dzovinarlok@gmail.com
Անձամբ ինձ համար շատ հաճելի է, որ մեր ժամանակի հերոս դարձաւ լրագրողը, որը խօսում էր ժողովրդի սրտից եւ բանականութիւնից, ունենալով դիպուկ խօսք, որը խոցում էր, վերլուծում էր, տանում էր իր հետեւից։ Դառնալով Ազգային Ժողովի պատգամաւոր, Նիկոլ Փաշինեանը շարունակեց իր սուր խօսքը արդէն ԱԺ-ի ամբիոնից, որը միշտ սառը ցնցուղի դեր էր կատարում։ Յեղափոխական ալիքը դարձրեց նրան ժողովրդի վարչապետ։ Եւ նա հնարաւորութիւն ստացաւ խօսքը փոխառինել գործի. զրկել տնտեսութիւնը մենաշնորհներից, փոխել խաղի կանոնները, որի արդիւնքում օլիգարխը տուրքերով պիտի լցնի ոչ թէ իշխանաւորի գրպանը, այլ պետութեան բիւջէն։ Յեղափոխութիւնը յաղթեց նաեւ տեղեկատուութեան գործօնի շնորհիւ։ Սակայն ցաւում եմ, որ մեր ժամանակներում տեղեկատուութեան մաքրութիւնը դառնում է կասկածելի եւ ընթերցողը դիւրին կարող Է մանիպուլասիօնի զոհ դառնալ։ Ստեղծուել են բազմաթիւ ատրպէյճանական կամ հակայեղափոխական կայքեր, որոնց նպատակը խեղաթիւրումն է։ Օրինակ, վերնագիրը ճչում է, որ Ազգային ժողովի հանրապետական խմբակցութեան պատգամաւոր Արմէն Աշոտեանը հպարտութեամբ նշում է, որ իր մայրը ատրպէյճանցի է։ Կայ նաեւ տեսանիւթ՝ ռուսերէնով, իսկ ո՞ր հայաստանցին չի հասկանում ռուսերէն, բայց ոչ. ո՛չ ոք չի նայում եւ լսում տեսանիւթը, նա իսկոյն հաւատում է, որ Աշոտեանը ատրպէյճանցի է, իսկ ով իրօք բացում է տեսանիւթը, ապա պարզում է, որ իրականում Աշոտեանի մայրը պաքուեցի է, իսկ պաքուեցի եւ ատրպէյճանցի տարբեր բաներ են։
Օրերս ստեղծուեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» մի կայք։ Եւ ահա տեսնում եմ հետեւեալ վերնագիրը. «Գարեգին Բ-ն եւ Սուրբ Հոգին անհամատեղելի են. պատրիարք Մանուկեանի նամակը Փաշինեանին»։ Բացում եմ, որ կարդամ, տեսնում եմ, որ իրականում այդ նամակի հեղինակը ոչ թէ պատրիարք Մանուկեանն է, այլ վարդապետ Յովհաննիսեանը։ Բայց ոչ մի ընթերցող չի նկատում այդ խեղաթիւրումը։ Քոմենթների տարափ է ուղեկցում նամակը. այո՛, շատ ճիշտ է, իրաւացի է վարդապետը։ Այն, որ կաթողիկոսին չեն սիրում, դա փաստ է։ Գոյացել է կարգալոյծ եղած հոգեւորականների մի մեծ բանակ։ Յունիսի 6-ին Աբովեան փողոցի վրայ գտնուող Ս. Կաթողիկէ եւ Ս.Աննա եկեղեցիների բակը դարձաւ հարթակ, որտեղ կարգալոյծ եղած քահանաները հանրահաւաք անցկացրեցին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնողների գլխաւորութեամբ, որից յետոյ եւ երթ։ Կարգալոյծ անողին կարգալոյծ անելու նպատակով, թէեւ դա վաղուց էր սկսուել. յիշում եմ մի յօդուած, որը գրուել էր դեռեւս 2013-ին, թէ ե՞րբ ենք կարգալոյծ անելու կաթողիկոսին։
Կարգալոյծ եղածներից մէկը՝ հայր Կորիւն Առաքելեանը, Ս. Գայիանէ վանքի վանահայրը իր ելոյթում ասաց, որ բարի նախանձով է նայում վրաց կաթողիկոսին, որը սիրուած է ժողովրդի կողմից։ Ասորի պատրիարքն էլ է սիրուած հոգեւորականների եւ ժողովրդի կողմից.
«Եկեղեցու գլուխը պոչն էր բռնել մի իշխանութեան, որն իր գրպանն է լցրել։ Մայիս 28-ին երբ տեսայ Սարդարապատում մեր վարչապետին, թէ ինչ սէր է վայելում ժողովրդի կողմից, ապա նրա կողքին փնտռեցի եւ չգտայ մեր հայրապետին, առջեւից քայլում էր մէկը՝ գաւազանը ձեռքին, ով լքուած էր թէ Աստծոյ, թէ իր ժողովրդի կողմից»։
Յեղափոխական ալիքը հասել է նաեւ Արցախ, եւ ժողովուրդը ընդվզել է ուժային կառոյցների դէմ, պահանջելով նրանց ղեկավարների հրաժարականը, քանզի Ազգային Անվտանգութեան ծառայութեան համակարգում ամենաթողութիւն է տիրել եւ շարքային արցախցիներին տարիներ է ճնշել են ու սպառնացել նոյնիսկ զէնքով։ Յունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրայ միջադէպ է տեղի ունեցել, այնուհետեւ մեծ թուով ԱԱԾ-ն յատուկ ջոկատայինները երկու քաղաքացու ծեծի են ենթարկել, իսկ ոստիկանները չեն միջամտել։ Համբերութեան բաժակը լցուել է եւ ժողովուրդը յանդգնել է ճանապարհները փակելով պահանջել ձերբակալել մեղաւորներին։ Չլսուած բան, որովհետեւ Արցախում միշտ ժողովրդին զսպել են այն պատրուակով, թէ պատերազմական գօտի է եւ պէտք է խուսափել ցնցումներից։ Սակայն ժողովրդի ճնշման արդիւնքում իրենց հրաժարականները տուեցին ԱԱԾ-ի ղեկավար Արշաւիր Ղարամեանը, նրա տեղակալ եւ յատուկ ջոկատի հրամանատար Գագիկ Սարգսեանը, ոստիկանութեան պետ Կամօ Աղաճանեանը։ Հրաժարական է տուել նաեւ պետնախարար (այսինքն վարչապետ) Արայիկ Յարութիւնեանը։ Այնպէս որ նախագահ Բագօ Սահակեանը յայտնուել է ծանր կացութեան մէջ։
Այո, մեր յեղափոխութիւնը, որը մտաւ համաշխարհային պատմութեան մէջ որպէս նախադէպը չունեցող անարիւն յեղափոխութիւն կամ իշխանափոխութիւն, այնուամենայնիւ դաժան եղաւ որոշների համար, քանզի աթոռներից զրկուեցին շատ-շատ ղեկավարներ, որոնք չէին սպասում ճակատագրի նման շրջադարձ։ Տնօրէններից, ռեքտորներից, միութիւնների նախագահներից, անգամ հայրապետից պահանջում են հեռանալ, հեռու մնալ այլեւս «փոքր մարդուն» ճնշելուց։ Մի՞թէ ղեկավարի գոյութեան պայմանը հէնց նրանում է կայանում, որպէսզի ճնշի, թունաւորի միւսների կեանքը։
«Մեր պետութեան գոյութիւնը ինքնանպատա՞կ է։ Այս պետութիւնը, որ մենք ստեղծել ենք, ինչի՞ համար է. ամէն մէկս մի պաշտօ՞ն ունենաք, ամէն մէկս մի բիզնե՞ս ունենանք։ Ծառայողական աւտոմեքենա՞ ունենանք։ Առանձնատո՞ւն։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետութեան գոյութեան գործնական նպատակը։ Այս խորհրդարանում մարդկանց մտքով չի էլ անցել, որ իրենց գործառոյթը մարդկանց երջանկութիւնից չզրկելն է։ Մարդկանց երջանկութեան հնարաւորութիւն տալն է…»։ Կեցցէ՛, Նիկոլ Փաշինեանը, որ խօսեց երջանկութիւնից Մայիսի 7-ին կառավարական ծրագրի քննարկումներին Ազգային Ժողովի ամբիոնից։