ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ապրիլի 27-ին Քաղաքացու Օրն էր նշւում։ Այսուհետ Ապրիլի ամէն վերջին շաբաթ օրը տօնուելու որպէս Հայաստանի Հանրապետութեան Քաղաքացու Օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը քայլում էր Մաշտոցի պողոտայով, նրան մօտենում էին քաղաքացիները…սելֆիի համար։ Աշխարհը սելֆիի համաճարակով է վարակուած, այլեւս աւելի կարեւոր զբաղմունք չկայ։ Սակայն համընդհանուր ոգեւորութիւն չկար։ Այնպիսի տպաւորութիւն էր, կարծես դա մէկ մարդու, մէկ քաղաքացու տօն էր, եւ այդ քաղաքացին վարչապետն էր։ Անցեալ տարի այս օրերին ժողովուրդը «Նիկոլ», «Նիկոլ» էր գոռում-գոչում, ամէն ծնուած երախային Նիկոլ անունն էին տալիս, իսկ մէկ տարին չբոլորած արդէն համընդհանուր հիասթափութիւն է տիրում։ Իսկ ո՞վ ընտրեց խորհրդարանը։ Ինչո՞ւ ամենաշատ ձայները ժողովուրդը տուեց «Իմ քայլը» դաշինքին, եւ խորհրդարան մտան անգոյն, անփորձ, անյայտ մարդիկ, որոնք ո՛չ մի վստահութիւն չեն ներշնչում։ Հիմա ոչ ոք չի ուզում յիշել անցեալ տարուայ յաղթանակը։ Ասում են սարը ծնեց մուկ։ Այսքանը։ Միակ լաւ բանն այն է, որ այլեւս չենք տեսնում զզուանք առաջացնող դէմքերը խորհրդարանում։ Եւ որ այլեւս չկայ գողութիւն պետական մակարդակով։ Բայց մենք տեսնում ենք, որ ներկայ իշխանութիւնը ի վիճակի չէ թալանածը հետ բերել։ Գուցէ վախենում է, որ երբ իշխանութիւնը կրկին փոխուի, նրանց էլ կ՚առաջադրեն ինչ-որ մի մեղադրանք…Ամէն դէպքում արհեստավարժ գողերին փոխարինեցին կառավարման գործում բացարձակ ամաթէօռներ, որոնց ասում են մանկապարտէզ։ Այն դէպքում, երբ Հայաստանն ու աշխարհասփիւռ հայերը ամէն բնագաւառում ունեն փայլուն մասնագէտներ…
Ապրիլի 24։ Ցեղասպանութեան 104-տարելիցին կրկին առերեսուեցինք հայերի սպանդի անտանելի մանրամասներին։ Հնարաւոր չէր դիմանալ, բայց չպատժուած ոճրագործութիւնը նշանակում է ոճրագործութեան շարունակութիւն։ «Իրական ժամանակ» (Настоящее время) ռուսալեզու կայքը յիշատակել էր 24 Ապրիլի մասին եւ պէտք էր տեսնել, թէ ի՜նչ վայնասուն էին դրել օգտատէրերը Ղրղզստանից, Ատրպէյճանից, Վրաստանից, Ղազախստանից…Այդ մեզ չեն ցեղասպաննել, այլ՝ մենք ենք թուրքերին ցեղասպանել եւ խաբում ենք աշխարհին։ Չի՛ եղել, չի՛ եղել, չի՛ եղել ցեղասպանութիւն,-գոռում էր ատելութեամբ լեցուած ամբոխը եւ կարծում եմ, որ դա հենց այն ամբոխն էր, որը ոչնչացնում էր հայերին 104 տարի առաջ եւ այժմ ցասման մէջ էր, որ մենք դեռ կանք, ապրում ենք… Այս տարի Ֆրանսիայում 24-ը նշուեց որպէս ազգային յիշատակման օր եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ «Ցեղասպանութեան յիշատակման օրը ոչ միայն հայերի, այլ համաշխարհային յիշատակման օր է»։ Ֆրանսիա…Փարիզ, համայն մարդկութեան մայրաքաղաք, որի մշակոյթի մէջ ներդրում են ունեցել բազմաթիւ ազգեր։ Այդ է պատճառը, որ նոյնիսկ ապրիլի 21-ին Շրի-Լանկայի եկեղեցիներում տեղի ունեցած պայթիւնները, ինչի արդիւնքում 350 մարդկային զոհեր եղան, այդքան չցնցեցին մարդկութեանը, ինչպէս ապրիլի 15-ի Փարիզի Աստուածամօր տաճարի հրդեհը, որի ատեն ոչ մի զոհ չեղաւ։ Ինչո՞ւ։ Ինչու շինութիւնը աւելի յուզեց ողջ աշխարհին, քան Շրի-Լանկայում սպաննուած անմեղ մարդիկ…Որովհետեւ մարդը մահկանացու է, իսկ այդ տաճարի, այդ շինութեան մէջ մարդու ներդրած հանճարը պիտի յաւերժ ապրի։
Ապրիլի 15-ին մարդկութիւնը մի մարդու պէս աչքերը սեւեռել էր Փարիզի Աստուածամօր տաճարի հրդեհին։ Հրդեհի առաջին ահազանգը եկաւ երեկոյեան ժամը 18.50-ին։ Անմիջապէս եկաւ հրշէջ ջոկատը։ Նրանց ոչ ոք չտեսաւ տեսանիւթերում եւ բոլորը զայրանում էին, թէ ո՞ւր են հրշէջները, մի՞ թէ Փարիզում չկան հրշէջներ, թող ԱՄՆ-ից կանչեն, Ռուսաստանից, Սինկափուրից…Աշխարհի աչքի առաջ կտուրը այրուեց եւ հալուեց փայտիկի պէս։ Ոմանք (այո կային եւ այդպիսիները) հրճուանք ապրեցին, իսկ մեծամասնութիւնը, որոնք նորմալ մարդիկ էին, չէին կարող զսպել արցունքները։ Չեմ ուզում մանրամասնել աղէտի մասին, որովհետեւ բոլորը անխտիր դիտեցին այն հեռատեսիլով եւ համացանցում։ Իմ այսօրուայ գրութիւնը եւ ձօնում եմ փարիզեան հրշէջներին,ովքեր ոչ թէ դիտում էին աղէտը եւ տառապում անխնայ հրդեհի պատկերից, այլ կանգնեցին դէմ առ դէմ կրակին։ Նրանց մասնագիտական պարտքն էր դա, որը պարտադրում է խիզախութիւն եւ ծայր աստիճան զգուշութիւն, եթէ կրակը բռնկուել է գրադարանում, թանգարանում կամ տաճարում, որտեղ պահւում են բարձրագոյն արժէքներ։ Խնդիրը նրանում չէ, որ կրակը մարի, այլ որպէսզի այդ մարումը վնաս չհասցնի արժէքներին։ Հրդեհի դիտորդները հրշէջներից աւելի խելացի էին ինքզինքը համարում, խորհուրդ տալով նրանց ուղղաթիռներով ջուր լեցնել։ Ամէն մի դիտող այդ խորհուրդը տուեց, մինչեւ իսկ ԱՄՆ-ի նախագահ Թրամբը։ Ողջ աշխարհը լաց ու կոծով հրաժեշտ տուեց եւրոպական քաղաքակրթութեան խորհրդանիշ հանդիսացող տաճարին, այնուհետեւ քնեց, մտածելով, որ առաւօտեան տաճարի տեղը կտեսնի ածուխներ…յանկարծ առաւօտեան պարզուեց, որ Փարիզի գոհարը մնաց կանգուն։ 9 ժամ տեւացող կրակը մարել էր ուշ գիշերով։ Վառուեց տանիքը, իսկ քարէ պատերը, ներսի ինթերիեռը մնաց անփոփոխ. փաստօրէն այն, ինչ մենք տեսնում էինք, դա վառուող տանիքն էր։ 400 հրշէջներ կատարեցին իրենց պարտականութիւնը, մնալով մարդկանց համար անյայտ։ Այդպիսին են իրենց գործի վարպետները, հերոսները, աստղերը, ինչպէս կ՚ուզէք՝ հասկացէք։ «Վաղը առաւօտեան կը սկսենք վերականգնողական աշխատանքները»,-ասաց նախագահ Մաքրոնը։ Եւ յայտարարուեց դրամահաւաք։
Ըստ մասնագէտների Աստուածամօր տաճարը մի նմոյշ է, որը կարելի է կրկնօրինակել ի տարբերութիւն Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը ստեղծուել է որպէս անկրկնելի։ Փարիզի տաճարը ոչ միայն Ֆրանսիայի խորհրդանիշն է, այլ միջնադարեան եւրոպական քաղաքակրթութեան խորհրդանիշ, որը հաւաքական գիտակցութեան մէջ է մտել եւ ոչ ոք չի ուզում մի գեղեցիկ օր արթնանալ եւ չգտնել տաճարը իր տեղում։
Ֆրանսիացի հրշէջներն ունեն ասուածք. Pompier un jour, pompier toujours, այսինքն Անգամ մը հրշէջ՝ միշտ հրշէջ։
Հրշէջները պիտի տիրապետեն առաջին բժշկական օգնութեան, ականազերծման, վերակենդանացման, մագլցման հմտութիւններին։ Նրանք լաւ վարձատրւում են, ունեն սոցիալական շատ արտօնութիւններ, յետոյ լաւ թոշակ են ստանում։ Սակայն հրշէջների մօտ հնուց մնացել է մի աւանդոյթ. տարին մէկ անգամ նրանք դռնեդուռ են ընկնում եւ վաճառում օրացոյց։ Ով որքան կտա։ Այդ աւանդոյթը մնացել է այն ժամանակներից, երբ հրշէջ ջոկատները կազմուած էին լինում ամբողջովին կամաւորներից, որոնք չէին վարձատրւում իրենց աշխատանքի համար։ Հակառակ որ դա սովորական աշխատանք չէ, այլ իսկական սխրանք։