dzovinarlok@gmail.com
Նախորդ թիւի մէջ ես հիանում էի Աշոտ Յակոբեանի «Եւ ուրեմն…» ներկայացումով, սակայն ինչի՞ մասին էր ներկայացումը, այդպէս էլ չասացի, մինչդեռ չափազանց կարեւոր էր պիէսի բովանդակութիւնը, որովհետեւ այն մեր մասին էր, մեր յեղափոխութեան, որն աշխարհում իր նախադէպը չէր ունեցել, սակայն մէկ տարի անց կորցրեց իր հմայքն ու ոգեւորութիւնը։ Դեռ աւելին, իրենք իրենց չափազանց խելացի համարողները այս յեղափոխութիւնը դիտարկում են որպէս համաձայնութիւն Սերժ Սարգսեանի եւ Նիկոլ Փախինեանի միջեւ, ասելով, իբր սա թատրոն էր, որի բեմադրողը Սորոսն էր։ Եւ ահա բեմ է բարձրանում մի ներկայացում, որտեղ մեզ առաջարկում են այս ամէնին նայել արուեստագէտի տեսանկիւնից։ Իսկ դա հայեացք է վերեւից։ Սակայն ասելով արուեստագէտ, ի նկատի ունեմ այն տեսակ արուեստագէտի, ով կանգուն մնաց այս դժուարին ժամանակներին, երբ արուեստը գահավիժեց եւ մենք՝ ապշելով ու զայրանալով, հասանք վերջապէս այն հանգրուանին, երբ սկսեցինք հաշտուել ցածորակութեան, անճաշակութեան հետ։ Արուեստագէտին, ով զայրանում էր անգրագէտ նկարահանուած ֆիլմի, ցածորակ քաղաքային քանդակի կամ թատերական ներկայացման առթիւ, հակաճառում էին, որ ճաշակին ընկեր չկայ։ Այո, եթէ խօսքը գնում է ձմերուկի կամ ծիրանի նախընտրութեանը, ապա այդ ճաշակին ընկեր չկայ, բայց արուեստում ճաշակը պիտի ձեւաւորուի իսկական արուեստագէտի կողմից, ինչպէս ասել է մեծն Պարոյր Սեւակը.
«Ճիշդ է, որ ժողովուրդն է բոլոր բարիքների ստեղծողը, ամէն բան նրանից է գալիս, ամեն բան նա է տալիս, բացի թերեւս… ճաշակից։ Արուեստի մէջ առաջնորդուել ժողովրդի ճաշակով՝ նշանակում է չծառայել ժողովրդին, որովհետեւ արուեստագէտը, որ նոյն ժողովրդի զաւակն է, ժողովրդի հանդէպ ամենից առաջ ունի մէկ պարտաւորութիւն՝ նրա ունեցած ճաշակը յղկել, նոր ճաշակ ներշնչել նրան։ Արուեստագէտի սրբազան պարտքն է բոլոր հնարաւոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դէպի արուեստը եւ ոչ թէ արուեստն իջեցնել միայն ժողովրդի մակարդակը…»։
Նրանց, ովքեր սիրում են իրենց գործը, կոչումը, վերջապէս, հայրենիքը, ասում են նուիրեալներ…Ինչո՞ւ։ Որովհետեւ՝ ծառայելով անշահախնդիր իրենց կոչումին, կարող են սոված մնալ, անօթի։ Աշոտ Յակոբեանն էլ ինչ-որ մի պահ շեղուեց իր կոչումից եւ մեկնեց ԱՄՆ, բայց յետոյ վերադարձաւ եւ այլեւս չդաւաճանեց ինքն իրէն։ Նա հաւատարիմ մնաց իր սիրոյն, որն էր թատրոնը։ Այո, այսօր բեմադրւում են ներկայացումներ, որոնց մակարդակը խիստ իջեցուած է, եւ դա բացատրում են նրանով, թէ իբր ժողովուրդը դա է սիրում։ Հաճոյանում են հանդիսատեսի առջեւ։ Նայէ՛ք, դիտէ՛ք, ծիծաղէ՛ք, մենք ամէ՛ն ինչ կանենք, որպէսզի դուք զուարճանաք եւ բարձր տրամադրութեամբ այստեղից գնաք։
- Ո՛չ, ասում է ռեժիսոր Աշոտ Յակոբեանը,- ոչ թէ տրամադրութիւնը պիտի փոխուի, այլ՝ ինքը։ Իսկական արուեստի նպատակը դա է։
Յեղափոխութեան նման է, որը փոխում է ամէն ինչ։ Կինոյում դա ցոյց տուեց Փիեռ Փաոլօ Փազոլինին իր «Թեորեմա» (Teorema) ֆիլմում, որտեղ մի հիւր է յայտնւում ընտանիքում եւ նրա ազդեցութեան տակ ընտանիքի անդամները արդէն չեն կարող ապրել նախկինի պէս։ Գրականութեան մէջ Տոսթոեւսկին կերտեց իշխան Միշկինի հզօր կերպարը՝ «Ապուշ» վէպում։ Նա մէկն էր, ով ոչ ոքու չէր դատում, այլ սիրում էր։ Քրիստոս էր, եւ նրա հետեւից «ապուշ» գոռացին։ Միշկինին պէտք չէր հարստութիւն, բարեկեցութիւն. նրան միայն պէտք էր, որ մարդիկ երջանիկ լինէն։ Աշոտ Յակոբեանը կանգ առաւ Ֆրանսիս Վեպերի «Ընթրիք ցանցառի հետ» պիեսի վրայ, որը փոխադրեց, յարմարեցրեց հայկական իրականութեանը եւ այն դարձաւ «Եւ ուրեմն…» ներկայացում։ Ամէն չորեքշաբթի բարձր խաւի ներկայացուցիչների մի խումբ զուարճանում են՝ ընթրիքի հրաւիրելով որեւէ յիմարի։ Ո՞ւմ յիմարը լինի ամենայաջողը, նրան մրցանակ կը շնորհուի։ Մեր «ազնուական» խաւը դա նախկին քաղաքական վերնախաւի ներկայացուցիչներն էին, որոնք ապրում էին այնքան ճոխ, որ ունէին կերպարուեստի թանկարժէք գործեր, կին եւ սիրուհի եւ այլն։ Ահա յայտնւում է «հիմարը»՝ Համբիկ Աստուածատրեանը (վաստակաւոր արթիսթ Վարուժան Մանուկեան), եւ՝ տեսնելով Ղահրամանովին (դերասան Իշխան Ղարիբեան), որը իշիազի ցաւից չի կարող շարժուել, փորձում է օգնութիւն ցուցաբերել, միջամտելով նրա անձնական խնդիրներին։ Շուտով Ղահրամանովի կեանքում ամէն ինչ խառնւում է իրար, իսկ Աստուածատրեանը, փորձելով շտկել իրավիճակը, աւելի է բարդացնում այն։ Անցանկալի գաղտնիքներ են ջրի երես գալիս։ Թագնուած ճշմարտութիւններ։ Եւ այդ ճշմարտութիւններից մէկն այն է, որ անսահման բարութիւնը մարդիկ ընկալում են որպէս հիմարութիւն, ապուշութիւն եւ իրենց ծաղրանքի թիրախը դարձնում։ Վաղուց չէի տեսել բեմի վրայ նման զսպուածութիւն, չափի զգացողութիւն, ու թէեւ չափազանց ծիծաղելի էր, բայց չէր իջնում վուրգարութեան մակարդակի։ Դերակատարուհիներ Աննա Մանուչարեանն ու Մարիաննա Ղազարեանը հոլիվուտեան չափանիշների գեղեցկուհիներ էին, բայց ոչ մի վայրկեան ի ցոյց չէին դնում իրենց գեղեցկութիւնը։
Վերջում Աշոտ Յակոբեանը ցանկացաւ, որպէսզի իր հերոսը՝ Համբիկ Աստուածատրեանը արտասանի կատակերգու Լեոնիտ Ենգիբարեանի տողերը.
«Հէնց այնպէս, առանց պատճառի մի՛ նեղացրէք մարդուն։ Դուք այնպիսին էք, ինչպիսին նա։ Խնայէ՛ք իրար, մարդիկ…»։
Աշոտ Յակոբեանի երազանքը «Համլետ»ն է եւ դա հասկանալի է, քանզի չկայ ռեժիսոր առանց Շեքսփիրի եւ իր «Համլետ»ի։
«Համլետ»ը պէտք է բեմադրել բոլոր ժամանակներում, որպէսզի մարդիկ իմանան միակ ճշմարտութեան մասին. կեանքը ունի միայն «Լինել թէ չլինել»-ու խնդիր, այլ ոչ թէ «ունենալ թէ չունենալ»ու։