ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Նախորդ թիւի մէջ կանգ առանք Մայիսի 20-ին արած Փաշինեանի կոչի վրայ՝ դատարանների դրան մուտքերը փակելու վերաբերեալ։ Կոչը ուղղուած էր ժողովրդին։ Գործադիր եւ օրէնսդիր մարմինները փոխելով՝ ամիսներ առաջ վարչապետը կոչ էր ուղղել դատաւորներին, որպէսզի նրանք իրենց կամքով փոխուեն, սակայն դա արդիւնաւէտ չեղաւ։ Եւ վարչապետը Մայիսի 20-ի կէսօրին հանդէս եկաւ յայտարարութեամբ ու առաջին անգամ հայ հասարակութիւնը լսեց վեթինգ (vetting) բառը։ Այսինքն այսուհետ դատական համակարգի աշխատակազմը պիտի ենթարկուի ստուգման եւ տեղեկացնի ունեցուածքի ծագումնաբանութեան մասին։ Այս վճիռը ունեցաւ իր հետեւանքը։ Մայիսի 24-ին Բարձրագոյն Դատական Խորհրդի նախագահ Գագիկ Յարութիւնեանը հրաժարական տուեց։ Հրաժարականի դիմումում մասնաւորապէս ասուած էր.
«Նկատի ունենալով դատական իշխանութեան եւ դատաւորների առընչութեամբ ընթացող զարգացումները եւ այդ առիթով Մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտայայտած մտահոգութիւնները՝ այլեւս նպատակայարմար չեմ համարում իմ հետագայ աշխատանքը Բարձրագոյն դատական խորհրդի նախագահի եւ խորհրդի անդամի կարգավիճակներում։
Ձեզ մաղթում եմ հետագայ բեղմնաւոր գործունէութիւն՝ իրաւական պետութեանը պատշաճող անկախ դատական իշխանութեան կայացման գործում»։
Մինչ այդ Գագիկ Յարութիւնեանը 1996-2018 եղել էր Սահմանադրական Դատարանի նախագահ… Հրաժարականի դիմում ներկայացրեց նաեւ Գագիկ Յարութիւնեանի եղբայրը՝ Արզուման Յարութիւնեանը։ Նա զբաղեցնում էր 2010-ից Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի տեղակալի պաշտօնը։
Նրանց գործունէութեան մասին քաղաքագէտ Ռուբէն Մեհրաբեանը հետեւեալ կերպ արձագանգեց.
«Գագիկ Յարութիւնեանի եւ իր եղբօր աշխատանքն ամէնօրեայ ռեժիմով պարզապէս վիրաւորում էր այն ինչ կոչւում էր արդարադատութիւն եւ ազգային անվտանգութիւն։ Դա վիրաւորում էր մարդկային բանականութիւնը եւ առհասարակ մարդկութեան մասին բոլոր պատկերացումները Հայաստանի Հանրապետութիւնում։ Կարծում եմ նրանց հրաժարականը այսօր շնորհաւորելու լաւ առիթ է։ Բացի դրանից ԲԴԽ եւ Սահմանադրական Դատարան կոչուած հիմնարկը ամբողջ կազմով պիտի հրաժարական տան։ Խօսքը վերաբերւում է անձանց եւ կարծում եմ եռաստիճան դատական համակարգը բաւարար է։ Եթէ ունենք վճռաբեկ դատարան, էլ ինչո՞ւ է պէտք ՍԴ։ Ի՞նչ է նշանակում Բարձրագոյն Դատական Խորհուրդ բարձր աշխատավարձերով։ Յանուն ինչի՞։ Կոյրաղիք կազմակերպութիւնների կարիքը Հայաստանի Հանրապետութիւնը այլեւս չունի»։
Իսկոյնեւեթ սկսեցին հրապարակուել փաստեր դատաւորների դիզած միլիոնների մասին։
«Ես ինձ նուաստացած եմ զգում, որ սրանք կարող են իրենց փտած աղիքները եւրոպաներում բուժել, իսկ մենք ազգից փող ենք հաւաքում անօգնական երեխաների համար», - քաղաքագէտ Ստեփան Սաֆարեանի այս գրառումը արտայայտում է ամէնքի զգացմունքը դատական համակարգի «արդարադատների» մասին։ Հրապարակւում են, թէ որքա՛ն նուիրատուութիւններ են ստացել նրանք, եւ դա ոչ այլ է, քան կաշառքներ։
Բոլորը պահանջում են ունեզրկել ապօրինի հարստացածներին եւ վարչապետի յայտարարութիւնն այն մասին, թէ պիտի դիմենք վիրահատական միջոցների, փոխում է յեղափոխութեան թաւիշը վիրահատական դանակի։
Սովետական Միութիւնում հարստանալու միակ ճանապարհը պաշտօնն էր։ Պաշտօն ստանալու համար մեծ կաշառք էին տալիս։ Անկախ Հայաստանը ժառանգել էր հէնց այդ սովետական համակարգը։ Եւ դա բնական է, տարօրինակ կլինէր, եթէ ժառանգէր ամերիկեան արդարադատութեան համակարգը։ Վիրահատութիւնը ուղղուած է լինելու առաջին հերթին մտայնութեանը. այլեւս բարձր պաշտօնը չի դիտուելու որպէս մի ատեան, որի որոշումները «նուիրատուութիւնների» շնորհիւ պիտի նպաստաւոր լինէն։ Արդարութիւնը պիտի իրականութիւն դառնայ։ Նիկոլ Փաշինեանը հնարաւորութիւն տուեց դատաւորներին փոխուել, բայց պարզուեց, որ այս դատական համակարգը պատրաստ չէ ապահովել անաչառ դատավարութիւն նախկին նախագահի հանդէպ, որի միլիառները աւելի իրական ազդեցութիւն ունեն, քան իր գործած յանցանքները։ Մինչդեռ պետութիւնը կայանում է միայն այն դէպքում, երբ քաղաքացին վստահում է դատարաններին։
«Այս դատավարութիւնը ցոյց տուեց, որ այսօրուայ Հայաստանում, ինչպէս նաեւ ԵՏՄ- (Եւրասիական տնտեսական միութիւն) սահմաններում չկան պայմաններ նման դատ վարելու։ Այսպիսով ստեղծուեց վիճակ, երբ հիմնական խնդիրը դարձաւ դատական համակարգ ստեղծելը։ Նման ճանապարհով են ստեղծւում պետութիւնները։ Օրինակ, ԱՄՆ-ի այն տարածքները, որտեղ դատական որոշումները ընդունւում էին հանրութեան կողմից, ստանում էին նահանգի կարգավիճակ»,- ասաց քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանը։
Շատ հայաստանցիներ, որոնք այսօր բնակութիւն են հաստատել ԱՄՆ-ում, միահամուռ կերպով ապշած են մնում ԱՄՆ-ում գործող արդարադատութեան համակարգով եւ կապում են ընդմիշտ իրենց կեանքը այդ երկրի հետ։