dzovinarlok@gmail.com
Որդուս հետ մտնում ենք շէնքի բակ եւ պատշգամբից լսւում է խօսակցութիւն արաբերէնով.
-Ես ինձ Եւրոպայում զգացի,-ասում եմ։
-Իսկ ես ինձ Աֆրիկայում,-պատասխանում է տղաս։
Սակայն դեռ չենք հասել Եւրոպայի այն բարեկեցութեան, որ արաբների կամ չինացիների զանգուածային ներգաղթ լինի դէպի Հայաստան։
Այսօր չկայ գէթ մէկ մարդ, ով չքննադատի վարչապետ Փաշինեանին։ Նրան քննադատելը դարձել է ամենահեշտ բանը Հայաստանում։ Բոլորն ու ամէնքը գիտեն, ինչ պէտք է անել, միայն նա չգիտի։ Վարչապետը սպասում է, որ օրէնքը ինքը աշխատի, բայց մարդիկ չեն հաւատում, որ առանց վարչապետի յեղափոխական միջամտութեան օրէնքը կ՚աշխատի։ Սակայն երբ թերահաւատներին ցոյց են տալիս նախկին գողապետութեան պարագլուխների պատկերները կամ կարծիքները, նրանք հաշտւում են «Նոր Հայաստանի» հետ…Տարօրինակ է, բայց մարդիկ վախենում են քաղաքական հանգուցեալներից։ Նրանք պարզապէս չգիտեն, որ ետդարձ չկայ եւ եթէ այսօր մէկը պիտի վախենայ, ապա դա պիտի լինի միայն նա, ով պետական թալանի շնորհիւ դարձաւ միլիոնատէր կամ (ինչն աւելի վախենալի է իր համար) միլիարդատէր։ Վախենալ կարելի է միայն գողութեան մասշտաբից։ Դրա փոխարէն չունեւորը վախենում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի վերադարձից դէպի իշխանութիւն։ Նրա մեծ փողերը զօրութիւն ունեն։ Եւ կարծում են, որ այդ փողերով նա ոչ միայն աջակիցներ կ՚ապահովի, այլ՝ ձայներ ընտրութիւններում, օրինակ։
Այժմ յեղափոխութեան մասին։ Յեղափոխութիւնը օդում կախուեց։ Քանզի օդում են կախւում յայտարարութիւնները, որոնց չեն հետեւում գործնական քայլեր։ Օրինակ, յայտարարւում է, որ պիտի յանձնաժողով ստեղծուի, որպէսզի բացայայտուի քառօրեայ պատերազմի (2016-ի Ապրիլի 1-4) հանգամանքները, որոնք պայմանաւորուածութեան, այսինքն պետական դաւաճանութեան տպաւորութիւն են թողել։ Ատրպէյճանի սանձազերծած յարձակման արդիւնքում աւելի քան 100 զոհ ունեցանք, տասնեակ վիրաւորներ, դիրքեր կորցրեցինք, 800 հա տարածք։ Ո՞վ պատասխանատուութիւն կրեց։ Ի հարկէ ողջունելի կլինէր պարզել քառօրեայի հանգամանքները, ինչպէս այժմ արւում է 2008-ի Մարտի 1-ի գործով, երբ հանրահաւաքը ցրելու ժամանակ 10 զոհ եւ տասնեակ վիրաւորներ ունեցանք եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք առաջադրուեց Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը տապալելու մէջ։ Սակայն երբ յայտարարութիւնից յետոյ ոչինչ չի ձեռնարկւում, ապա դա նմանւում է օդում պայթած փուչիկի։
Փաստօրէն յեղափոխութեան տեխնոլոգիային տիրապետելով, այս երիտասարդները չեն տիրապետում երկրի կառավարման տեխնոլոգիային։ Մարդիկ գանգատում են, որ չկայ գաղափարախօսութիւն։ Բայց վարչապետը Յունիսի 15-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան 5-րդ համաժողովին իր ելոյթում բացայայտում է իրենց քաղաքականութեան նպատակը։ Ուշադիր մտիկ անելով վարչապետի ելոյթը, կարելի է գալ հետեւեալ եզրակացութեան, որը կը փորձեմ ինքս ձեւակերպել. մենք իրականացրեցինք յեղափոխութիւն, այժմ դուք ինքնայեղափոխուէք։ Այո, ամէն տեղ դուք ինքներդ ինքնայեղափոխուէք. դատաւորներ, կաշառակերներ, օլիգարխներ։ Դարձէք այն անհատները, ովքեր ինքներն են փոխում իրենց կեանքը եւ այսպիսով փոխում երկրի կեանքը.
«Քաղաքական գաղափարախօսութիւնը հենուած է մի քանի հիմնական գաղափարի վրայ, որոնք արտայայտուած են կուսակցութեան ծրագրի մէջ։ Առաջին ամենակարեւոր գաղափարը՝ անհատի ազդեցութիւնը իրականութեան վրայ, անհատական վարքագծի եւ հանրային վարքագծի կապը։ Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատուածում գոյութիւն ունեցող իրականութեան համահեղինակ են հանրութեան բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները առանց բացառութեան»։ Ըստ Փաշինեանի պետութեան խնդիրն է՝ ապահովել քաղաքացիների բարեկեցութիւնը։ Ինչպէ՞ս։ Անհատական ջանքերի քաջալերման շնորհիւ։
Այս ելոյթից պարզ է դառնում, որ կրկին եւ կրկին կեանքի նպատակը դառնում է բարեկեցութիւնը, եւ քանի որ աւելի դիւրին է բարեկեցութեանը հասնել արդէն կայացած բարեկեցիկ երկրում, ուրեմն հայը իր բարեկեցութիւնը արագացնելու համար կը մեկնի Եւրոպա եւ ԱՄՆ։
Իսկ իմ գլխով հետեւեալ միտքն անցաւ. հայերը միշտ ձգտել են լաւ ապրել, մինչդեռ պէտք է ձգտել ճիշդ ապրել։