dzovinarlok@gmail.com
Առաջ շարժուելու համար հարկաւոր է անցեալի մեղքերը քաւել։ Ո՞վ էր ասում, որ Ռոբերտ Քոչարեանը պէտք է ոտաբոպիկ Ս. Էջմիածին գնա՛ ու ապաշխարի… Բայց եթէ մարդը ընդունակ լինէր զղջալ, գիտակցել իր արարքները, արդէն յանցանք էլ չէր գործի։ Նա բացարձակ չի դիտում իր կալանաւորումը որպէս երկնքի պատիժ, այլ դիտարկում է դա որպէս քաղաքական վրէժխնդրութիւն։ Նայում ենք այդ մարդու կեցուածքին, նրա դէմքին արձանագրուած է միայն մորթապաշտի վախը։ Կեանքի ուղի է անցել, բայց դէմքի վրայ ոչինչ չի գրուել, միայն դատարկ տողեր են, թէեւ «Կեանք եւ ազատութիւն» ինքնակենսագրական գիրք է հրապարակել, որը պաշտպանութեան նախկին փոխ նախարար Վահան Շիրխանեանը բնութագրել է որպէս «ստերի հաւաքածու»։ Եւ հազիւ գոնէ մէկ մարդ գտնուի Հայաստանում, ով կարող է բարի խօսքով յիշատակել երկրորդ նախագահի կառավարած 10 տարիները։ Եթէ ինչ-որ մի խումբ նրան սատարում էր դատարանի դռան առջեւ եւ դահլիճում, ապա դա հանրութեանն անծանօթ վճարուած ամբոխ էր, որը ջանաբար վանկարկում եւ ծափահարում էր՝ ստացած վճարի դիմաց։ Յիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարեանի նախագահութիւնը (1998-2003 եւ 2003-2008) նշանաւորուեց սկզբից 1999-ին հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողութեամբ, երբ 5 ահաբեկիչներ մտան Ազգային Ժողով եւ գնդակահարեցին ութ հոգու՝ (ԱԺ նախագահ Կարեն Տեմիրճեանին, վարչապետ Վազգէն Սարգսեանին, հինգ պատգամաւորների եւ մէկ նախարարի), իսկ աւարտուեց 2008-ի մարտի1-ով, երբ տաս օր տեւացող շուրջօրեայ հանրահաւաքը ցրելու համար Ղարաբաղից 2000-ոց զօրք բերուեց եւ արդիւնքում սպաննուեցին 10 հոգի (երկու ոստիկան եւ ութ քաղաքացիական անձ)։ Չը հաշուած ծեծուածների եւ բանտարկուածների թիւը։ 1995-ից յետոյ բոլոր ընտրութիւնները Հայաստանում անցնում էին սոսկալի ընտրախախտումներով եւ ամէն մի յաղթանակից յետոյ ժողովուրդը հանրահաւաքներով բողոքարկում էր կեղծ ընտրութիւնները։ 1996-ի ընտրութիւններում յաղթեց Լեւոն Տէր-Պետրոսեանը, ժողովուրդը Վազգէն Մանուկեանի ղեկավարութեամբ դուրս եկաւ փողոց եւ հաւաքուեց Բաղրամեան 26-ում։ 2008-ին արդէն Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ կատարուեց նոյնը. ընտրակեղծիքների շնորհիւ յաղթեց Սերժ Սարգսեանը, իսկ նրա կողմնակիցները հաւաքուեցին Ազատութեան հրապարակում։ Անշուշտ, Վազգէն Մանուկեանը մարտի 1-ի կապակցութեամբ մեղադրում է ոչ թէ Ռոբերտ Քոչարեանին, այլ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանին։ Լսենք նրա կարծիքը.
«1996-ին մենք հատորներով ներկայացրեցինք ապացոյցներ, որ ընտրութիւնները կեղծուել են, իսկ 2008-ին ոչ մի ապացոյց չներկայացուեց, բայց Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարեց, որ նա հաւաքել է ձայների 65%-ը եւ պիտի դառնայ նախագահ, հակառակ դէպքում լուծարելու է պետութիւնը։ Ու լուծարման ընթացքը գնում էր. փորձ էր կատարւում ազդել բանակի վրայ, եւ այդ ընթացքը պէտք էր կասեցնել։ Իշխանութիւնը շահագրգռուած չէ ապակայունացնել երկրի իրավիճակը, իսկ ընդդիմութեանը դա երբեմն պէտք է գալիս։ Ես էլ եմ ապակայունացնել, իսկ իշխանութիւնը պարտաւոր է պետական կարգը պաշտպանել։ Քննութիւնը պէտք է սկսել ներքեւից, իսկ իրանք սկսել են վերեւից։ Ես կարծում եմ, որ սա անպտուղ գործ է։ Քաղաքականացուած»։
Երիցս Վազգէն Մանուկեանը կրկնեց, որ հետաքննութիւնը պէտք է սկսել ներքեւից. ով է կրակել, ով է հրամանը տուել…Սակայն երբ ողջ աշխարհի աչքի առաջ հինգ ահաբեկիչներ Հոկտեմբերի 27-ին մտան ԱԺ եւ գնդակահարեցին ութ հոգու,նախագահ Ռոբերտ Քոչարեանն քմծիծաղեց, որ եթէ կատարողները յայտնի են, ապա գտնել կազմակերպիչներին այնքան դիւրին է, որ նոյնիսկ գաւառական ոստիկանը կարող է դա անել։ Այժմ համացանցում վերյիշելով Հոկտեմբերի 27-ին յաջորդող 30-ի յուղարկաւորութիւնը եւ Ռոբերտ Քոչարեանի անզուսպ ժպիտը, բոլորը եզրակացնում են, որ այդ ժպիտը ապացուցում է նրա առընչութիւնը ահաբեկչութեան հետ։ Չգիտեմ, ինչ կապ ունի Քոչարեանը Հոկտեմբերի 27-ի հետ, բայց նրա ժպիտը ես կարող եմ բացատրել հետեւեալ կերպ. նախագահ Քոչարեանի կողքին յայտնուել էր վարչապետ Վլատիմիր Փուտինը (եկել էր ցաւակցելու) եւ Ռոբերտ Քոչարեանը չէր կարող այդ մօտիկութիւնից զսպել իր ցնծութիւնը, ուստի նրա ժպիտը ապացուցում էր, թէ ի՚նչ կարող է զգալ նուաստը մեծի առջեւ։ Մարդու, առաւել եւս երկրի ղեկավարի արժանապատուութիւնը չպէտք է կախուած լինի երկրի չափերից։ Արդէն երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յեղափոխութիւնից յետոյ հանդիպեց եւ զրուցեց Փութինի հետ որպէս հաւասարը հաւասարի հետ, Քոչարեանը շշմեց. «Ռուսաստանը այն երկիրը չէ, որի ղեկավարի հետ կարելի է նման կերպ խօսել»։ Այսինքն Ռոբերտ Քոչարեանը համարում է, որ երկրները հաւասար չեն, եւ կասկածի տակ դնում Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Բացի այդ բարձրագոյն պաշտօնը նրան իրաւունք էր տալիս հասարակ մարդուն վերեւից նայել եւ առհասարակ մարդու տեղ չդնել։ Դրա ապացոյցը եղաւ 2001-ի սեպտեմբերի 24-ի Վրաստանի քաղաքացի Պօղոս Պօղոսեանի սպանութիւնը “Առագաստ” սրճարանում, ուր Ռոբերտ Քոչարեանը գտնւում էր Շառլ Ազնաւուրի հետ, իսկ Պօղոս Պօղոսեանը յանդգնեց դիմել նախագահին «Պրիվետ, Ռոբ» ողջոյնով, որից յետոյ Քոչարեանը հրամայեց թիկնապահներին «Տարէք, սատկացրէ՛ք»։ Թիկնապահները տարան Պօղոսեանին պէտքարան եւ այնքան ծեծեցին մինչեւ մարդը մահացաւ։ 43 տարեկան էր։ Դատեցին միայն մէկ թիկնապահին եւ դատապարտեցին 1,5 տարով պայմանականօրէն։ Այդ մահը յաւերժ որպէս խարան մնաց Քոչարեանի ճիտի վրայ։ Այո՛, մենք փոքր երկիր ենք։ Գիւղի նման։ Եւ այդ փոքր գիւղում, որտեղ մարդիկ ճկռում էին աղքատութիւնից եւ ճչող անարդարութիւնից, բոլորի աչքի առաջ մէկ հոգի եկաւ աւելի փոքր գիւղից եւ ահռելի հարստութիւն դիզեց իր նախագահութեան օրով։ Շատ մեղադրանքներ կարելի էր առաջադրել Քոչարեանին։ Ներկայացուած է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու մէջ։ Դատավարութեան չորրորդ օրը նա կոպիտ ձեւով ընդհատեց ՀՀ-ն գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին. «Ձեր մեղադրականը իրաւական դաշտի հետ կապ չունի։ Ինչ ուզեմ՝ ասելու եմ եւ դու նստած լսելու ես»։
Այժմ մի մեծ ճեղք է առաջացել Հայաստանի եւ Արցախի միջեւ։ Իրականում ոչ թէ Արցախն էր Հայաստանի մարզը, այլ՝ Հայաստանն էր դարձել Արցախի մարզը, քանզի երկրորդ եւ երրորդ նախագահները այնտեղից էին։ Յեղափոխութիւնը չդպաւ Արցախին. այն մնաց Սերժ Սարգսեանի հովանու ներքոյ։ Եւ Արցախի նախկին եւ ներկայ նախագահների՝ Արկադի Ղուկասեանի ու Բակօ Սահակեանի երաշխաւորութեամբ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը փոխուեց եւ նա ազատ արձակուեց դատարանի դահլիճից։ Համբերութեան բաժակը լեցուեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը չէր ուզում կտրուկ միջոցներ ձեռնարկել եւ փոխել դատաւորներին, հնարաւորութիւն տալով նրանց իրենց կամքով փոխուել։ Սակայն այսօր, մայիսի 20-ին, առաւօտից ժողովուրդը կանգնեց դատարանների դռների առջեւ, որպէսզի արգելափակի մուտքը դատարան։ Պարզ դարձաւ, որ առանց դատական համակարգը, դատաւորներին փոխելու առաջ շարժուել չենք կարող։
Կէսօրին վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց այն, ինչ սպասում էինք յեղափոխութեան առաջին իսկ օրերից. որ եկել է պահը դատական համակարգում վիրահատական միջամտութիւններ իրականացնելու, որպէսզի խամաճիկային համակարգը դառնայ իրապէս անկախ, իրապէս անաչառ…