dzovinarlok@gmail.com
Ճշմարտութեան պահանջը մարդու ամենամեծ պահանջներից է։ Մեր երկրում թատրոնի ոսկէ դարը դա այն շրջանն էր, երբ չկար ոչ մի ուրիշ ճշմարտութիւն բացի գեղարուեստական ճշմարտութիւնից։ Հեռուստացոյցը որպէս լրատուամիջոց անխնայ ստում էր եւ միայն դասական գրականութիւնն ու թատրոնը չէին խաբում։ Սերիալները դեռ չէին մտել հայկական մշակոյթ, բայց հեռուստածրագրերից առանձնակի տեղ էր գրաւում հեռուստաթատրոնը։ Ինչ բախտաւոր էինք։ Նայում էինք հեռուստացոյցով բեմադրած ներկայացում եւ կրթւում էինք, դաստիարակւում։ Դասական ճաշակ էր ձեւաւորւում։ Սակայն այդ երանելի ժամանակները անցան անվերադարձ։ Մնացին ոսկէ յուշերը եւ…բեմադրողները։
Իմ այսօրուայ հերոսը Աշոտ Յակոբեանն է։ Ճանաչելով նրան երկար տարիներ, իմանալով, որ նա մասնագիտութեամբ ռեժիսոր- դերասան է, բեմադրութիւններ է իրականցրել հեռուստատեսութեամբ եւ ռատիոյով, դասաւանդել է ռեժիսուրա եւ դերասանի վարպետութիւն, ես նրա տաղանդն այնուամենայնիւ բացայայտեցի միայն այս տարի՝ յունիսի 10-ին, երբ թատրոնի բեմում դիտեցի նրա բեմադրած «Եւ ուրեմն…» ներկայացումը։ Հիմքում «Ընթրիք ցանցառի հետ» պիեսի սիւժէն էր։ Պիեսի հեղինակը Ֆրանսիս Վեպերն էր, որը նաեւ համանուն ֆիլմ նկարահանեց իր սցենարով, հանճարեղ մի կատակերգութիւն, արժանացած «Սեզար» մրցանակի լաւագոյն սցենարի եւ յարմարակումի (adaptasyon) համար, ինչպէս նաեւ տղամարդու լաւագոյն գլխաւոր եւ երկրորդ փլանի դերերի համար (Ժաք Վիլրէ եւ Դանիէլ Փրեւօ)։ Համացանցի դարում ենք ապրում, եւ ես հետաքրքրուեցի Ֆրանսիս Վեպերի մասին։ Կրկին բացայայտում արեցի. պարզեցի, որ այն ֆիլմերը, որոնք ես դասում էի որպէս ամենահմայիչ կատակերգութիւններ, երբեւէ ստեղծած մարդկութեան կողմից, օրինակ «Ձախողակները» (Փիեռ Ռիշար եւ Ժերար Դեփարդիէ), «Խաղալիք», «Հայրիկներ» (կրկին Տեփարտիէ եւ Ռիշար) եւ շատ ուրիշ կատակերգութիւններ, բեմադրել է Ֆրանսիս Վեպերը։ Երկրորդ բացայայտումս եղաւ նրա հայ-հրեական ծագումը (հայրը՝ հրեայ, մայրը՝ հայ)։ Այդ մասին նա խոստովանել է հետեւեալ կերպ. «Հայ-հրէական արիւնն առանձնակի դրոշմ է թողնում իմ ֆիլմերի վրայ, դրանցում էրոտիկ տեսարաններ երբեք չեն լինում, ես միշտ շփոթւում եմ, երբ տեսնում են, թէ մարդիկ ինչպէս են սէր անում։ Իսկ ընդհանրապէս ես նախընտրում եմ ցոյց տալ փոքր մարդու յաղթանակը»։ Աւելի նուրբ, աւելի խորաթափանց, աւելի բարձրաճաշակ արուեստ կինօկատակերգութեան ժանրում դժուար է գտնել։ Չգիտեմ, ինչպէս կը դիտէի նրա ֆիլմերը, եթէ տեղեակ լինէի նրա ծագման մասին։ Ինչպէս կը դիտէի նաեւ Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքեանի) ֆիլմերը, եթէ գիտնայի նրա հայկական ծագման մասին, սակայն նրանց ծագումը մեծ ազդեցութիւն կթողնէր պատանիների վրայ, որոնք ընտրում էին կինօն որպէս կեանքի գլխաւոր գործ։ Վեբերի «Ընթրիք ցանցառի հետ» պիեսը մեծ տարածում գտաւ աշխարհով մէկ եւ վերջապէս պարարտ հող գտաւ մեր թատերական իրականութեան մէջ։ Փայլուն տիրապետելով սիթքոմ (situation comedy) ժանրին, այսինքն կատակերգութիւն ըստ իրավիճակի, Աշոտ Յակոբեանը բեմադրեց մի ներկայացում, որը կարող է բաւարարել բոլորի սպասումներն անխտիր։ Ինչ տարիքի կամ խառնուածքի լինի հանդիսատեսը, նա անպայման կը ծիծաղէ։ Դեռ աւելին, ծիծաղը առաջ է անցնում գործողութիւնից, այսինքն հանդիսականը արդէն նախապէս պատրաստ է ծիծաղալ, կանխատեսելով զարգացումը։ Դա յաղթանակ է։ Դա արդէն նշանակում է, որ հանդիսատեսը գտաւ իր ռեժիսորին։ Եւ նրա անունը չի մնա անյայտ, ինչպէս դա լինում էր հեռուստա-ռատիօ բեմադրութիւնների կամ կինոյի ժանրում, երբ ուշադրութիւն էինք դարձնում դերակատարների անուանացանկին եւ անտեսում՝ ռեժիսորի անունը։ Նոյնիսկ թատրոնի այն ոսկէ դարում, որի մասին նշեցի, կարեւորը դերասանն էր, եւ թատրոն էին յաճախում յանուն դերասանի։ Նոր ժամանակներում ռեժիսորը անցաւ առաջին գիծ։ Այսօր հարցերի հարցն է «Ո՞վ է նախագծի հեղինակը»։ Իսկ դերասանական կազմը ընտրեց արդէն Աշոտ Յակոբեանը. վաստակաւոր դերասաններ՝ Վարուժան Մանուկեան եւ Գրիշա Բաղդասարեան, դերասաններ Գրիգոր Բաղդասարեան, Իշխան Ղարիբեան, Աննա Մանուչարեան, Արա Կարագեան, Մարիաննա Ղազարեան, Սուրէն Արուստամեան։
Միակ թերութիւնը այն էր, որ ներկայացումը յղկուած չէր, եւ դա ունէր իր պատճառները։ Աշոտ Յակոբեանը չէր հանդիսանում որեւէ թատրոնի ռեժիսոր, այլ ինքն իր նախաձեռնութեամբ էր իրականացրել բեմադրութիւնը, ուստի ամէն ինչի համար իր գրպանից էր վճարում, սկսած դահլիճի վարձակալութիւնից։ Ստացւում է, որ մի կողմից մենք ունենք թատրոններ, որոնք հետաքրքիր չեն իրենց կանխատեսելիութեամբ, իսկ միւս կողմից ունենք թատրոնից դուրս ռեժիսորներ, որոնք պատրաստ են իրենց միջոցներով ներկայացումներ իրականացնել։ Բայց ի՞նչ անէն, եթէ թատրոնը նրանց համար օդ, ջուր եւ արեւ է։
Յիշեցի թատրոնի հսկա Խօրէն Աբրահամեանին, որը Լիր արքայի նման՝ կորցնելով ամէն ինչ, կեանքի մայրամուտին այնպիսի թատերական պաշար էր կուտակել, որ այնտեղ, ուր ոտքը կոխում էր, պատրաստի թատրոն էր բուսնում, լինէր դա վարձակալած բեմ, որտեղ նա բեմադրութիւն էր իրականացնում, հեռուստատեսային տաղաւար, ուր նա հաղորդման հիւրն էր կամ պարզապէս փողոց, որով նա քայլում էր որպէս հետիոտն…