(Յովհաննէս Գալստեանը ընդդէմ կինօկեդրոնի եւ մշակոյթի նախարարութեան)
dzovinarlok@gmail.com
Իրականութեան մէջ սա երկու հացադուլի պատմութիւն է, որին դիմել է նոյն ռեժիսոր՝ Յովհաննէս Գալստեանը։ Առաջին հացադուլը նա արեց Դեկտեմբեր ամսին (3-12), դիմելով այդ ծայրայեղ միջոցին, որպէսզի փրկի «Տատիկիս վարսերը» ֆիլմը, որի ֆինանսաւորումը ապօրինաբար կասեցրել էր կինօկեդրոնը։ Հացադուլի 10-րդ օրը մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցը հրաւիրեց 10 օր ծոմ պահած ռեժիսորին նախարարութիւն եւ ողջ Հայաստանը ազատ շունչ քաշեց՝ կարծելով, թէ հարցը դրական լուծում ստացաւ։ Յիշեցնեմ, որ այդ մասին ես գրեցի «Յանուն արդարութեան եւ երկրի պատուի» յօդուածում (այն լոյս տեսաւ 2018-ի Դեկտեմբերի 19-ին)։ Սակայն պարզուեց, որ Մակունցի կարգադրութիւնը օդի մէջ մնաց։ Խորհրդարանական ընտրութիւններից յետոյ նա դադարեց պաշտօնավարել որպէս մշակոյթի նախարար եւ դարձաւ «Իմ քայլը» խմբակցութեան ղեկավար։ Իսկ Յովհաննէսը Փետրուարի 3-ից ստիպուած երկրորդ անգամ դիմեց հացադուլի՝։ Սկզբից նա ցերեկները Ազգային Ժողովի այգում էր նստում, բայց յետոյ տեղափոխուեց Մատենադարանի տարածք։ Գիշերները քնում է վրանում, բայց քնել նրան հազուադէպ է յաջողւում։ Այդ ամէնը կատարւում է մարդկանց աչքի առաջ։ Լրագրողները շարունակ լուսաբանում են խնդրի էութիւնը։ 14 Փետրուարին, այսինքն հացադուլի 12-րդ օրը կայացաւ հերթական մամլոյ ասուլիսը՝ Տիգրան Մեծ հրատարակչութեան 4-րդ հարկում։ Վերելակը չէր աշխատում, եւ Յովհաննէսը ոտքով բարձրացաւ.
…Խնդրեց, որպէսզի միւս ասուլիսը արուի Մատենադարանի ստորոտին՝ իր մօտ։ Մարմինը տկարացել էր, բայց մտքի պայծառութիւնը՝ ոչ. նա կրկին ու կրկին անդրադառնում էր իր նախագծի հանդէպ գործած անօրինականութեան մանրամասնութիւններին։ Քանի որ ֆիլմի նախագիծը միջազգային է, ապա Յովհաննէսի պայքարին հետեւում են գերմանացի եւ բուլղարացի պրոդիւսերներ Լաուրա Կլեւերը եւ Վիտալի Շարկեւիչը, որոնք հանդէս եկան կոչով ի պաշտպան հացադուլի մէջ գտնուող գործընկերոջ։ Կոչի մէջ մասնաւորապէս ասւում է.
«Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդէպ Հայաստանի կինօկենդոնի գործողութիւնները աննախադէպ են համատեղ ֆիլմարտադրութեան միջազգային պրակտիկայում։ Մենք երբեք չենք հանդիպել մի իրավիճակի, երբ կինոյի ազգային կառոյցը խոչընդոտում է իր երկրի արտադրողի ֆիլմում միջազգային ներդրումները, վիժեցնում է արտադրութեան ընթացքը։
Մենք մեր եւ մեր ֆիլմի հանդիսատեսի անունից կոչ ենք անում.
Ա.) Մեր գործընկեր պարոն Գալստեանին՝ դադարեցնել հացադուլը։
Բ.) Հայաստանի հանրութեանը՝ սատարել մեր գործընկերոջը եւ աջակցել ֆիլմին։
Գ.) Հայաստանի իշխանութեանը՝ պարտաւորեցնել կինոյի պետական կառոյցին՝ կատարելու ֆիլմի հանդէպ ստանձնած իր պարտաւորութիւնները։
Դ.)Հայաստանեան գործարար շրջանակներին՝ մասնակցել միջազգային շուկայում յայտնուելու երաշխիքներ ունեցող եւ Հայաստանին պատիւ բերող ֆիլմի արտադրութեանը։
Ե.) Հայաստանեան եւ միջազգային լրատուամիջոցներին՝ լուսաբանել ֆիլմի խնդիրը։
Մենք կոչ ենք անում ողջ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆԸ աջակցել մեր արժանի գործընկերոջը՝ Յովհաննէս Գալստեանին եւ միասին օգնել փոխել կառավարութեան վերաբերմունքն իր քաղաքացիների՝ ձեր հանդէպ՛։
Հասարակութեան վերաբերմունքը Յովհաննէսի հացադուլի հանդէպ բաւականին տարբեր է. որոշ գործիչներ կոչ ուղղեցին նախ Յովհաննէսին, որպէսզի դադարեցնի պայքարի այս ձեւը, միւս կողմից չմոռացան նաեւ կոչ ուղղել պատասխանատուներին։ Վերջիններս ի դէմս մշակոյթի նախարարութեան որակեցին Գալստեանի հացադուլը որպէս շանթաժ, որի նպատակն է ստեղծել «տուժողի կերպար»։ Պատի տակ փիլիսոփայող դատարկապորտների համար Յովհաննէսի հացադուլը դա ընդամէնը փիար է։ Ինչի՞ փիարն է անում, ի՞նչ է գովազդում Յովհաննէսը։ Եթէ այդ տեսանկիւնից դիտենք, ապա դա կամքի հզօրութեան «գովազդ» է։ Երեւակայէք, որ ծոմ պահողի համար ամէն վայրկեանը, ամէն օրը աւելի երկար է տեւում, քանզի կերակուրը նաեւ ժամանակն է լրացնում։ Ի հարկէ մարդ ի վիճակի է նոյնիսկ 40 օր ծոմ պահել, բայց…հոգեկան խաղաղ պայմաններում, երբ գիտես, թէ ինչով եւ երբ է հացադուլն աւարտուելու։ Փետրուարի 7-ին, այսինքն հացադուլի 5-րդ օրը Յովհաննէսն իր աջակիցների հետ նամակ ուղղուեց կառավարութեանը, բայց նամակը մնաց անպատասխան։
Հետզհետէ Յովհաննէսի մօտ բարձրանում էին երաժիշտներ, որոնք բացօթեայ համերգներ էին տալիս ռեժիսորին։ Մշակոյթի իւրայատուկ մոլորակ էր ստեղծուել նրա վրանի շուրջ։ Փետրուարի 15-ին, այսինքն հացադուլի 12-րդ օրը Յովհաննէսին ի սատար նրա հացադուլին միացաւ ազատամարտիկ, պատերազմի հաշմանդամ, յոթ երախաների հայր Մհեր Մազմանեանը։ Վերջապէս, երեկ, փետրուարի 17-ին, այսինքն հացադուլի 14-րդ օրը բոլորովին անսպասելի Յովհաննէսին այցելեց գիտութեան եւ կրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանը։ Մարտի 4-ին մշակոյթի նախարարութիւնը միանալու է Յարութիւնեանի ղեկավարած նախարարութեանը։ Նա ասաց, որ ըստ ՀՀ-ն սահմանադրութեան մարդու կեանքը բարձրագոյն արժէք է…
Այժմ անդրադառնանք մշակոյթի գերատեսչութեան գործառոյթին։ Յիրաւի այդ կառոյցի աշխատակիցները ի զուր չեն աշխատավարձ ստացել. նրանց խնդիրն է եղել խեղդել արուեստագէտին, թոյլ չտալ ստեղծագործել հայրենիքում, կարծես թէ նպատակ են դրել վերացնել հայի կենեթիկ քոտից (ժառանգական ծածկագրից) արուեստագէտին, այսինքն անել ամէն ինչ, որպէսզի այլեւս լոյս աշխարհ չգան երգիչներ եւ դիրիժորներ, դերասաններ եւ ռեժիսորներ, նկարիչներ եւ ընդհանրապէս ստեղծագործողներ…
Փետրուարի 22-ին լրանում է Արտաւազդ Փելեշեանի 81-ամեակը։ Կինոյի աշխարհում նրան հաւասարը չկայ։ Արդեօք գիտակցո՞ւմ ենք դա մենք, նրա ժամանակակիցներս։ Եթէ այո՛, ուրեմն ինչո՞ւ հնարաւորութիւն չենք տալիս մեծն ռեժիսորին իրականացնել իր «Homo sapiens» նախագիծը, որի սցենարը նա գրել է դեռեւս 1980-ին։ Կարծում եմ, արժի այդ խնդրի լուծման համար ազգովին դիմել հացադուլի. գուցէ ուտելիքից ազատագրուած ուղեղը խելացի միջոց գտնի…