dzovinarlok@gmail.com
Ինձ համար կինօֆառատօնը դա առաջին հերթին բուն ֆիլմերն են եւ հանդիպումները ռեժիսորների հետ։ Այս տարի ես տեսայ հազուագիւտ մարդու, ով երբեւէ ապրել է երկրագնդի վրայ։ Դա մոլտովահայ ռեժիսոր Արթուր Արիստակիսեանն էր։ Նրա տարօրինակ ֆիլմեր - առակները «Ափերն» (1993) ու «Տեղ երկրի վրայ» (2001) ապշեցնում են առաջին հերթին ռեժիսորներին, որոնցից մէկը մեքսիկացի Քառլոս Ռեյգադասն էր։ Նրանք հեռուից հեռու միմեանց հաւանում էին, ի վերջոյ հանդիպեցին «Ոսկէ Ծիրան» փառատօնին։ Երկու այդքան տարբեր ու զարմանալի կինօ ստեղծողներ, իսկ նրանց հանդիպումը, որը ուղղուած էր հանդիսատեսին, լրագրողներին եւ երիտասարդ կինօ յանդգնողներին, անկրկնելի պահեր պարգեւեց, որոնք որպէս նստուածք մնալու են գիտակցութեան մէջ։
Արիստակիսեանը հայազգի էր, թէպէտ իր ազգային պատկանելիութիւնը չէր զգում։ Չգիտեմ, գուցէ փառատօնային այցը ինչ-որ կերպ արթնացներ իր մէջ հային։ Ժամանակին ռուս գրող (ազգութեամբ հրեայ եւ հայ) Դովլատովը, որը նոյնպէս զուրկ էր իր ազգային ինքնութեան զգացողութիւնից, հանդիպել էր Հրանդ Մաթեւոսեանին եւ ձեւով մը զգացել էր իր կապը Հայաստանի հետ, քանզի ի տարբերութիւն Դովլատովի Մաթեւոսեանը տառապում էր Հայաստանի ցաւով։ Արիստակիսեանին հետաքրքրում էին բոլորովին տարբեր հարցեր։ Երեք տարի նա տնից դուրս չէր գալիս՝ գրում էր։ Ֆիլմ չէր նկարահանում։ Ասում է, որ ֆիլմ նկարահանելու համար նա կրկին պիտի մտնի այն վայրի վիճակը, երբ նա ոչինչ չգիտէր։ Բացի այդ սիրում էր աշխատել ժապաւէնով։ Նրա համար կինոյի գլխաւոր հերոսը ժապաւէնն էր. չլինէր ժապաւէնը, չէին լինի նրա երկու ֆիլմերը, որոնք զարմացնում էին բոլորին բազմաթիւ փառատօններում։ Սեւ-սպիտակ ժապաւէնի մէջ շատ գոյներ կան. դրանք չես տեսնում, բայց զգում էր։ Արիստակիսեանը նման չէ ոչ ոքու։ Նա այցելում է գերեզմանատները եւ նայում շիրիմներին տեղադրած լուսանկարներում հանգուցեալների դէմքերին. նրանք ողջ էին, երբ լուսանկարւում էին, բայց այստեղ նրանք դերասաններ են մահուան թատրոնում։ Արթուր Արիստակիսեանը խօսում էր բաներից, որոնք բացատրել հնարաւոր չէր։ Եւ եզրակացրեց, որ ճշմարտութիւնը բառերով ասել հնարաւոր չէ...
Մի ռուսական ֆիլմ ցուցադրուեց՝ «Մարդ, որը զարմացրեց բոլորին»։ Ֆիլմը շատ մրցանակներ էր ստացել կինօփառատօններում։ Տարօրինակ ֆիլմ էր։ Գիւղում մի անտառապահ իմացաւ, որ անբուժելի հիվանդ է եւ նրան մնացել է 2 ամիս կեանք…Կինը սարսափեց, գիւղացիներից գումար սկսեց հաւաքել, որպէսզի լաւագոյն բժիշկը ամուսնուն զննի։ Բժիշկը վճռեց, որ անյոյս է։ Այս անգամ շամանի օգնութեանը դիմեց։ Ապարդիւն էր։ Եւ ահա ֆիլմի հերոսը գնաց չափազանց տարօրինակ քայլի. նա կանացի զգեստ հագաւ, կանացի կօշիկներ, շպարուեց եւ այդ տեսքով ներկայացաւ տնեցիների եւ համագիւղացիների առջեւ։ Հետաքրքիրն այն էր, որ ո՛չ միայն գիւղը չընդունեց նման փոխակերպումը, այլ նաեւ մեր հայ հանդիսատեսներից շատերը։ Ընկերուհիս, օրինակ, պահանջեց, որպէսզի մենք իսկոյն լքենք դահլիճը։ Բայց ես հասկացայ, որ հերոսը, որին մնացել էր երկու ամիս եւ նա պիտի հանգչէր, որոշեց մի այնպիսի քայլի գնալ, որպէսզի մահը խաբուած իրէն զգայ։ Նրան ահաւոր ստորացնում էին, ծեծում եւ նոյնիսկ բռնաբարեցին…Սակայն այդ նրան չէին ստորացնում, այլ՝ հիւանդութեանը։ Նրան չբռնաբարեցին, այլ՝ հիւանդութեանը։ Եւ հիւանդութիւնը չդիմացաւ ու լքեց նրան։ Անտառապահը ապաքինուեց։ Աւարտեմ այս իմ գրութիւնը Արթուր Արիստակիսեանի խօսքով. «Արուեստը ոչ մի կապ չունի բարոյականութեան հետ»։ Այնպէս որ, ինչպէս ասում էր մեր վարչապետը եւ այդ նրա խօսքը մտաւ գործածութեան մէջ. «Հանգիստ նստէ՛ք տեղերդ»։