dzovinarlok@gmail.com
Մինչեւ ապրիլեան յեղափոխութիւն մենք չունէինք իշխանութիւնը ընտրութիւնների միջոցով փոխելու հնարաւորութիւն։ Այսօր ունենք այդ նախադէպը։ Եւ արդէն իշխանութիւնը չի թւում ինչոր անփոխարինելի հրէշ, ինչպէս նախկինում։ Եւ արդէն այս իշխանութիւններից պահանջում են այն ամէնը, յանուն ինչի եւ կատարուեց յեղափոխութիւնը։ Յեղափոխութիւնից պահանջում են յեղափոխական քայլեր, մինչդեռ յեղափոխականները նախընտրում է էվոլիւսիոն ճանապարհով քայլել։
Ուզում եմ այստեղ յիշեցնել Պարոյր Սեւակի մի բանաստեղծութիւնը, գրուած 1962-ին.
Ասում են, թէ միանգամից կեանքում ոչի՛նչ չի կատարւում.
Միանգամից ո′չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատռւում,
Միանգամից բերդ չի շինւում ու չի քանդւում միանգամից,
Միանգամից ձիւն չի գալիս ու չի փչում անգամ քամին։
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՛ւր մնաց թէ՝ խելօքանան,
Զո՛յգ չեն կազմում միանգամից, ո՛ւր մնաց թէ՝ երեքանան։
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է դառնում անցեալ, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։
Այս ամէնը ճիշդ է, հարկա՛ւ,
Հէնց այսպէս է, ինչպէս որ կայ։
Սակայն եթէ իմ կեանքի մէջ գէթ հարցնէին մի′ անգամ ինձ,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կ՚ասէի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՛ց…
Ահա այդ վերջին տողերը Սեւակի յեղափոխական են, իսկ նոր ձեւաւորուած իշխանութիւնը նախընտրում է քայլ առ քայլ առաջ գնալ։ Միլիոնաւոր հայեր ուզում են, որ ամէն ինչ լինի միանգամից, ուստի տրամաբանական հարց է ծագում. իսկ դո՛ւք, ժողովուրդ, կարո՞ղ էք միանգամից փոխուել։ Փոխում եք բնակութեան վայրը, բայց ինքներդ մնում էք նոյնը։ Սա վերաբերւում է բոլորին անխտիր. եւ նրանց, ովքեր մտան իշխանութեան օղակներ, եւ նրանց, ովքեր բերանները բաց սպասումէն անյապաղ փոփոխութիւնների, եւ նրանց, ովքեր չեն սպասում այդ փոփոխութիւններին, այլ միայն չարախնդում են։
Հիասթափութեան մեծ ալիք է առաջանում։ Մէկը Ֆինլանդիայի օրինակն է բերում եւ ասում է, թող որ հետեւէն այդ օրինակին։ Միւսը Էստոնիայի օրինակն է բերում, բայց այնտեղ երբեք չէր եղել գողապետութիւն, երբ ընտրութեան ժամանակ ձայները գողանում էին։ Ինչեւէ, վարչապետ Նիկոլ Փաշինեանին նախանձել չի լինի. աշխարհի միլիոնաւոր հայեր սպասում են նրանից երկրի բարելաււում եւ այդ միլիոնաւոր հայերը ամէնքն առանձին իրենց տեսլականն ունեն։
Գլխաւոր թիրախը դա Ազգային Ժողովի որակն է եւ հայեցակարգի բացակայութիւնը։ Երբ լսում ես քաղաքագէտներին, իրաւագէտներին եւ այլ մասնագէտներին, ապա հիանում ես, սակայն իշխանութեան օղակներում տիրում է ոլորտի վերաբերեալ անզօրութիւն եւ դա խիստ հիասթափեցնում է։
Հիասթափութիւնը այնքան է, որ պահանջում են նոր Տիգրան Մեծ կամ Հայկ Նահապետ, այլ ոչ թէ Փաշինեան (ի դէպ Երեւանում պատրաստւում են բեմադրել Յոհան Ատոլֆ Հասէի Տիգրան մեծ օփերան։ Այդ մասին յայտնել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրէն Գագիկ Մանասեանը)։
Մի քանի օր առաջ Գերմանիայում հայ համայնքի հանդիպման հետ վարչապետ Փաշինեանը յիշեցրեց, որ 2018- ի Մայիսի 9-ին Ստեփանակերտում նա յայտարարել է, որ չի պատրաստւում բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի կողմը, քանզի նա Արցախի վարչապետը չէ, այլ Հայաստանի վարչապետն է։ Պաշտօնական բանակցութիւններ դէռեւս տեղի չեն ունեցել, բայց վարչապետը մի քանի անգամ հանդիպել է Ալիեւի հետ։ Եթէ նախկինում Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը բանակցել են Արցախի անունից, ապա գուցէ նրանք ունեցել պատճառ. Քոչարեանը եղել էր Ղարաբաղի նախագահ, իսկ Սարգսեանը՝ Ղարաբաղի քաղաքական վերնախաւից։ Ադրբեջանական կողմը ի պատասխան Փաշինեանի որոշման հակադարձում է, որ եթէ բանակցային սեղանի շուրջ նստի Արցախի ներկայացուցիչը, ապա նրանք էլ կը բերեն Ղարաբաղի ադրբեջանական ներկայացուցչին։ Ինչին Փաշինեանը իր հերթին հակադարձում է, որ ադրբեջանական ներկայացուցիչը դա հենց Ալիեւն է, որովհետեւ նրա ընտրութեան մէջ մասնակցել են նաեւ Ղարաբաղի ատրպէյճանցիները որպէս Աղդամի կամ Քելբաջարի տեղամաս…Մինչդեռ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Հայաստանի վարչապետի ընտրութիւններին, նա ունի իր սեփական ներկայացուցիչը, որն է իրենց նախագահը։ Այսպիսի նրբութիւն։
Եթէ դատենք այս տեսանկիւնից, ապա հետաքրքիր տեղաշարժ կ՚ունենայ միջազգային հանրութեան գիտակցութեան մէջ։ Մինչեւ հիմա ղարաբաղեան խնդիրը դիտարկւում էր որպէս տարածքային վէճ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ, իսկ Արցախի ներկայութիւնը պիտի համոզի ողջ աշխարհին, որ մարդիկ իրենց անվտանգութիւնից ելնելով են ձգտում ինքնորոշման։