dzovinarlok@gmail.com
Նկարիչների Միութիւնում Մայիսի 1-9 տեղի ունեցաւ Քանդակի հանրապետական ցուցահանդէս։
Աւելի հետաքրքրական բան չկայ երեւի, քան դիտել տուեալ ժամանակաշրջանը արուեստի միջոցով։ Ո՛չ, արուեստը ուղղակի կերպով չի արտացոլում իր ժամանակը։ Արուեստի լեզուն անուղղակին է։ Դաժանագոյն ստալինեան ժամանակն, օրինակ, թողեց կինօարուեստում այնպիսի ֆիլմեր, որ դիտողը կարող է մտածել թէ ի՛նչ արդարութիւն էր տիրում երկրում։ Կամ ինչի՞ մասին էին վկայում Վերածննդի նկարիչների (14-16 դարերին) գործերը իրենց Վեներաներով եւ Քրիստոսի չարչարանքներով։ Նախորդ տարիների ղեկավարման անհեթեթութիւնները իրենց հետքը թողեցին նաեւ քանդակում։ Բերեմ ընդամէնը մի օրինակ. Սպանդարեանի հրապարակը, որը գտնւում է Երեւանի «3-րդ մաս» թաղամասում, վերանուանուեց Գարեգին Նժդեհի անունով, սակայն Սուրէն Սպանդարեանի արձանը (քանդակագործ Թադէոս Գէորգեան, ճարտարապետներ Լեւոն Գէորգեան, Գագիկ Յարութիւնեան եւ Վիտալի Գէորգեան) մնաց արդէն իր նախկին հրապարակում։ 2016-ին Գարեգին Նժդեհն էլ ունեցաւ իր արձանը (քանդակագործ Գագիկ Ստեփանեան, ճարտարապետ Ասլան Մխիթարեան), սակայն այն չտեղադրուեց իր անունը կրող հրապարակում, այլ կանգնեց Հանրապետական հրապարակին յարակից զբօսայգում։ Նախկին իշխանութիւնը (ՀՀԿ-ի իշխանութիւնը) դա բացատրեց նրանով, որ սա կեդրոն է, ուրեմն աւելի բանուկ է։ Ընդհանրապէս նախկին իշխանաւորները կեդրոնաձիգ մտահորիզոն ունէին. այն, ինչ կեդրոնից դուրս էր, նրանց հաւանութեանը չէր արժանանում…Այդ է պատճառը, որ Հին Երեւանը, որը Երեւանի կեդրոնում էր, անխնայ ոչնչացուեց եւ կառուցապատուեց նոր շինութիւններով։ Սակայն քանդակը նոյնպէս չէր մտնում նրանց մտապատկերների մէջ։ Ի նկատի ունեմ քաղաքային քանդակ հասկացութիւնը։ Նոյն զբօսայգում, ուր տեղադրուեց Նժդեհի արձանը (ի դէպ դժուար է տեսնել այդ արձանի մէջ Նժդեհին, որովհետեւ այն նման է Պետրոս 1-ին, երեւի հեղինակը՝ սովորելով Լենինգրանի գեղարուեստի ուսումնարանում, ռուս ցարի կերպարին էր ընտելացել) տեսնում ենք բազմաթիւ խաչքարեր իրենց բացատրութիւններով հանդերձ, մինչդեռ կարելի էր մեր հայ քանդակագործների աշխատանքներով զարդարել զբօսայգին։ Որպէս քաղաքային քանդակ մեր առօրեայի մէջ մտան կոլումբիացի քանդակագործ Ֆերնանտօ Բոտերոյի քանդակները, որոնք գտնւում են Կասկադի համալիրում՝ Գաֆեսչեանի արուեստի կեդրոնի տարածքում։ Իսկ մեր հայ քանդակագործների քաղաքային քանդակները տեղ գտան միայն…Նունէ Թումանեանի կազմած ալբոմում։ Հայաստանցիները տարիներ է անհամբեր սպասում են Նկարիչների Միութեան քանդակի բաժնի ղեկավար Նունէ Թումանեանի «Քաղաքային քանդակ» նախագծի իրականացմանը։ Իսկ թէ ի՛նչ հետաքրքիր քանդակներ են ստեղծում մեր արուեստագէտները, կարելի էր տեսնել քանդակի ցուցահանդէսում, որից այցելուները դուրս էիր գալիս միայն մի պայմանով՝ այցելել ցուցահանդէսը կրկին, բայց այս անգամ ընկերների եւ հարազատների հետ մէկտեղ։ Շուրջ 80 նմոյշներ էին ցուցադրուած եւ ամէն մէկն արժանի էր ուշադրութեան։ Քանդակը մտորում էր, երկխօսում քեզ հետ։ Նոյնիսկ չգիտեմ, թէ ո՞ր մէկից սկսել…Գուցէ յայտնի անուններից։ Մեր ժամանակի յայտնի դէմքերից. «Գրող Լեւոն Խեչոյեանի կիսանդրին» (Կարապետեան Յարութ), սուրիահայ գրող «Թորոս Թորանեան» (Յակոբեան Տարիէլ), «Դանիէլ Երաժիշտ» (Մանուկեան Ռաֆաել), այնուհետեւ բոլոր ժամանակների հանճարների քանդակները «Կոմիտաս» (Թադէոսեան Հրանդ),«Փառաճանով» (Արա Ալեքեան), ի դէպ նրա քանդակները մետաղից մենք տեսնում ենք նաեւ Ազնաւուրի անուան հրապարակին, «Ֆրանց Քաֆքա» կամ «Հեծեալը դոյլի վրայ» (Գասպարեան Յովհաննէս)։ Չեխիայի դեսպանը անտարբեր չմնաց Քաֆքայի քանդակի հանդէպ եւ ցանկացաւ դրա բրոնզաձոյլ մի տարբերակը ձեռք բերել Չիխիայի համար, իսկ միւսը նուիրաբերել Երեւանին։ Ինձ անտարբեր չթողեց Գէորգեան Կորիւնի «Կարօտը» (տուֆից) «Կոկետուհին» (բրոնզից)…Երիտասարդ քանդակագործ Զամոկ Սարգսեանը ցուցադրել էր «Կրօնը ընդդէմ հաւատքի» եւ «Մուտք» քանդակները։ Նշեմ Ղազարեան Սամուէլի «Քաղաքականութիւն,1988-97» փայտէ քանդակը, Սարգիս Բաբաեանի «Հրովարտակը», Կնեազեան Նարեկի «Կինը մոդերն միջավայրում» եւ Գոռ Յովհաննիսեանի «Կնոջ ֆիգուրը»։ Կինը Բագամեան Տիգրանի «Գարուն», Մանուկեան Կարէնի «Տորս», Շախնազարեան Մելիքի «Սպասում» քանդակներում։ Վերջապէս, նշեմ միշտ իր աշխատանքներով քանդակի արդիական լեզուն ապահովուող Նունէ Թումանեանին, յատկապէս իր «Ցեղասպանութեան մեքենան», որտեղ ամէն մարդ կարող է ինքնիրեն տեսնել…Ափսոս, որ չեմ կարող բոլոր մասնակիցների գործերը նշել, որովհետեւ կրկնում եմ. չկար որեւէ քանդակ, որն արժանի չլինէր յատուկ ուշադրութեան։ Սպասենք, մինչեւ որ գան այն ժամանակները, երբ քանդակները ցուցասրահներից եւ ալպոմներից դուրս գան փողոց, պուրակ եւ զբօսայգի…