Թանգարանային գիշեր-2019
Անշուշտ կարելի է ցանկացած օր այցելել թանգարան, եւ ամբողջ տարին էլ բաւական չէ Հայաստանի թանգարաններն այցելելու համար, ուսումնասիրելով եւ վայելելով երկրի պատմութիւնը, հոգեւոր եւ նիւթական ժառանգութիւնը։ Բայց թանգարանային գիշերն ունի իր յատուկ գայթակղութիւնը։ Եւ այդ գայթակղութիւնն ամենեւին էլ մուտքի անվճար լինելու մէջ չէ, ի վերջոյ կան թանգարանների այցելուների համար անվճար օրեր։ Խնդիրը այդ մէկ օրուայ խանդավառութեան մէջ է, երբ ողջ մարդկութիւնը միանում է միասնական գիտակցութեանը, ինչպէս դա լինում է միայն Նոր տարուայ գիշերրը։ Տարբերութիւնը նրանում է, որ ամանորն ուղեկցւում է սեղանով, իսկ թանգարանային գիշերը՝ հոգեւոր անսպառ սննդով…
Այս անգամ ես ընտրեցի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Արթուր Մեսչեանի նախագծած շէնքը բաղկացած է համերգասրահից եւ բուն թանգարանից, որը ներառում է ութ սրահ։ Թանգարան գալուց ես մտածում էի, որ կը տեսնեմ Կոմիտասի ընկերների եւ ժամանակակիցների լուսանկարները եւ այսպիսով կզգամ իր ժամանակի մթնոլորտը, կը շնչեմ Կոմիտասի շնչած օդը։ Սակայն տեսածներս գերազանցեցին իմ բոլոր ակնկալութիւններս։ Ես տեսայ նրա հովանաւորներին, ուսուցիչներին, աշակերտներին։ Հիացայ, որ ընկերները հանդէս էին գալիս ոգեշնչողների անուան տակ եւ…ինչպիսի՜ դէմքեր։ Այսօր չկան նման դէմքեր։ Չեն կարող լինել։
Այն ամէնն, ինչ մարդն անում է, նրա դէմքի վրայ է գրւում։ Ստում է – սուտն է գրւում, գողանում է - գողութիւնն է գրւում, ամբողջ օրը դուրս չի գալիս խոհանոցից – դա է գրւում։ Երբ մարդ կարդում է, դէմքի արտայայտութիւնը փոխւում է։ Երբ մտածում է, օրնիբուն մտորում եւ այդ մտորումները վերաբերւում են իր ազգի կամ մարդկութեան ճակատագրի հարցերին – ապա մենք տեսնում ենք մտաւորականի դէմք։ Կար նաեւ ազնուականների դասը, որն ի սպառ արմատախիլ եղաւ յամենայնդէպս Խորհրդային Հայաստանում։ Հետաքրքիր է, որ մարդիկ միմեանց դիմելու քաղաքակիրթ ձեւից էին զրկուել։ Սկզբից դիմում էին «ընկեր», բայց երբ սկսուեցին ստալինեան շրջանի զանգուածային ձերբակալումները, ապա «ընկերը» կարող էր հետեւեալ օրը դատուել որպէս «ժողովրդի թշնամի» եւ գնդակահարուել կամ ուղղիչ-աշխատանքային գաղութ (ճամբար) ուղարկուել, այնպէս որ Ռուսաստանում, օրինակ, դիմում էին միմեանց «քաղաքացի» կամ «կին» եւ «տղամարդ» ձեւերով։ Այսօր մենք վերականգնել ենք «պարոն» դիմելաձեւը, սակայն, աւա՜ղ, ազնուազարմ դէմքի հմայքը այդքան դիւրին չէ վերականգնել, որովհետեւ այն յղկուել էր դարերի ընթացքում։
Ինչպէ՞ս կընթանար Կոմիտասի ճակատագիրը, եթէ նա չմեկնէր Պոլիս. այնտեղ նա անցաւ որպէս հայ եղեռնի միջով, իսկ այստեղ անխուսափելի էր քաղաքական եղեռնը, որից զերծ չմնաց ոչ մի չափից աւել ազգանուէր եւ տաղանդաւոր մարդ։
Դիտում էի Կոմիտասին պատկանող իրերը. դանակ-թղթահատը, Քիւթահիայում պատրաստած յախճապակէ սափորը, «Լոռուայ գութաներգ» երգի նոթագրութիւնը խառը խմբի համար, Ռիխարդ Շմիդտի մասնաւոր կոնսերվատորիայի աւարտական վկայականը՝ Ռ.Շմիդտի ստորագրութեամբ ու կնիքով, Կոմիտասի երեք սրինգները, Կոմիտասի «SchrՓder» մակնիշի համերգային դաշնամուրը, նուիրած Ալեքսանդր Մանթաշեւի կողմից, Կոմիտասի պատկերները նկարչութեան (Փանոս Թերլեմեզեան եւ Եղիշէ Թադեւոսեան) ու քանդակի մէջ (Արտօ Չաքմաքչեան), կրկին խմբակային լուսանկարները ընկերների հետ, որոնք ոգեշնչում էին արդէն ոչ միայն Կոմիտասին, այլ բոլոր այցելուներին եւ…սրահներում լսւում էր շարունակ Կոմիտասի ձայնը։ «Մոկաց Միրզա» դիւցազներգը։ Այնպէս, կարծես լսւում էր տարիների հեռուից։ Ծնուած Կոմիտասի կեանքի սիրահարուածութիւնից…