ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Արուեստագէտի կոչումը նրա խաչն է

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Տարիներ առաջ Յակոբ Այվազն ինձ մի խրատ տուեց. «Երբեք չերգես այնտեղ, ուր օղի են խմում»։ Աւա՛ղ, այսօր երգում են միայն այն տեղերում, որտեղ մարդիկ են հաւաքւում, իսկ հաւաքւում են մարդիկ հիմնականում ուտելու եւ խմելու համար։ Ասենք, միասին ուտելու համար։ Եւ ուտողների առջեւ համերգներ են տալիս դասական երգիչները, ժողովրդական համոյթները, բարձրակարգ երաժիշտները։ Որովհետեւ նրանք էլ են ուտել ուզում։

Տարիներ առաջ Պոլսում մի կին, որը հասել էր կեանքի մայրամուտին եւ ժառանգ չունէր, հրաւիրեց ինձ Տիրանի հետ իր տուն, որպէսզի յանձնի մեզ իր ունեցած գրքերը. «Դուք եկել եք մի երկրից, որտեղ գիրք են կարդում։ Եթէ չվերցնէք, ստիպուած պիտի դուրս նետեմ»։ Անցաւ 25 տարի, հիմա աղբանոցներում յաճախ կարելի է տեսնել դասական գրականութիւն։ Երբեք չեմ մոռանայ Մամուլի շէնքի սենեակներից մէկում գետնի վրայ դարսած գրքերը։ Անթիւ էին, եւ ամէն մէկը արժէր ընթերցել, այնքան լաւ գրքեր էին։ Կարծես գրքերի Տէր Զօրում յայտնուեցի։ Մի այրիացած կին բերել էր այստեղ այդ գրքերը, որոնք իր ամուսինն էր հաւաքել։ Բայց ո՞նց. ամէն մի արտագաղթած ընկեր յանձնել էր նրան գրքերի իր հաւաքածուն։ Ամուսնու մահից յետոյ կինը բերեց գրքերը Մամուլի շէնք եւ մարդիկ քիլօներով առնում էին։ Ես էլ ընտրեցի ինձ համար եօթ գիրք եւ վճարեցի 250 դրամ (մէկ հացի գին)։ Բայց եթէ գիրքը կարելի է նետել աղբանոց, ապա թատրոնը աղբ չես նետի։ Կայ թատրոնի եւ օպերայի շէնք, բայց չկայ որեւէ մի բեմադրութիւն, որը յայտնութիւն կը լինի։ Ամէն մի թատրոն տարիներով ղեկավարւում է նոյն ռեժիսորի կողմից եւ չափազանց կանխատեսելի է։ Արդէօք հնարաւո՞ր է որեւէ մի ուրիշ ռեժիսորին թոյլ տալ բեմադրութիւն կատարել ինչ-որ մի թատրոնում։ Հնարաւոր է, բայց նրանք կ՚ասեն, որ գումար չկայ։ Քո գումարով բեմադրի։ Կայ մի ռեժիսոր՝ Արմէն Մեհրաբեան, որի բեմադրութիւնները ես երազում եմ տեսնել որեւէ մի թատրոնում, թէկուզ դա լինի մարզային թատրոն։ Նրա մեղքը միայն նրանում է, որ իր մտայղացումները չեն տեղաւորւում սովորական ճղճիմ շրջանակներում։ Օրերս ես հանդիպեցի Արմէն Մեհրաբեանի հետ, որպէսզի ծանօթանամ նրա հերթական նախագծի հետ՝ «Դաւթին սպասելիս»։ Մեզ հետ էր նաեւ դերասան Արմէն Աբրահամեանը, որն ի դէպ պատմեց ինձ, թէ ինչպէս են յաճախ դերասաններին սերիալներում նկարահանելուց յետոյ հրաժարւում վճարել։ Օրէնքով պաշտպանուած չեն դերասանները, ընդհանրապէս արուեստագէտները…

Նախորդ թիւի մէջ պատմեցի ռեժիսոր Յովհաննես Գալստեանի հացադուլների մասին ի պաշտպանութիւն իր ֆիլմի ֆինանսաւորման, որն ապօրինաբար կասեցրել էր կինօկեդրոնը։ Առաջին հացադուլը՝3-12 Դեկտեմբեր, բացի խոստումից ոչինչ չտուեց։ Երկրորդը նա սկսեց փետրուարի 3-ին։ Հացադուլի 21-րդ օրը, այսինքն փետրուարի 23-ին ուշ ժամին նրա մօտ եկաւ (արդէն երկրորդ անգամ) կրթութեան եւ գիտութեան (շուտով նաեւ մշակոյթի) նախարար Արայիկ Յարութիւնեանը եւ խոստացաւ քննարկել «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ առկայ խնդիրները։ Առաջին անգամ նախարարը այցելեց Յովհաննէսին հացադուլի 15-րդ օրը, փետրուարի 17-ին։ Չվստահելով բանաւոր խօսքին, Յովհաննէսը պահանջեց գրաւոր երաշխիք, ինչը ստանալուց հետո դադարեցրեց հացադուլը։ Նրան ի սատար հացադուլ անող ազատամարտիկ Մհեր Մազմանեանը նոյնպես դադարեցրեց հացադուլը։ Եւ հետեւեալ օրը Յովհաննէսի ֆիլմի բուլղարացի գործընկեր՝ Վիտալի Շարկեւիչը շնորհաւորեց նրան այդ յաղթանակով եւ խոստովանեց, որ…ինքն էլ էր հացադուլ անում արդէն 10 օր։ Ուզում էր զգալ այն ամէնը, ինչ զգում է իր հայաստանեան գործընկերը։ Կարո՞ղ եք երեւակայել նման վարքագիծ։ Եւ դա անում էր առանց բարձրաձայնելու, համեստութեամբ, ի սատար ոչ միայն Յովհաննէսի, այլ առաջին հերթին իր խղճի…

Իսկ ի՞նչ անեն Արմէն Մեհրաբեանի նման արուեստագէտները։ Թէպէտ նրա նմանը չկայ Հայաստանում։ Նա իր թատերական մտածողութեամբ շատ առաջ է անցել միւսներից, որոնք ի վիճակի չէն ժամանակին համընթաց շարժուել, մինչդէռ արուեստում պէտք է միշտ նոր խօսքով հանդէս գալ։ Մեհրաբեանին ճանաչում են։ Շատ լաւ են ճանաչում։ Բայց ինչ-որ ներկայացում բեմադրելու համար պիտի պաշտօն ունենաս, թատրոնի գեղարուեստական ղեկավար եւ այլն։ Մինչդեռ արուեստում մարդն ուղղակի պիտի դրսեւորի իր կոչումը, ինչպէս դա արւում է կենդանական աշխարհում։ Նայում ենք, թէ ինչպէս է թռչունը բոյն հիւսում եւ զարմանում ենք, որտեղից այդ ամէնը նա գիտի։ Կամ ի՛նչ հրաշագեղ ամրոցներ է որձ ձուկը սարքում աւազի մէջ ստորջրեայ տիրոյթում, որպէսզի գայթակղի էգ ձուկին։ Մէկ շաբաթ օր ու գիշեր աշխատում է, որպէսզի իրականացնի բնութիւնից տուած իր կոչումը։ Միայն մարդ արարածն է միւս մարդ արարածից խոչընդոտների հանդիպում։ Եւ խոչընդոտներից ամէնէն ցաւոտը անտարբերութիւնն է։ Չգիտեմ ինչո՞ւ յիշեցի մի առակ. մարդուն խաչում են եւ յետոյ հարցնում. «Դէ…ո՞նց ես դու այնտեղ»- «Վատ չէ, միայն ժպտալը ցաւ է պատճառում»…