ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Հոկտեմբերի 6-10ը Երեւանը դարձաւ Տեղեկատուական Տեխնոլոգիաների (WCIT) համաշխարհային ժողովի կենտրոն։ Երեւան ժամանեցին 70 երկրներից աւելի քան 2500 մասնակիցներ, սակայն այսօր ես պիտի խօսեմ ոչ թէ այդ մասշտաբային իրադարձութեան մասին, այլ մեր փոքրիկ երկրի չափազանց կարեւոր հարցերի շուրջ։
Լոռուայ, աւելի ճիշդ՝ Հայաստանի սոխակի յոբելեանը։
Վերջերս հայրենաճանաչման նկրտումներս կենտրոնացրին իմ ուշադրութիւնը մեր երրորդ քաղաք համարուող Վանաձորի վրայ, եւ պիտի խոստովանեմ, որ այն տեղից նայելով Երեւանին՝ մեր մայրաքաղաքը իմ աչքին փոքրացաւ մինչեւ աննշան մի գործատեղի (օֆիս, ինչպէս ասում ենք)։ Ես ուղղակի ֆիզիկապէս սիրահարուեցի Վանաձորին։ Այսօր՝ արդէն վերադառնալով Երեւան, ես մտովի կանուխ դուրս եմ գալիս իմ Վանաձորի տնից եւ քայլում փողոցներով։ Փողոցներն ունեն իրենց հունը։ Հոսանքը։ Միախառնւում են եւ բաժանւում են, բայց անպայման մի նշանաւոր տեղ հասցնում։ Ես ճանաչեցի բազմաթիւ տաղանդաւոր արուեստագէտների եւ պարզ մարդկանց, որոնք տաղանդաւոր էին պարզապէս որպէս մարդ։ Սեպտեմբերի 28-ին հրաւիրուած էի Շառլ Ազնաւուրի մշակոյթի պալատ, որտեղ պիտի նշուէր Լոռուայ սոխակ Ստեփան Դալլաքեանի ծննդեան 70-ամեայ յոբելեանը եւ բեմական գործունէութեան 50-ամեակը։ Այդ շքեղ պալատի դահլիճը տեղաւորում էր մինչեւ 450-600 մարդ եւ այդ օրը լեփ-լեցուն էր։ Մարդիկ եկել էին ունկնդրելու իրենց սոխակին, որի երգն ու երգեցողութիւնը չէին պատկանում յստակ ժամանակներին։ Նա երգում էր սովետական անխախտ ժամանակներից, երգում էր անկախութեան տարիներին եւ երգում է այսօր, իր յոբելեանը նշելով իր եւ իրեն պատուող երգիչների երգերով, մտաւորականների եւ պաշտօնեաների ելոյթներով, սակայն համերգի ողջ «ծանրութիւնը» կրեց որպէս բարձրակարգ արտիստ, որի համար բեմը իր տունն է, իսկ հանդիսատեսը՝ հիւր, որին նա պարտաւոր է ապահովել բարձրագոյն գեղագիտական վայելք։ Երանի՚ Լոռուայ Սոխակին ճանաչէին ողջ Հայաստանում, որովհետեւ նա ողջ Հայաստանի, այլ ո՛չ միայն Լոռուայ հազուադէպ սոխակներից է։
Օգոստոսի 22-ին նա նշեց իր յոբելեանը նաեւ նեղ շրջանակով. “Այգ” ռեստորանում հաւաքուեցին 120 հրաւիրեալներ։ Նախքան այդ երեկոն նկարագրելս, պիտի անդրադառնամ մի ելոյթի։
Յիշելով Սեպուհ սրբազանի կարեւորագոյն խօսքը
2017-ին մեր որդու հարսանիքին մեզ պատուեց իր ներկայութեամբ Գուգարքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլճեանը, եւ մեր յիշողութեան մէջ մնաց անջնջելի իր շնորհաւորական խօսքը, որն ուզում եմ հրապարակել՝ ի նկատի ունենալով խօսքի անսահման կարեւորութիւնը.
- Սիրելի Ազատ եւ Անի,
Երկու հայ ընտանիքներ՝ Լոքմակէօզեան եւ Անդրէասեան, ընկեր դարձան, եղբայր դարձան, երեխաները դաշինք կնքեցին Աստծոյ տաճարում։ Մէկը ասեց. «Տէր եմ», «Ինչի՞ Տէր ես», «Տէրը արժանապատւութեանը, պատուին, ազգային գիտակցութեանը»։ «Հնազանդ եմ»,- միւսն ասաց։ «Ինչի՞ն ես հնազանդ»։ Ոչ թէ ծառայ եւ ստրուկ, որ թէ կրաւորական կեցուածք ունեցող սպասաւոր, այլ հնազանդ Է իր արժանապատիւ ամուսնուն, պատուով եւ յարգանքով իր ամուսնուն մեծարելով է հնազանդ, եւ ոչ թէ հակադրութեան մէջ է լինելու ամուսնու հետ։ Այսօր այս խնջոյքի սրահում մենք ուրախանում ենք։ Նախկինում մեծերը իրենց օրհնութիւնն էին տալիս։ Գիւղական հարսանիքներում ելնում էին տատիկը, պապիկը, առանց նրանց խօսքի հարսանիքը չէր կարող առաջանալ։ Մինչեւ պապիկն իր խօսքը չասէր, մինչեւ քաւորը, հօրեղբայրները եւ այլոք…ու ամէն խօսք ասողի հետ ողջ ժողովուրդը երգում էր, այլ ոչ թէ հրաւիրուած երգի ու պարի համոյթները։ Անշուշտ, լաւ են երգում, գեղեցիկ են պարում, բայց ազգը ինքը պիտի սովորի երգել, ազգը պիտի սովորի միասնական պարել։ Այս է պակասում։ Հարսանիքի մասնակիցները ազգային պարով եւ ազգային երգով պիտի արժեւորեն այդ հարսանիքը եւ ոչ թէ հրաւիրեալ խմբերով։ Ուրեմն ես այդուհանդերձ մաղթում եմ մեր զոյգերին եւ ձեզ բոլորիդ, որպէսզի ձեր օջախներում, ընտանիքներում ազգային երգն ու պարը անպակաս լինէն…
Ստեփան Դալլաքեանի մատուցած վայելքը
Օգոստոսի 22-ին «Այգ» ռեստորանում ես ապշած մնացի Ստեփան Դալլաքեանի պահուածքով։ Նա ինքը վարեց իր յոբելեանը, եւ այն դարձաւ ներկաների համար յիշարժան իրադարձութիւն։ Ռեստորանը դա առաջին հերթին ուտեստ է. զանազան խորտիկներ, խորոված, խմիչքներ, կենացներ…Սակայն Ստեփան Դալլաքեանը մատուցեց իր հիւրերին հոգեւոր եւ գեղագիտական «ուտեստ»։ Նա ինքը վարեց իր յոբելեանը։ Արտասանեց- ասմունքեց, երգեց ու երգեց, պարեց մեր ազգային պարերը…նրա հետ պարեցին իր գեղեցկուհի կինը՝ Թամարա Կազախեցեանը, երեք զաւակները՝ Լուսինէն, Գայանէն եւ Մհերը իրենց ընտանիքներով, թոռները, ազգականները, բարեկամները։ Ճիշտ Սեպուհ սրբազանի մաղթանքի համապատասխան։ Եզակի դէպք էր ներկայիս ժամանակներում։ Եւ որտեղի՞ց երգչին, որը 50 տարի շարունակ մեներգում է «Հորովել» երգի-պարի համոյթում, նման անխոնջութիւն։ Կարծում եմ հենց այդ յիսուն տարիների փորձառութիւնն ու վարպետութիւնը թոյլ չէին տալիս 70-ը բոլորած արուեստագէտին նահանջել եւ խթանում էին անցնել նոր մեկնարկի։