dzovinarlok@gmail.com
Ի՞նչ էլ որ լինի. նոյնիսկ պատերազմ կամ կեղծարար ընտրութիւններ, կամ ցեղասպանութեան 100-ամեակ, միեւնոյնն է երգիծանկարիչները կատարում են իրենց առաքելութիւնը։ Ծիծաղի առաքելութիւնը։ 2017-ին, օրինակ, Ապրիլի 1-ին ցուցադրեցին…դատարկ պաստառներ, որովհետեւ ընտրութիւններին նախորդող լռութեան օրն էր։ Շատ սրամիտ էր։ Շատ։ Այս տարի Ապրիլի 1-ի Ծիծաղի օրը բացուեց Երեւանում ՌԴ-եան գիտութեան եւ մշակոյթի կեդրոնում, որտեղ ցուցադրուեցին 24 ռուսաստանեան եւ 24 հայկական ծաղրանկարներ։ Ցուցահանդէսը վերնագրեցին «Ռուսաստան եւ Հայաստան՝ ծիծաղում ենք միասին»։ Հայաստանի ծաղրանկարիչների միութեան նախագահ Սուքիաս Թորոսեանի բացման խօսքից եւ ժապաւէնը կտրելուց յետոյ իսկապէս սկսեցինք ծիծաղել։ Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ ապրում ենք համատարած ապատեղեկատուական դարաշրջան։ Տեղեկատուական դաշտը այնքան ծախուած է, որ միամիտ մարդիկ դժուար են կողմնորոշւում ապատեղեկատուական անտառում։ Հաւատում են ամէն տպագրած բառին, թէպէտ կարդում են միայն սադրիչ վերնագրերը։ Միակ ճշմարիտ ոլորտը արուեստն է, արուեստներից՝ գեղանկարը, իսկ գեղանկարչութեան մէջ ծաղր կամ երգիծանկարը։ Ծաղրանկարը չի խաբում։ Նա տալիս է ճշգրիտ ախտորոշումը, իսկ մարդկութիւնը միշտ սուր եւ քրոնիկ հիւանդութիւններով է տառապում։ Քրոնիկ հիւանդութիւնների շարքում է ինքնաոչնչացումը. որքան աւելի շատանում ենք եւ տեխնիկապէս զարգանում, այնքան դա աշխատում է մարդու դէմ։ Վստահութիւն չեն ներշնչում այլեւս ոչ մի բան, սկսած կերած հացից եւ պտուղից…
Երգիծանքը այնքան տարբեր նիւթերի շուրջ է ընթանում, առաջացնելով թեթեւ ժպիտից մինչեւ արդարացի ցասում, երբ նկարիչը մօտենում է մահուան գործիքներին։ Հիլյոթինը, որից դեռ թարմ արիւն է կաթում, զարդարուած է սիրտիկներով (Վրէժ Քասունի)։ Նռնակը նոյնպէս սիրտիկներով է (Արսէն Թորոսեան)։ Իսկ Մկրտիչ Մաթեւոսեանի երգիծանքի նիւթը կախաղանն է, երբ երեք հոգի իրար ուսի են կանգնում,որպէսզի երրորդը հասնի կախաղանի օղակին…Յիրաւի ծաղրանկարչի գլխում այնպիսի մտայղացում կը ծնուի, որը դժուար թէ սովորական մարդու մտքով անցնի։ Կամ խաչուած Քրիստոսը՝ Սուքիաս Թորոսեանի պատկերմամբ. սա արդէն միայն ծաղրանկար չէ, այլ կինօ…
Կարծում եմ Ապրիլի 1-ը քիչ է։ Մարդկութեանը հարկաւոր է միշտ, գրեթէ ամէն աստծոյ օր լուրերի շարքում ցուցադրել իր ծաղրադէմքը։ Ծաղրանկարիչների պատկերները աշխարհի անցուդարձի վերաբերեալ…Այո, ոչ միայն քաղաքագէտները պիտի մեկնաբանեն իրադարձութիւնները, այլ նաեւ ծաղրագէտները։ Եւ մենք լուրջ մտահոգուելու փոխարէն կը սկսենք ամենայն լրջութեամբ ծիծաղել…
Աւելացնեմ, որ Թումանեանի 150-եակի առթիւ հայ երգիծանկարիչների աշխատանքները ցուցադրուեցին նաեւ Թումանեանի թանգարանում։ Թեման այս անգամ Թումանեանն էր, եւ Թումանեանի հերոսները ներկայացան մեր ժամանակների հարթութեան վրայ։