան մասին Խաժակ Գեթսէմանեանը ինքը երբեք չի ակնարկում՝ այդպիսին են իսկական տղամարդիկ, որոնք պատմական թեժ պահին դառնում են ազատամարտիկ։ Այդ մասին ես կարդացի Աշոտ Ա. Պետրոսեանի «Սփիւռքահայ մարզիչներից մինչեւ Սասնայ ծռեր» գրքի մէջ։ Գիրքը կարծես աչքերս բացեց. մեզ յայտնի էր միայն Ժիրայր Սեֆիլեանի անունը, որը արցախեան պատերազմից յետոյ շարունակեց իր կռիւը նաեւ քաղաքական դաշտում, սակայն գրքում ի յայտ եկան նոր անուններ, որոնցից մէկը նաեւ Խաժակ Գեթսիմանեանն էր.
- Լիբանանի քաղաքացիական պատերազմէն ձեռք բերուած ռազմավարական փորձառութիւններս մեզի ենթահող դարձաւ յաջորդող տարիներուն մեր մայր հողին վրայ մեր գիտելիքները կիրարկելու, եւ 1988-ին առիթը ներկայացաւ մեզի հին թուող, բայց եւ այնպէս ամենօրեայ ու հիմնական մեր երազը իրականացնելու՝ Հայրենիքի ինքնապաշտպանութեան գործօն մասնակցութիւններ բերելով։
Ո՛վ է հիմա յիշում նախկին լքուած խանութը, որը Խաժակ Գեթսէմանեանի ձեռամբ վերածուեց «Թաբուլէ» ռեստորանի...Կա Երեւանում ռեստորան, որն իր դռան մօտ փակցրել է աշխարհահռչակ այցելուների լուսանկարները՝ Շառլ Ազնաւուրի, Հիլարի Քլինտոնի, Ալեն Դելոնի, Նիկոլա Սարքոզիի, Ճորճ Քլունիի...Շատ գեղեցիկ եւ սուղ ռեստորան է, սակայն եթէ Գեթսէմանեանը փակցնէր իր հանրաճանաչ այցելուների լուսանկարները, ապա պատերը չէին բաւականացնի եւ...«Թաբուլէ» ռեստորանի մշտական յաճախորդները չէին ցանկանայ որպէսզի լրագրողները բացայայտէին իրենց նախընտրած վայրը...
Ծանօթանում եմ ճաշացուցակի հետ եւ ինձ համար անծանօթ անունները հետզհետէ պարզաբանւում են. մուհամարա, Հալէպի մորթատելլա՝ այս ուտեստների մէջ ինձ հմայում է յատկապէս չորահացի առկայութիւնը. ֆատտուշի մէջ՝ լոշիկը։ Սամբուսեկը երեք տեսակ պանիրն է կամ տավարի միսն է խմորի մէջ. սթեյքերի, քապապի տեսակները, չի քիւֆթան եւ հաբրան՝ հում ֆիլէ մսով է, սակայն մի՛ վախեցէք, որովհետեւ միսը նախապէս սառեցւում է եւ մանրէները անհետանում են...
Յաճախորդները՝ եւրոպացիներ ու եւրոպահայեր, արաբներ Իրաքից, Լիբանանից, Սաուտեան Արաբստանից, Էմիրատներից, որոնց համար այս ճաշատեսակները հարազատ են, բայց դրանք արաբական չեն, այլ՝ լիբանանահայերի խոհանոցից են, վերջապէս, նաեւ հայաստանցիներին հարազատ դարձած, որովհետեւ ծանր կերակուրները այնուամենայնիւ թեթեւ են մարսւում շնորհիւ հարուստ համեմունքների եւ սօսների։ Ռեստորանի ձախ թեւի փողոցին գտնւում է Շիրակ հիւրանոցը, իսկ աջ թեւին Գրիգոր Լուսաւորիչ պողոտայի վրայ գտնուող դեսպանատները եւ քաղաքապետարանը, որի աշխատակիցները վաղուց ընտելացել են «Թաբուլէ» ռեստորանի լիբանանեան խոհանոցին եւ այնտեղ տիրող մթնոլորտին։ Ցերեկները հնչում է ձայնագրուած երաժշտութիւն, սակայն այն պարտադրուած չէ, ինչպէս միւս ռեստորաններում. եթէ յաճախորդը չի ցանկանում որեւէ երաժշտութեան ուղեկցութեամբ ճաշել, ապա այն անջատւում է։ Իսկ երեկոյեան ժամը 19-23-ը դաշնամուրի մօտ է Աշոտ Սիմոնեանը, ով ընդունակ է բաւարարել ամէն ազգութեան եւ ճաշակի տէր այցելուների երաժշտական նախընտրութիւնները, քանզի այստեղ մարդիկ միայն քաղցը չեն յագեցնում, փոր չեն կշտացնում, այլ ցանկանում են ունկնդրել իրենց հարազատ երգերն ու եղանակները. սկսած ճազից, ֆոքստրոտից, թանկոյից մինչեւ Ազնաւուրի երգացանկը, դասական երաժշտութիւնը եւ...իրենց ապրած ժամանակի սիրուած անմոռաց երգերը։ Դեռ աւելին, մարդու սիրտն է ուզում երգել եւ նա կանգնում է դաշնամուրի մօտ եւ Աշոտի դաշնամուրային ուղեկցութեամբ կատարում է իր հոգու երգը։
- Որոնք են հայերի ամենէն սիրուած երգերը,-հարցնում եմ ես Աշոտին։
- Նուպար, Ատանայի ողբը, Պինկէօլ, Կիլիկիա...