dzovinarlok@gmail.com
Այս տարի տեղի ունեցաւ սերնդափոխութիւն կինօփառատօնի ղեկավար կազմի մէջ։ Մի փոփոխութիւն եւս տեղի ունեցաւ. «Հայկական համայնապատկեր» ծրագիրը փոխարինուեց «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրով։ Այսինքն եթէ նախկինում կարելի էր տեսնել լաւ վաւերագրական եւ վատ խաղարկային ֆիլմեր, ապա այժմ դրանք սպառուել էին եւ չէին կարող առանձին ծրագիր կազմել։ Բացակայում էին նաեւ բազմաթիւ հայ ռեժիսորներ, որոնց կարելի են տեսնել այս ծիրանավառ Յուլիսեան փառատօնին։ Հայկական կինոյի դաշտը ամայացել էր։ Մեր փառատօնը հիւրընկալում էր շատ հետաքրքիր տարածաշրջանային կինօ՝ Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, նոյնիսկ մի ֆիլմ կար Ատրպէյճանից։ Ֆիլմը վաւերագրական էր եւ պատմում էր մոլոկանների մասին։ Հայաստանում էլ կան մոլոկաններ որպէս ազգային փոքրամասնութիւն։ Նրանք ռուսներ են, բայց ռուսների մէջ կրօնական փոքրամասնութիւն են համարւում եւ 2 դար առաջ արտագաղթեցին Ռուսաստանից։ Անշուշտ, եթէ Ատրպէյճանը փաստացի պատերազմի մէջ է Արցախի եւ Հայաստանի հետ եւ տառապում է հայատեացութեամբ, ապա մենք կարող էինք հրաժարուել ընդգրկել ատրպէյճանցու ֆիլմը մեր փառատօնում։ Բայց հայերը ազերիներ չեն, միայն 12 երիտասարդներ՝ զոհուած հերոսների լուսանկարները ձեռքերնին շարուեցին «Մոսկուա» կինօթատրոնի առջեւ ի բողոք ֆիլմի ցուցադրմանը։ Այսքանը։ Պարզ է, որ ֆիլմը պարտադրել էին ընդգրկել Արեւմուտքի ճնշման ներքոյ, ինչպէս նաեւ վրացական «Հասարակութեան գերին» կարճամեթրաժ ֆիլմը մի տրանսգենտերի մասին, որը տանից դուրս չէր գալիս, որովհետեւ հասարակութիւնը նրան չէր ընդունի։ Ֆիլմը, որի դիտումն անգամ շատերը ամօթ էին համարում, այնուամենայնիւ շահեց կարճամեթրաժ ֆիլմերի մրցոյթում «Արծաթէ Ծիրան»։ Լիամեթրաժ ֆիլմերի «Արծաթէ Ծիրան»ը շնորհուեց ռուսական «Լողլող»ը ֆիլմին (լողլող նշանակում է բարձրահասակ, բայց հեգնական իմաստով)։ Ֆիլմը շօշափում էր երկրորդ աշխարհամարտի, սովետական լեզուով ասած հայրենական մեծ պատերազմի, մինչ այդ չհնչեցրած թեման. ռազմաճակատ մեկնած կանանց մասին…
Իսկ «Ոսկէ Ծիրան»ը ստացաւ բրիտանական «Ռէյ եւ Լիզ» ֆիլմը (ռեժիսոր Ռիչարտ Բիլինգհեմ)։ Կարճամեթրաժ ֆիլմերի մրցոյթում «Ոսկէ Ծիրան»ի արժանացաւ իրանական «Վարորդական դասեր» ֆիլմը։ Թուրքական եւ իրանական կինոյի երկրպագուներ կային, որոնք դիտում էին թուրքական եւ իրանական ֆիլմերը մէկը միւսի հետեւից…Վրացական կինօն յաջող անցաւ ետխորհրդային շրջանը եւ յաղթանակած դուրս եկաւ։ Միշտ հիացնում են մեզ վրացիները։ Գտել են պարզ պատմողական կինօոճ։ Թինաթին Քաջրիշուիլիի «Հորիզոն» ֆիլմը ուղղակի ցնցեց բոլորին։ Այն արժանացաւ FIPRESCI մրցանակի, ինչպէս նաեւ «Հրանդ Մաթեւոսեան» հիմնադրամի մրցանակի՝ լաւագոյն սցենարի համար։ Սա միակ ֆիլմն էր, որը հասցրեց հանդիսատեսին կատարսիսի՝ ցնցումի։ Ֆիլմից յետոյ ուզում էիր առանձնանալ մի անկիւնում եւ արտասուել։ Ֆիլմը հիմնուած էր Գիօ անունով տղամարդու հոգեվիճակի վրայ. Նրանից բաժանուեց կինը, որը վերցրեց երկու զաւակներին եւ ամուսնացաւ աւելի ունեւոր մի տղամարդու հետ։ Գիօն իրեն պատուազուրկ զգաց եւ մեկուսացաւ հեռու գտնուող մի վայրում՝ լճափին։ Կինը հրաւիրեց նրան տեսակցելու զաւակների հետ, իսկ նրա նոր ամուսինը նոյնիսկ առաջարկեց միասին ֆութպոլ դիտել, կարծես ոչինչ չի պատահել եւ դա նորմալ է, որ նախկին եւ ներկայ ամուսինները միասին կարող են զուարճանալ։ Գիոյի պատիւը այնքան էր նսեմացուել, որ նա պարզապէս ընկաւ ու մեռաւ։ Պատիւ չհերիքեց ապրելու համար։ Սակայն երբ նրա կինն ու ամուսինը եկան նրա մարմնի հետեւից, մի կին, որը միշտ Գիոյի հագուստն էր լուանում, թոյլ չտուեց, որպէսզի մարմինը տեղափոխեն Թիֆլիսի, ասելով, որ նա պատրաստւում էր իր հետ ամուսնանալ եւ ընդմիշտ մնալ այստեղ։ Այսպիսով կինը փրկեց Գիոյի ոտնահարուած պատիւը։ Ֆիլմի հերոսի դերը կատարեց Գիորգի Բոչորիշուիլին։ Այս ֆիլմից յետոյ հնարաւոր չէր որեւէ ուրիշ մի ֆիլմ դիտել, բայց «Ոսկէ Ծիրան»ը մի ֆիլմի փառատօն չէր եւ ֆիլմերի ցուցադրութիւնը շարունակուեց։
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միութեան մրցանակ ստացաւ Արման Յարութիւնեանը «Դեկտեմբեր» ֆիլմի համար։ IFCA-ի մրցանակ ստացաւ Արթուր Սուքիասեանի «Վէրք» ֆիլմը, Հատուկ յիշատակումի արժանացան Լիլիթ Պետրոսեանի «Բայինա» եւ Հայաստանի ազգային կինօակադեմիայի ժիւրիի մրցանակ՝ Արուսեակ Սիմոնեանի «Իմ Նոր Տարին» ֆիլմերը։ Այս հայկական ֆիլմերը կարճամեթրաժ էին, կրկնում եմ, ոչ մի լիամեթրաժ հայկական ֆիլմ չի մասնակցել փառատօնում։ Ամէն փառատօնին Շառլ Ազնաւուրի հրապարակում նոր պատուոյ աստղեր են տեղադրւում. այս տարի երեք աստղերով համալրուեց հրապարակը՝ Բագրատ Յովհաննիսեանի, Արման Մանարեանի եւ Գենադի Մելքոնեանի…Ժամանակն է, որ անցեալը պատուելով հանդերձ ունենանք նաեւ նոր կինօ, որն ընդունակ կը լինի մասնակցել ոչ միայն մեր, այլ նաեւ աշխարհի միւս միջազգային փառատօններում։