dzovinarlok@gmail.com
Երբեմն հարց են տալիս. «Դուք հաւատո՞ւմ էք վարչապետին»։ Մարդիկ նոյնիսկ Աստծուն ստոյգ չեն հաւատում, ուր մնաց հաւատան մի մարդու, որն իր վրայ մի մեծ բեռ է վերցրել եւ ամէն կողմից խոցելի է դարձել։ Այդ հարցին շատ լաւ պատասխանեց դերասան Սերկէյ Դանիէլեանը, երբ նրան հարցրեցին, արդեօք հիասթափուել է նա իշխանութիւնից.
- Կարելի է հիասթափուել կնոջիցդ, անգամ ծնողներից կարելի է հիասթափուել, բայց ես իշխանութեան հետ չէի պատրաստւում քնել, որպէսզի յետոյ հիասթափուեմ։
Շատ ճիշդ ասաց քաղաքական գործիչ Գուրգէն Արսենեանը.
- Չի կարելի քննադատել մարդուն, կարելի է քննադատել իր գործունէութիւնը։
Նոյնիսկ ակնյայտ տականքներին, որոնք ի յայտ են գալիս քաղաքացիական թատերաբեմում չի կարելի երեսին ասել տականք, մինչդեռ ասում են։
Բնապահպանական խնդիրները վերածւում են քաղաքական խնդիրների։ Ինչո՞ւ։ Մինչեւ հիմա մենք ունէինք ապօրինի, ընտրակաշառքով եւ ընտրակեղծիքներով ձեւաւորուած իշխանութիւն, որը վերաբերւում էր երկրին ինչպէս իր սեփականութեանը։ Յատկապէս ընդերքի հարցում։ Իսկ Հայաստանում ներկայ պահին շահագործւում են աւելի քան 400 հանքեր։ Ո՞ւմ են պատկանում հանքարդիւնաբերութեան ընկերութիւնները՝ յայտնի չէ, բայց աղտոտուած օդն ու ջուրը պատկանում են ժողովրդին։
Ըստ քաղաքագէտ Մանուել Սարգսեանի կեանքը ինքն է կարգաւորում խնդիրները։ Նրա կարծիքով քաղաքացիական շարժման հիմքում եղել են բնապահպանական նախաձեռնութիւնները։ Հնուց եկած բնապահպանական խնդիրները վերածւում են լուրջ քաղաքական խնդիրների։ Համաժողովրդական շարժման միջոցով է յաղթել ներկայիս իշխանութիւնը։ Եւ այդ շարժման հիմքում եղել են բնապահպանական խնդիրները. Ջրվէժի պաշտպանութիւնը, Մաշտոցի պուրակը…Հենց այս քաղաքացիական շարժումները հեռացրեցին օլիգարխիկ համակարգը։ Այս իշխանութիւնը ցանկացած խնդիր կարող է լուծել, բայց Ամուլսարի խնդիրը չեն կարող լուծել առանց ժողովրդի համաձայնութեան։ Այն ժամանակ էլ է եղել այս խնդիրը։ Բայց ժողովուրդի ձայնը լսելի չէր։ Իսկ այսօր տեղւոյն ժողովուրդը ոտքի ելաւ, այսինքն Ջերմուկի բնակիչները գիտակցեցին, որ կարելի է պայքարել հենց տան մօտ, այլ ոչ թէ Երեւանի կենտրոնում։ Սա շատ մեծ նորութիւն էր.
- Կեանքը ինքն է բերում եւ մատնանշում խնդիրները։ Հէնց Ամուլսարի հարցը կստիպի լուծել իշխանութեան եւ բիզնեսի տարանջատման խնդիրը։
Վարչապետը խնդիրը տեսնում է իրաւական դաշտում։ Լոս Անջելեսում կայացած մամլոյ ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ամուլսարի հարցով պատասխանեց, որ բոլորն արդէն ունեն իրենց տեսակէտը, մի մասը ասում է, որ Ամուլսարը պիտի մնա սար, իսկ միւսը կարծում է, որ պիտի շահագործուի.
- Ես ասում եմ, որ այս հարցում մենք ե՛ւ հայ հանրութեան, ե՛ւ միջազգային հանրութեան հետ պիտի լինենք ազնիւ։
Ի՞նչ է նշանակում այդ պատասխանը։ Ոչինչ։ Մի ասուածք կայ՝ «Խելացին սարը չի բարձրանայ, նա այն կը շրջանցի»։ Սակայն այդ դէպքը չէ։ Շրջանցել չի ստացուի։ Պիտի լուծուի այս անլուծելի խնդիրը։ Մի կողմից բնապահպաններն են եւ իրենց սատարող ժողովուրդը, իսկ միւս կողմից ոսկու հանքավայրը շահագործող Լիտիան Արմենիա ընկերութեան շահերը եւ աշխատատեղ տենչող զանգուածը։
Այժմ յիշենք «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, որը մեկնարկեց ցեղասպանութեան 100-ամեակին։ «Աւրորան» ապացուցեց մարդկութեանը, որ եթէ հայերին ցեղասպանութիւնից փրկողներ եղան, ապա եղեռնը վերապրողներն էլ կարող են իրենց կողմից «Աւրորա» մրցանակ շնորհել անձնազոհ մարդկանց։ Մրցանակը կազմում է 1 միլիոն դոլար։
2017-ի Յունիսի 18-ին Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնութիւնը բաց նամակ յղեց «Աւրորա» հիմնադիրներ Ռուբէն Վարդանեանին եւ Նուպար Աֆէյանին, որոնք հանդէս են գալիս նաեւ որպէս «Ամերիապանկ» ՖԲԸ-ի տնօրէնների խորհրդի անդամներ։ Նամակի վերնագիրն էր «Աւրորան» եւ Ամուլսարում հանքը համատեղելի՞ են»։ Նամակը սկսւում է հետեւեալ տողերով.
«Յարգելի պարոնայք,
Օրեր առաջ մեծ հիասթափութիւն եւ վրդովմունք ապրեցինք՝ տեղեկանալով, որ Ամերիապանկը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա՚ ընկերութեան հետ՝ Ամուլսարում ոսկու արդիւնահանման եւ ցիանային ֆապրիքայի կառուցման համար սարքաւորումների ձեռքբերման նպատակով…»
Մինչեւ 2018-ի Մայիս ամիս բնապահպանների ձայնը մտիկ անող չկար այս երկրում։ Մարդը չի փոխւում. եթէ կայ ոսկի, ապա ոսկու համար կռիւ տուողներ միշտ կը գտուեն։ Բայց ժամանակները փոխւում են։