dzovinarlok@gmail.com
Տարեթիւեր, տարեթիւեր…չկայ մի տարեթիւ, գէթ մէկ օր տարուայ մէջ, որը նշանաւոր չլինի ինչ-որ մարդու (նոյնիսկ հազարաւոր յայտնի եւ անյայտ մարդկանց) ծննդեան կամ գործունէութեան առումով։ Երբ հասնում ենք Օգոստոսի 30 ամսաթիւին, ապա պէտք է յիշատակենք լրագրողուհի Աննա Պոլիտկովսկաեային։ Այս տարի նա կը դառնար 61 տարեկան, բայց նրա կեանքն ու գործունէութիւնը ընդհատուեցին 2006-ի Հոկտեմբերի 7-ին՝ ճիշդ այնպէս, ինչպէս երեք ամիս յետոյ ընդհատուեց մեր Հրանդ Տինքի կեանքը՝ 2007-ի Յունուարի 19-ին։ Եւ այդ երկու սպանութիւնները առիթ տուեցին 2007-ի Յունուարի 25-ին Սթրասպուրկում Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) մի զեկոյցում յիշատակել Պոլիտկովսկաեայի եւ Տինքի անունները որպէս լրագրողների, որոնք կեանքով վճարեցին իրենց կարծիքը ազատ արտայայտելու համար։
Երբ Սովետական Միութիւնը կազմալուծուեց, ապա արդէն նախկին Սովետ Միութեան տարածքում ամէն կողմ դաժան պատերազմեր բռնկուեցին։ Ի՞նչ գիտենք մենք առաջին եւ երկրորդ չեչէնական պատերազմների մասին։ Աննան այն հազուադէպ, եզակի լրագրողներից էր, ով գնում էր իրադարձութիւնների հետեւից։ Լրագրողական հետաքննութիւններ էր անում։ Աննայի շրջապատը, ընկերուհիները նրան ասում էին, թէ ինչի՞ է նրան պէտք այդ պատերազմը, ինչո՞ւ է նա մտնում է այդ ամէնի մէջ, Չեչնեայ է մեկնում ամէն անգամ։ Ուզում էր սեփական աչքերով տեսնել, թէ ինչ է այնտեղ կատարւում։ Դրա պատասխանը ես կտամ հետեւեալ կերպ. կան մարդիկ, ովքեր իրենց մարդ են զգում ուտելով, վայելելով կեանքի վայելքները եւ այն ամէնն, ինչ կարելի է փողով գնել…բայց կան նաեւ մարդիկ, ովքեր միշտ նրանց կողքին են, ովքեր իրենցից աւելի վատ վիճակում է գտնւում, իսկ դրա մասին ոչ ոք նոյնիսկ տեղեկութիւն չունի…Ահա այդպիսին էր Աննա Պոլիտկովսկաեան։ Նա նոյնիսկ խոստովանում էր, որ իր ճշմարտութիւնը պէտք չէ Ռուսաստանում ապրող մարդկանց համար։ Բայց նա առանց երկմտանքի եւ երկիւղի գնում էր իրադարձութիւնների հետքերով, գրում Չեչնեայի խաղաղ բնակչութեան խոշտանգումների, կորածների մասին։ Դեռ աւելին՝ չեչէն մայրերը նրան պատմում էին այնպիսի դաժան բաներ, որոնք չէր կարող լսել անգամ քահանան։ Սակայն ի՛նչ կեղտոտ բաներ էին տարածում նրա գործունէութեան առթիւ. թէ իբր նրան դրսից ֆինանսաւորում են, որպէսզի նա իշխանութիւնները քննադատի, սուտեր յօրինի նրանց մասին։ Բայց միւս կողմից ասում էին, որ նա պաշտպանում էր անպաշտպաններին։ Վերջի վերջոյ այն լրագրողը, որին առաջնորդում է սեփական խիղճը, դառնում է իրաւապաշտպան, ում դիմում են որեւէ պաշտպանութիւնից զուրկ մարդիկ։ Եւ այստեղ է երեւում տպագիր խօսքի ուժը։ Այդ մասին նշեց գերմանական «Die Welt» թերթը. «Պոլիտկովսկաեան հանդէս էր գալիս որպէս կենդանի փաստ, թէ ի՛նչ եզակի իշխանութեամբ է տիրապետում տպագիր խօսքը»։ Չգիտեմ դա զուգադիպութիւն է թէ ոչ, բայց Աննան սպաննուեց Փութինի ծննդեան օրը՝ Հոկտեմբերի 7-ին՝ իր շէնքի վերելակի մէջ, իսկ Պուտինը որպէս երկրի առաջին դէմք, ով պատասխանատու էր Չեչնեայում կատարուող բռնութիւնների համար, յայտնեց, որ այդ սպանութիւնը ուղղուած էր պետական իշխանութեան դէմ։ Ինչ է ստացւում. Աննային գնդակահարում են իր մասնագիտական գործունէութեան համար, այ բանի պատճառով, որ նա քննադատում է իշխանութիւնները՝ ՌԴ-ն եւ Չեչնեայի, իսկ Փութինը յայտարարում է, (ամէն բառը կշռադատելով), որ «Այդ լրագրողուհին իրօք որ եղել էր գործող իշխանութեան սուր քննադատը, բայց, կարծում եմ, որ լրագրողները պիտի դա իմանան, որ նրա ազդեցութեան աստիճանը քաղաքական կեանքի վրայ եղել էր ծայրաստիճան աննշան…» Հասկացա՞ք։
Սպանութեան կազմակերպիչներին եւ կատարածուներին գտել են, բայց կարեւորը պատուիրատուներն են։ Պոլիտկովսկաեայի ընտանիքի փաստաբանը համոզուած է, որ ներկայիս իշխանութիւնները պիտի փոխուեն, որպէսզի յայտնի դառնան նաեւ պատուիրատուները