dzovinarlok@gmail.com
1991-ի Դեկտեմբերի 8-ին Սովետական Միութիւնը դադարեց իր գոյութիւնը որպէս աշխարհաքաղաքական միաւոր։ Միմեանցից անկախացած պետութիւնները սակայն միացան նոր կազմի մէջ, որը կոչուեց ԱՊՀ (Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն)։ ԱՊՀ երկրների կազմում չկան Բալթեան երեք հանրապետութիւնները եւ Վրաստանը։ Սակայն մայիսի 15-21 Սովետական Միութեան բոլոր նախկին հանրապետութիւններին Երեւանում միացրեց թատրոնը։ Կայացաւ 3-րդ թատերական ֆորումը, որին մասնակցեցին ԱՊՀ եւ Բալթեան երկրները ու Վրաստանը։ Թուով 12 երկրներ։ Առաջին ֆորումը կայացել էր 2012-ին Կիշնեւում (Մոլդովա), երկրորդը 2015-ին Մինսկում (Բելառուս), իսկ Երեւանից յետոյ չորրորդը տեղի կունենայ Տաշքենդում (Ուզբեկստան)։ Ֆորումի լեզուն ռուսերէնն էր, որը Սովետական Միութեան պետական լեզուն էր եւ որով իրականացւում են ԱՊՀ երկրների միջպետական շփումները։ Ֆորումի աջակիցներն են Թատերական Միութիւնների միջազգային համադաշնութիւնը եւ ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցութեան միջպետական հիմնադրամը. ահա այսպիսի երկար անուանում։ Իսկ արդէն Հայաստանում ֆորումի կայացումը ապահուում էր Հայաստանի Թատերական Միութիւնն ու Մշակոյթի նախարարութիւնը։ Ֆորումի առանձնայատկութիւնը նրանում էր, որ այն ստեղծել էր հարթակ երիտասարդ բեմադրիչների համար։
Հիւր էին եկել ոչ միայն ռեժիսորներ ու դերասաններ, այլ նաեւ թատերական քննադատներ, փորձագէտներ։ Հէնց փորձագէտների խորհուրդը հսկայական աշխատանքի շնորհիւ կատարել էր ներկայացումների ընտրութիւնը, իսկ ժիւրին ընտրեց արդէն այս ֆորումի լաւագոյն ներկայացումը եւ շնորհեց Կրան –Պրի մրցանակը («Ոսկէ հովանոց») «Ես այստեղ եմ» ներկայացմանը, որը բեմադրել էր Տաթեւ Մելքոնեանը, իսկ դերակատար Արամ Կարախանեանը ճանաչուեց ֆորումի լաւագոյն դերասան։ Միւս տարի նա կմասնակցի Մոսկուայում Չեխովի անուան թատերական փառատօնին։ Ի՞նչ կարելի է ասել Կարախանեանի մասին։ Նման դերասան դժուար է նոյնիսկ երեւակայել, աչքերիդ չես հաւատում՝ դիտելով նրա խաղը։ Այժմ ընդհատեմ մրցոյթային տեղեկատւութիւնը, թէ ով ինչ վաստակեց եւ անդրադառնամ թատրոնին, քանզի թատերական տօնը սկսւում է այն պահից, երբ դահլիճում լոյսերը մարում են եւ կայանում է աշխարհում ամենամոգական գործընթացը, որն է. հանդիսատեսի հանդիպումը բեմում կատարուող գործողութեանը։
Հետաքրքիր միտում նկատուեց թատերական մտքի մէջ. մտորումներ իշխանութեան շուրջ։ Արդեօք իշխանութիւն ունենալ նշանակում է ինչ ուզել՝ այն էլ անել։ Նոյնիսկ եթէ օրէնքը, ժողովուրդը, վերջապէս, իշխանակիրը ինքնիրեն թոյլ է տալիս նման կերպ գործել, ապա թատրոնը ապացուցում է, որ կայ նաեւ մի վերին ուժ, վերին Ճշմարտութիւն, որը վաղ թէ ուշ հանդէս է գալու իր ողջ ուժով։
Երկու ներկայացում նուիրուած էր Մեդեային։ Եւրիպիդը գրել էր «Մեդեա» ողբերգութիւնը 5-րդ դարում մեր թուարկութիւնից առաջ։ Անցան այն ժամանակները, երբ հանդիսատեսը ի վիճակի էր մտիկ անել երկարաշունչ մենախօսութիւնները։ Պէտք չԷ նաեւ ստեղծել Հին Յունաստանի տեսարանը, հանդերձանքը։ Միանգամից անցնում ենք բուն խնդրին։ Ի՞նչ է կատարուել։ Մեդեան օգնում է Յասոնին ձեռք բերել ոսկէ գեղմը, որի միջոցով վերջինս հասնում է իշխանութեան։ Այնուհետեւ Յասոնը որոշում է լքել Մեդեային եւ ամուսնանալ աւելի երիտասարդի հետ։ Եւ ահա Մեդեան որոշում է սպաննել ոչ միայն երիտասարդ հարսին, այլ նաեւ իր եւ Յասոնի երկու զաւակներին։ Ռիգայի (Լատուիա) ռուսական թատրոնը ցուցադրեց հանճարեղ մի ներկայացում։ Ռեժիսոր Վլադիսլաւ Նաստաւշեւը գտել էր այս պատմութեան բանաձեւը։
Բեմի վրայ կար երկու աթոռ եւ գոյն որպէս ֆոն։ Եւ ահա դիտում ենք գործողութիւնը, որը յիշեցնում էր բարձրաքանդակներ գունա-լուսային պատի ֆոնին։ Մեդեան գեղեցիկ չէր։ Գեղեցկութիւնը շեղում է ուշադրութիւնը։ Կարճ տեսարաններով մենք դիտում էինք կնոջ-մոր ցաւը, այնուհետեւ ամուսնու ցաւը, որը կորցնելով զաւակներին, զրկուեց նաեւ նրանց հողին յանձնելու իրաւունքից. «Ես իմ ձեռքով նրանց կը թաղեմ»,-պատասխանեց Մեդեան։
«Սա պատմութիւն է երկրային կարգի մասին եւ աստուածային կարգի։ Մենք կարծում ենք, որ իշխանութիւնը դա այն է, ինչ մարդուն դարձնում է ամենազօր եւ անխոցելի։ Բայց մենք մոռանում ենք ճշմարտութեան մասին, որը վեր է երկրային իշխանութիւններից։ Չի՛ կարելի դրժել երդումը։ Չի′ կարելի դաւաճանել կնոջը։ Չի կարելի դաւաճանել ո՛չ ուրիշին, ո՛չ ինքզինքին… Եւ երբ մարդը մոռանում է բարձրագոյն ճշմարտութեան մասին, նրան պատժում են – սա է Աստծոյ կարգը»,-այսպէս է մեկնաբանում ռեժիսորը ողբերգութեան գաղափարը։
Բելառուսի հանրապետական թատրոնը այդ ողբերգութիւնը տեղափոխում է ժամանակակից հարթութիւն եւ ցուցադրում է «Մեդեայի ախտանիշը» (ռեժիսոր Եկատերինա Ավերկովա)։ Սա լաւագոյն ներկայացումն էր, որ ես տեսա վերջին տարիների ընթացքում։
Հետաքրքիր էր նաեւ Ղազախստանի պետական թատրոնի «Լիր Արքան» (ռեժիսոր Ելիկ Նուրսուլտան)։ Եւ վերջապէս անհնար է չնշել Մոլդովայի անկախ թատրոնի «Սեւ արկղ» ներկայացումը (ռեժիսոր Դանիէլա Բուրլակա), որն անդրադարձաւ մեր ապրելակերպի գլխաւոր բաղադրիչի մասին, բջջային հեռախօսի, որը թագցնում է մեր երկրորդ «ես»-ին։ 7 ընկերներով (երեք ամուսնական զոյգ եւ մէկ ամուրի տղամարդ) հաւաքւում են ընթրիքի եւ որոշում են զուարճանալ հետեւեալ կերպ. բջջային հեռախօսի խօսակցութիւնը լսել բարձրաձայն։ Այսպիսով թագնուածը բացայայտուում է եւ ճշմարտութիւնը ներխուժում է ձեւական կեանքի մէջ ու սրբագրում կեղծիքները։ Ո՛վ սիրեկան ունի, ո′վ երախայ՝ սիրուհուց, ով լսում է, թէ ինչ է մտածում դուստրը իր մասին… Պէ՞տք է արդեօք հրապարակայնացնել թագուն կեանքը։ Միեւնոյնն է ամէն գաղտնիք մի գեղեցիկ օր ի յայտ է գալիս։ Եւ թուլացնելու փոխարէն ուժեղացնում է մարդուն։