dzovinarlok@gmail.com
Պիտի արձանագրենք, որ ոչ մի հայ այդքան մեծ ուրախութիւն չպատճառեց հայ ազգին, ինչպէս Սերժ Սարգսեանը, երբ տուեց հրաժարական։ Մարդիկ ուրախութիւնից պարում էին ու պարում, չկարողանալով յագենալ… Սակայն Սերժից յետոյ որ կողմ նայում ենք, տեսնում ենք սերժածիններին։ Ասում են այս անգամ ոչ թէ անձեր ենք փոխելու, այլ համակարգը։ Բայց ի՞նչ համակարգի մասին է խօսքը։ Կար իշխանութիւն եւ կար ժողովուրդ։ Եւ ահռելի անդունդ այդ երկուսի միջեւ։ Ահա այդ անդունդի մէջ եւ գահավիժեց հանրապետական կուսակցութիւնը,որի միջոցով պահւում էր իշխանութիւնը։ Այժմ տեսնենք, թէ ինչպէս են քաղաքագէտները մեկնաբանում հետագայ գործընթացը, քանզի այսօր որտեղ մատդ դնում ես, յայտնագործում ես անօրինութիւն, այսինքն թալան։ Այս կառավարութիւնը, որը նշանակեց Նիկոլ Փաշինեանը, ես կ՚անուանէի հակակոռուպցիոն կառավարութիւն, որը պիտի մաքրի տնտեսական դաշտը եւ վերադարձնի թալանուածը հայ ժողովրդին։
Ըստ քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանի Հայաստանի յեղափոխութիւնը դասական առումով յեղափոխութիւն չէր, որի ժամանակ ամէն ինչ սրբում-ջնջում, մաքրում են եւ դա արւում է շատ աւելի կտրուկ, արագ եւ արմատականօրէն։ Մեր յեղափախութիւն-իշխանափոխութիւնը ընթացաւ աննկարագրելի քաղաքակիրթ սցենարով, անհաւատալի իրաւական շրջանակներում։ Նման բան աշխարհում ոչ մի տեղ չէր եղել։ Ինչ վերաբերւում է ՀՀԿ-ին, ապա դա յանցախումբ է, որը բացայայտ յանցագործութիւններով երկիրը կեղեքել է։ Նման կուսակցութեանը ինչպէ՞ս կարելի է թողնել, որ ընդդիմութիւն լինի։ Երեւակայէք, որ նացիստական կուսակցութիւնը ընդդիմութիւն դառնար ֆաշիստական Գերմանիայի ոչնչացումից յետոյ. ուղղակի արգելեցին եւ մինչեւ հիմա արգիլուած է…Հայ հասարակութեան քաղաքակրթուածութեան եւ քաղաքակրթութեան դրսեւորման շնորհիւ են նրանք մնացել, բայց դա շատ վտանգաւոր է։
Իսկ ահա թէ ինչպէս է բնութագրում մեր այսօրուայ իրավիճակը քաղաքագէտ Մանուել Սարգսեանը.
«25 տարի առաջ չկառուցեցին ժողովրդավարական ինստիտուտներ եւ երկիրը օլիգարխիացուեց, այսինքն քրէական պայմանաւորուածութիւնների հիման վրայ սկսեց գործել մի ամբողջ երկիր։ Ստեղծուել էր ընդամէնը բանակ եւ ոստիկանութիւն, որոնք ծառայում էին քաղաքականացուած խաւին, որն ապրում էր այդ օլիգարխիկ օրէնքներով։ Ասում են համակարգը պէտք է փոխել, բայց համակարգը երբեք չի կառուցուել այստեղ։ Ո՛չ ոք չի պատկերացնում, որ զրոյից պիտի կառուցենք համակարգի ինստիտուտները։ Բոլորս գիտենք, որ չկայ դատական համակարգ։ Ո՛չ ոք այդ համակարգը չի կառուցել։ Չկայ ընտրութիւնների ինստիտուտ»։
Այնուհետեւ Մանուել Սարգսեանը խօսում է սեփականութեան ինստիտուտի մասին, որ անկիւնաքարն է բոլոր խնդիրների.
«Որեւէ մէկը համոզուած չէ, որ իր սեփականութիւնը պաշտպանուած է։ Միակ պաշտպանման ձեւը եղել է զաւթել իշխանական համակարգը, որովհետեւ ուրիշ միջոց չկար։ Այժմ պիտի ստեղծուի պաշտպանման ինստիտուտը։ Մեզ մօտ իշխողները կորցրել են իրենց դիրքերը։ 25 տարի ազգային հարստութիւնը ինչ-որ խումբ թալանել է։ Ժողովուրդը ո՛չ մի իրաւունքներ չի ունեցել։ Միայն պարտականութիւններ. երեխաներ բերել եւ ուղարկել, որպէսզի պաշտպանէն այդ թալանչիներին։ Բազմաթիւ երկրներում եղել են զինուած յեղափոխութիւններ եւ թալանչիներին ֆիզիկապէս ոչնչացրել են։ Իսկ մենք եզակի իրավիճակում ենք, ամենահզօր քաղաքականութեան անհնազանդութեան արդիւնքում ստեղծուել է մի իրավիճակ, երբ բոլորս դարձել ենք այս իրավիճակի պատանդները։ Գալիս է մի պահ, երբ ինչ-որ հարցերի շուրջ պիտի գանք համաձայնութեան։ Կան նախագծեր. կանոնաւորել քաղաքական եւ տնտեսական դաշտը։ Ինչի՞ վրայ են դնում յոյսը մեռեալ հասարակութեան պաշտօնեաները։ Բոլոր կուսակցութիւնները եղել են կլանային խմբաւորումներ, հակապետական։ Պէտք է օրէնքներ ընդունել, որպէսզի կանոնաւորուեն կուսակցութիւնները։ Ի՞նչ պիտի անէն օլիգարխները, որպէսզի իրենց սեփականութիւնը օրինականացնեն։ Հողերը, ջրերը զաւթուել են։ Ժողովուրդը չի ճանաչում նրանց սեփականութեան իրաւունքը։ Բաւ է դուրս գան համակարգից, որ սեփականութիւնը չճանաչուի։ Ուրեմն ի՞նչ պէտք է անել։ Պէտք է կիսուել։ Իսկ կուսակցութիւնները պիտի վերագրանցուեն, ներկայացնելով ծրագրեր, այլ ոչ թէ գան անձերով եւ յայտնեն «Ես լաւ տղայ եմ»։ 55 մանդատ ունեցող հանրապետականները չեն կարող օգտագործել այդ մանդատները իրենց շահերին եւ մնացել են վանդակի մէջ։ Կայ գլխաւոր դատախազ, որն արդէն անգլուխ եւ անոտ համակարգի ներկայացուցիչ է։ Մնացել է կախուած առանց յենարանի։ Եւ դա հեքիաթ է, որ կարող են վերադարձնել իրենց իշխանութիւնը»։
Հասարակութիւնը մերժում է հանրապետականներին։ Բազմաթիւ են դէպքերը, երբ հանրապետական կուսակցութեան յայտնի դէմքեր մտնում են ինչ-որ մի խանութ, եւ աշխատողները հրաժարւում են նրանց սպասարկելուց։ Միացնում են «Իմ քայլը» յեղափոխական երգը եւ նրանք ստիպուած հեռանում են։
Գործատուների հանրապետական միութեան նախագահ Գագիկ Մակարեանի կարծիքով
«Մենք ունենք այժմ կառավարութիւն, որի համապատասխանութիւնը 65% է կազմում։ Կան ոլորտներ, որոնք աւելի կարեւոր են, քանի որ ստեղծում են յաւելեալ արժէքներ։ Այդ նախարարութիւնները չորսն են. էկոնոմիկայի նախարարութիւն, գիւղատնտեսութեան, էներգետիկայի եւ կապի ու տրանսպորտի նախարարութիւնները։ Մենք ծրագիր ենք պատրաստել վարչապետին։ Ինչպէս հասնել տնտեսական զարգացման արագութեան, որը քաղաքացիները կզգան իրենց վրայ։ Մենք առաջարկել ենք լուծումներ։ Յատուկ ստեղծուած հիմնադրամների շնորհիւ կարելի է ապահովել օլիգարխների փողերի վերադարձը։ Այդ հիմնադրամում համաձայնագրերի մեխանիզմով նրանք կունենան երաշխիքներ, որ իրենց բիզնեսը, իրենց սեփականութիւնը անվտանգ են եւ պատկանում են իրենց եւ ժառանգներին։ Փոքր մասը տալով, նրանք կը պահպանեն մեծ կտորը։ Այսուհետ նրանք պիտի աշխատէն թափանցիկ։ Վարչապետը պիտի անհատական զրոյց ունենայ բոլոր օլիգարխների հետ»։
Ահա այս ձեւով մեծահարուստները՝ մտնելով ոչ թէ խորհրդարան, այլ իրաւական դաշտ, կարող են լեցնել պետական բիւջէն եւ օրինականացնել իրենց գործունէութիւնը ոչ միայն անձնական, այլ եւ պետական շահի համար։