dzovinarlok@gmail.com
Մարտի 16-ին Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում տեղի ունեցաւ Տիրան Լոքմակէօզեանի «Կոմիտաս։ Գերմանական երկեր» գրքի շնորհանդէս-համերգը։ Գիրքը լոյս էր տեսել 2018-ին երկու տարբերակով՝ հայերէն եւ գերմաներէն լեզուներով։ 263-ոց գիրքը ներառում է իր մէջ.
Երգեր դաշնամուրի ընկերակցութեամբ՝ 11 երգ,
Երգչախմբային ստեղծագործութիւններ՝ 4. Neuer Frühling (Նոր գարուն), Menschengefühl (Մարդկային զգացմունք), Lenz (Գարուն), An den Wasser zu Babel (Առ գետս Բաբելացւոց)
Դաշնամուրային ստեղծագործութիւններ՝ 9,
Ստեղծագործութիւններ լարային քառեակի համար՝ 6
Ստեղծագործութիւն նուագախմբի համար՝ 1 (Wald-Nacht,Անտառային գիշեր)
Հայկական պատարագ, գերմաներէնի թարգմանուած ու մշակուած Կոմիտաս վարդապետի կողմից՝ 12
Անաւարտ դաշնամուրային ստեղծագործութիւններ՝ 4
Երգերի տեքստեր
Բանաստեղծներ
Փաստաթղթեր
Կոմիտասի գերմանական ժառանգութիւնը Տիրան Լոքմակէօզեանը սկսեց վերծանել 1990-ին, հազիւ ոտքը դնելուն պէս Հայաստանի հողը։ Ո՛չ ոք մինչ այդ լուրջ չէր վերաբերւում Կոմիտասի պեռլինեան շրջանի ստեղծագործութիւններին։ Այդ երկերի վրայ, կարծես, փակցուած լինէր «բուրժուական» պիտակը։ 1917-ից սկիզբ առաւ Սովետական Միութեան «քաղաքակրթութիւնը», որի կազմի մէջ մտաւ 1922-ի Դեկտեմբերի 30-ից նաեւ Հայաստանը որպէս առանձին հանրապետութիւն, եւ այն, ինչ ստեղծւում էր Սովետական Միութիւնից դուրս, համարւում էր բուրժուական։ Նոյնիսկ այն, ինչ ստեղծուել էր սովետական ժամանակաշրջանից դուրս։ Իսկ Կոմիտասի գերմանական երկերը ստեղծուել էին Պեռլինում 1896-1899թթ.-ին։ Բացի այդ հաստատուել էր մի կարծրատիպ, որի համաձայն այդ գործերը ներկայացնում են իրենցից ուսանողական փորձեր, հետեւաբար արժանի չեն ուշադրութեան, իսկ Կոմիտասը իր հայկական երգերով դարձաւ Կոմիտաս…Ստացւում է, որ կայ երկու Կոմիտաս. մէկը հայկական երգերի հանճարն է, իսկ միւսը դեռեւս հանճար չէ։ Յիրաւի պէտք էր, որ Հայաստան ժամանէր մէկը, ով զուրկ էր այդ կարծրատիպներից եւ որի համար Կոմիտասի ձեռագրերը, որոնք պահպանւում են գրականութեան եւ արուեստի թանգարանի երաժշտական բաժնի արխիւում, աներեւակայելի արժէք կը ներկայացնեն։ Եւ այդ մարդը դարձաւ Տիրան Լոքմակէօզեանը։ Ծնուելով Ստամբուլում եւ հասակ առնելով Միւնիխում, նա կեանքի բերումով տիրապետում էր նոյն լեզուներով, ինչ Կոմիտասը. հայերէն, թրքերէն եւ գերմաներէն։ Նրան հետաքրքրում էր Կոմիտասի պատարագը, բայց յանկարծ Տիրանը գտաւ Կոմիտասի Lied-երը, գրուած գերմանացի բանաստեղծների խօսքերով. Յոհան Վոլֆգանգ ֆոն Կէօթէի, Նիկոլաս Լենաուի, Լիւդվիգ Ուհլանդի, Յոհաննա Ամբրոզիուսի, Թեոդոր Շթորմի, Օտտո Ռոքետտեյի եւ Յուլիուս Շթուրմի։ «Lied» բառը չի թարգմանւում։ Դա ո՛չ ռոմանս է, ո՛չ էլ երգ, որին գերմաներէն ասում են song։ Lied-ը պարտադիր պէտք է գրուած լինի բարձր պոէզիայի հիման վրայ։ Երբ երաժիշտը ցանկանում է բանաստեղծութիւնը ոչ թէ արտասանել, այլ երաժշտաւորել։ Կոմիտասը ոչ միայն երաժշտաւորեց, այլ անշուշտ ինքը նաեւ կատարեց դրանք, որովհետեւ այդ Lied-երը գրուած են իր ձայնի՝ բարիտոնի համար։ Բարիտոն էր նաեւ Լոքմակէօզեանը։ Եւ 100 տարի անց նա վերծանեց եւ աշխարհում առաջին անգամ կատարեց այդ Lied-երը Կոմիտասից յետոյ։ Դա տեղի ունեցաւ 1991- ի Մայիսի 18-ին Ս. Էջմիածնի Գէորգեանն ճեմարանի Կոմիտասի սրահում, կլոր դահլիճում, որտեղ աշխատում էր Կոմիտասը իր դաշնամուրի առջեւ…Համերգը բաղկացած էր Կոմիտասի գերմաներէն եւ հայերէն երգերից։ Նուագակցում էր դաշնակահար Լեւոն Յարութիւնեանը։ Ինչո՞ւ մենք յատկապէս այդ օրը տուեցինք Կոմիտասին նուիրուած համերգը։ Ստամբուլից ժամանել էր ուխտաւորների մի խումբ՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի գլխաւորութեամբ։ Տիրանն ինձ ասաց. «Ի պատիւ պոլսահայերի մի համերգ տանք, որտեղ կը հնչէն երբեք չկատարուած, չլսուած երգեր։ Անտիպ ստեղծագործութիւններ»։ Այսպիսով Կոմիտասի գերմանական ստեղծագործութիւնների համաշխարհային առաջնախաղը կատարուեց Մեսրոպ Սրբազանի ներկայութեամբ։ Առաջին անգամ ես տեսայ Մեսրոպ սրբազանին 1990-ի նոյեմբերին։ Տիրանի հետ հանդիպեցինք սրբազան հօրը Ս. Էջմիածնում։ Մեզ տեսնելուն պէս իսկոյն հարցրեց. «Պիտի ամուսնանա՞ք»։ Չափազանց անկեղծ եւ յանդուգն։ Իսկ յետոյ շփման առիթներ ունեցայ արդէն Կ. Պոլսում։ Հոգեւոր տօն էր՝ զրուցել Պատրիարք Հօր հետ։ Մտաւոր երջանկութիւն։ Մեր մէջ յաւերժ պիտի մնայ իր կենդանի շունչն ու խօսքը։ Խոնարհւում եմ իր լոյս շիրիմին։