zovinarlok@gmail.com
Յոբելեանի առթիւ էր բացել նկարիչը իր ցուցահանդէսը Նկարիչների Միութիւնում, սակայն տարիքը, այդ երկու թիւերը ի՞նչ կարող են նշանակել ստեղծագործողի համար։ Արուեստագէտը միշտ երիտասարդ է, որովհետեւ եթէ ստեղծագործում է, ուրեմն երիտասարդ Է։ Տարիքը միայն վարպետութիւն է աւելացնում եւ կեանքի գիրքը համալրում։
- Տարիքը պատասխանատուութիւնն է աւելացնում,-ասում է Յաղթանակ Շահումեանը։
Ի՚նչ ճիշդ է. արուեստագէտ լինելը առաջին հերթին դա պատասխանատու լինելն է՝ Աստծոյ կողմից շնորհած տաղանդի առջեւ։
Մենք այցելում ենք նկարիչների ցուցահանդէսները, որպէսզի նայէք աշխարհին նրանց աչքերով, այսինքն պոէտի աչքերով։ Սակայն կան նկարիչներ, որոնք ոչ միայն իւրովի մեկնաբանում են աշխարհի գոյներն ու ձեւերը, այլ նաեւ մեծ գաղափարներ են ներդրում իրենց նկարների մէջ կամ հիւսում առեղծուածներ, որոնք դարեր ի վեր ստիպում են մարդկանց վերծանել այդ առեղծուածները։ Այդպիսին է եւ Յաղթանակ Շաումեանը։ Նկարիչ-փիլիսոփայ, նկարիչ-նաւավար։ Երկար կարելի էր կանգ առնել նրա «Նաւավար փնտռող նաւակը» կտաւի առջեւ։ Նաւակը դա հէնց մենք ենք. ժողովուրդը, երկիրը, որ պիտի նաւարկի ժամանակակից ծով-ջրերում, բայց ինչպէ՞ս նաւարկես առանց նաւավարի, այսինքն մեծերի… Մենք զրկուել ենք հեղինակութիւններից։ Երբեմն ընտրում ենք կեղծ կուռքեր եւ երկրպագում նրանց։ Սակայն չկայ որեւէ ժամանակ, որը չունենայ իր հեղինակութիւնները։ Ինչ-որ ատեն իրական մեծերի տեղը զբաղեցրին քաղաքական գործիչները։ Եւ եթէ նախկինում ժողովուրդը մտիկ էր անում արուեստագէտի, բանաստեղծի խօսքը, ապա անկախացումից յետոյ սկսեց գնալ քաղաքական առաջնորդների հետեւից։ Յետոյ դերասան Խորէն Աբրահամեանն ասաց, որ դերասանը չի խաղում՝ խաղում է քաղաքական գործիչը։ Կարծում եմ, որ մենք հաւատում էինք դերասանին, որովհետեւ նա ճշմարտութիւն էր բեմից եւ էկրանից ասում ի տարբերութիւն քաղաքական գործչի, որը միայն խոստումներ էր տալիս։ Հետզհետէ չափորոշիչ դարձաւ ոչ թէ մարդու տաղանդն ու վաստակը, այլ նրա պաշտօնն ու ունեցուածքը։ Երկրում ամենապահանջուած կառոյցներից դարձան ուտելու եւ խրախճանքների տեղերը։ Նկարիչների Միութեան կողքի սրճարանը, որը ժամանակին այցելում էին յայտնի արուեստագէտներն ու բանաստեղծները՝ հայոց մտքի տիրակալները, վերակառուցուեց եւ դարձաւ շքեղ Martini Royale Café, որտեղ ներսի պատի հետեւում կարելի է տեսնել նախկին այցելուների լուսանկարները. Մհեր Մկրտչեանի, Ազատ Շերենցի, Լեւոն Ներսիսեանի եւ այլոց մեծերի… Յաղթանակ Շաումեանը այդ մեծերի հետ էր շփւում, այդ մթնոլորտում գտնւում։ Իսկ 1976-1989թթ.-ին Յաղթանակ Շահումեանը Երեւանի գլխաւոր նկարիչն էր, եւ մարդիկ յիշում են, թէ ինչ դեր խաղաց նա Երեւանի զարդարման եւ քաղաքի տեսքի ներդաշնակութեան գործում։ Այսօր, երբ ուտել-խմելը, բարեկեցիկ ապրելու ձգտումը դարձաւ աւելի կարեւոր, քան արուեստն ու գրականութիւնը, իրականացաւ վերջապէս Աւետիք Իսահակեանի խօսքը.
Ես ձեզ ասում եմ՝ կու գայ Ոգու սով,
Եւ դուք կը քաղցէք ճոխ սեղանի մօտ,
Կ՚ընկնէք մուրալու հափրած ոսկորով՝
Հրեղէն խօսքի, վեհ խօսքի կարօտ…
Հոգու եւ ոգու սովը Յաղթանակ Շահումեանը պատկերեց չափազանց հետաքրքրական քոլաժի միջոցով։ Առհասարակ նրա նկարները նաեւ խօսք էին։ Սեպտեմբերի 16-30-ը այցելուները կրկին ու կրկին վերադառնում էին ցուցահանդէս, ու թէեւ այն բաց էր մինչեւ ժամը 17-ը, բայց նրանք այդ ժամն արհամարհում էին, որովհետեւ չէր հագենում նրանց հոգու սովը։
-Արուեստն ինձ համար քաղաքացի լինելու պայման է,-ասում է Շահումեանը եւ աւելացնում,-մտքի եւ ոգու մասնակցութեամբ է ստեծւում արուեստը։
Որքա՛ն էր կարօտել հանդիսատեսը նման նկարչութեան, որը կ՚երկխօսի իր հետ, մտքեր կ՚արթնացնի, այլ ոչ միայն կարձանագրի, որ «Ես ծաղիկ եմ» կամ «Դիմանկար», չնայած Շիրազի, Հրանդ Մաթէւոսեանի եւ յատկապէս Էդուարդ Իսաբեկեանի դիմանկարները մեծ ոգեւորութիւն էին առաջացնում…Ի դէպ միայն նկարչութեամբ չէր հանդէս եկել Յաղթանակ Շահումեանը։ Նրա քանդակները նոյնպէս «փիլիսոփայում էին». մարդ-աթոռները, եռագոյն հաւկիթները գնդաձեւուած մեխերով. դա մեր «Հայկական հարցն» էր, մեխուած մեր գիտակցութեան մէջ։ Էպիկական մի նկար պատկերում էր Հայաստանը որպէս մարդկութեան կենաց-ծառ։ «Ազատութիւնից խելակորոյս» նկարը ճշգրիտ արձագանգում էր մեր ազատութեանը, որը շան պէս ոռնում էր՝ չդիմանալով երկնքից իջած ազատութեանը։ Ամէն նկարի ցուցահանդէս էր սա, այսինքն ամէն նկար արժանի էր առանձին ցուցադրութեան, նոյնիսկ նատիւրմորտները, որոնք սովորական չէին, այլ, օրինակ, «Ուրախ նատիւրմորտ», «Մոռացուած անկիւն»…
Այսօր կրկին վերակենդանացել է սէրը դէպի մեր մեծերի խօսքը. մարդիկ յափշտակուած դիտում են տեսանիւթեր, որտեղ մեզ հետ զրուցում են Շիրազը, Համօ Սահեանը, Սիլվա Կապուտիկեանը… Յաղթանակ Շահումեանի ցուցահանդէսին մի քանի հանդիպումներ եղան նկարչի հետ։
Իսկ մեր ներկայիս ստեղծագործողները այսօր էլ ունէն իրենց սրճարանը. այն գտնւում է Սարեանի պուրակում։ Քաղաքի այն հատուածում, որտեղ մէկտեղուած են բոլոր ժամանակներում մեզ առաջնորդող մեծերի բազմաթիւ արձանները. Սարեայի, Խաչատուրեանի, Կոմիտասի, Սարոյեանի, Թամանեանի, վերջապէս, Սպենդիարեանի եւ Թումանեանի։