dzovinarlok@gmail.com
Յիշում էք, ինչ ասաց երկրորդ նախագահ Ռոպէրտ Քոչարեանը, երբ պարզ դարձաւ, թէ ում է ուզում տեսնել ժողովուրդը վարչապետի պաշտօնին յեղափոխութեան յաղթանակից յետոյ։ Նա ասաց.
«Իշխանութիւնը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մէկը այն վերցնի եւ փոխանցի Նիկոլ Փաշինեանին»։
Շատ հետաքրքրական համեմատութիւն էր։ Ճամպրուկ։ Մէկը, ով եկաւ մի շապիկով, դարձաւ նախագահ, եւ 10 տարի անց 4 միլիարդ տոլարով տեղը զիջեց երրորդ նախագահին։ Ինչպէ՞ս նա տեղաւորեց այդ 4 միլիարդը իր ճամպրուկում։ Հայաստանը բաժանուած էր թալանչիների միջեւ եւ ամէն մի թալանչի իր ճամպրուկում պահում էր իր բաժին Հայաստանը։ Այդ մասին խօսւում էր, գրւում էր, դրա պատճառով ընտանիքներ էին քանդւում, որովհետեւ ընտանիքի հայրը մեկնում էր արտագնայ աշխատանքի եւ այլեւս չէր վերադառնում։ Թալանչիները, որոնց կարելի է անուանել բդեշխներ, վախի եւ ստրկութեան մէջ էին պահում իրենց տարածքներում մնացած բնակիչներին։ Այո, նրանք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ չէին, այլ ընդամէնը տուեալ բդեշխի տարածքում բնակուող ստրուկ, որը չունէր ոչ մի իրաւունք։ Նրանց արգիլում էին քայլել եւ երթեւեկել որոշ փողոցներով, եթէ նա չենթարկուէր, ապա նրա մեքենայի անվադողերը կ՚իջեցնէին, նրան ծեծի կ՚ենթարկէին, եւ ոչ մի իրաւապահ մարմին նրան չէր պաշտպանի։ Այդպէս էր, օրինակ, Վաղարշապատ կամ Էջմիածին քաղաքում, որտեղ իշխում էր օրէնքից բարձր գտնուող կեներալ-լեյտենանտ, արցախեան հերոս Մանուէլ Գրիգորեանը։ Նրան հերոս, կեներալ կամ պատգամաւոր անուանելը մեղք էր, բայց այդպէս էր։ Նրան էին պատկանում Արմաւիրի մարզի արօտավայրերը, անտառները, օդն ու ջուրը։ Ինչպէս Սիւնիքն էր պատկանում մարզպետ Սուրիկ Խաչատրեանին (Լիսկա մականունով)։ Ասում էին, որ Լիսկան ունէր նոյնիսկ խոշտանգումների համար նախատեսուած խուց։ Մարդիկ անշուշտ ընդվզում էին։ Բայց կար մի ճշմարտութիւն. պետութեան դէմ չես կարող պայքարել։ Իսկ իշխանութիւնը զաւթած յանցախումբը ներկայացնում էր իրենից պետութիւն։ Ռեժիմի դէմ պայքարողները յայտնուում էին կալանավայրերում եւ երկրում մեծ թուով քաղբանտարկեալներ գոյացան, որոնք բաժանուած են ըստ վարոյթների. «Ծասնայ ծռերի» գործով դատապարտուածներ, «Նորք-Մարաշի զինեալ խմբի» գործով, «Սարի թաղի» գործով, Շանթ Յարութիւնեանի գործով… Առանձին վտանգ էին ներկայացնում ռեժիմի համար իսկական արցախեան հերոսներ Ժիրայր Սեֆիլեանը, Սամուէլ Բաբաեանը, որոնց բանտարկել էին, որովհետեւ նրանց սիրում էր ժողովուրդը եւ կարող էր նրանց հետեւից գնալ… Ինչ-որ տեղ աչքիս ընկաւ մի տեղեկատուութիւն օսմանեան շրջանի տարօրինակութիւնների մասին. սուլթաններն իրենց ախոյաններին վանդակի մէջ էին պահում «kafes»։ Վանդակ ասուածը անշուշտ յարաբերական էր, նրանք ամէն ինչ ունէին, բայց սահմանափակ պայմաններում, իսկ անազատութիւնը եւ մահապատժի հեռանկարը հասցնում էին նրանց խելագարութեան։ Ուրեմն մեր երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը իր ախոյաններին նոյնպէս «վանդակի» մէջ էր պահում։ Որքան աւելի խիզախ էր ախոյանը, այնքան աւելի մեծ պատիժ էր նախատեսւում նրա համար։ Դատական համակարգը լիովին կախուած էր մէկ մարդու կամքից։ Նրա զանգից։ Նրա որոշումից։ Բոլորը գիտէին, որ դատաւորները ընդամէնը խամաճիկ են, անկախ չեն։ Ինչ պատուիրում էին, այն էլ անում էին։ Եւ այնպիսի կախուածութեան մէջ են ընկել, որ այժմ, երբ վարչապետը չի զանգում, չի թելադրում, այլ պատուիրում է գործել առանց պատուէրի, ինքնուրոյն, ապա շուարել են, անգործացել են, յետաձգում են որոշումները… Մինչդեռ ամէն ինչ պարզ է։ Եթէ չկայ այլեւս ռեժիմը, որի դէմ պայքարում էին քաղբանտարկեալները, ուրեմն պէտք է նրան ազատ արձակել։ Յիշենք ինչպէս Սիպիրի ճամբարներից ազատ արձակեցին Ստալինեան ռեժիմի միլիոնաւոր զոհերը նրա մահից յետոյ (1953)։ Յատուկ յանձնաժողովներ ստեղծուեցին, որոնք արդարացրեցին եւ սպաննուածների եւ ողջ մնացածներին։ Սակայն չտրուեց իրաւական գնահատական եւ չարգիլուեց ահռելի յանցանք գործած համայնավար կուսակցութիւնը, ինչպէս դա արուեց Գերմանիայի նացիստական կուսակցութեան դէպքում։ Այսօր հարց է բարձրացւում ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան գործունէութիւնը որպէս յանցաւոր եւ արգիլել այդ կուսակցութիւնը։ Սակայն առայժմ նոր կառավարութիւնը չի շտապում եւ զբաղւում է կաշառակերութեան դէմ պայքարով։ Եւ դրանով զբաղւում է Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը։
Յունիսի 11-ին իր հրաժարականը տուեց ՀՀ Քննչական կոմիտէի նախագահ Աղուան Յովսէփեանը։ Հանդիպելով աշխատակազմի հետ՝ իր հրաժեշտի խօսքում նա ասաց.
«Ձեր ինքնուրոյնութեան դրսեւորումը ինքնուրոյն որոշումներ կայացնելու կարողութեան մէջ է, իսկ երբ չգիտէք ինչպէս որոշում կայացնել՝ գործէք օրէնքով»։
«Ինքնուրոյն որոշում»։ Չկար նման բան։ Դատաւորը ո՞վ էր, որպէսզի ինքնուրոյն որոշում կայացնէր։
Յունիսի 12-ին ԱԺ-ում սահմանադրական դատարանի անդամ էին ընտրում։ Թեկնածուն Ելիզաւետա Դանիէլեանն էր։ Այն հարցին, թէ եղե՞լ են պատուէրներ Բաղրամեան 26-ից (նախագահի նստավայր), նա պատասխանեց, որ երբեք չեն եղել։ Իսկ յեղափախութեան արդիւնքում ստեղծուած իրավիճակի փոփոխութիւնը մեկնաբանեց որպէս «Կրքերը հանդարտուեցին»։ Անորոշ մի ֆրազ, որը ոչ մի կերպ չի բնորոշում եղելութիւնը։ Նրա թեկնածութիւնը մերժուեց (անշուշտ հանրապետականները քուէարկեցին կողմ, բայց «Ելք» դաշինքը եւ «Ծառուկեան դաշինքը» հրաժարուեցին քուէարկութիւնից)։ Ըստ պատգամաւոր Էդմոն Մարուքեանի («Ելք» դաշինքի անդամ)
«Շատ բարդ է լինելու հիմա մարդկանց տարբերակելը, որովհետեւ լաւ պայմաններում սկզբունքայնութիւնը դրսեւորելը դիւրին է։ Ընդհանուրից դուրս կանգնածներին պիտի բերենք։ Մենք այս պայմաններում չենք կարող որոշում կայացնել եւ դատաւոր ընտրել»։
Յունիսի 17-ին ողջ հայութիւնը՝ Հայաստանի եւ սփիւռքի, մի մեծ ցնցում ապրեց։ Տասնեակ տարիներ մարդիկ պատմում էին Մանուէլ Գրիգորեանի յանցանքների մասին, բայց միայն իշխանափոխութիւնը հնարաւորութիւն տուեց խօսքից անցնել գործի եւ երբ ԱԱԾ-նը խուզարկեց Մանուէլ Գրիգորեանին պատկանող հանգստեան վայրը եւ մենք առերեսուեցինք նրա յանցանքի պատկերների հետ, ապա բառիս բուն իմաստով հասկացանք, թէ ինչ է նշանակում «մազերը բիզ-բիզ կանգնեցին»։ Այդ հերոս կոչուածը ոչ միայն ապօրինաբար զէնք ու զինամթերք էր պահում, այլ իւրացրել էր 2016-ի ապրիլեան պատերազմին առաջնագծի զինուորներին ուղարկած օգնութիւնը. սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, նոյնիսկ շտապօգնութեան մեքենայ… Պահածոների վրայ նշագրում կար «Զինուորի բաժին»։ Դրանք Մանուէլ Գրիգորեանը իր վայրի կենդանիների համար էր պահեստաւորել։ Արկղներում անհասցէատէր էին մնացել դպրոցականների նամակները.
«Իմ քաջ զինուոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինուոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու յաղթելու ես»։