dzovinarlok@gmail.com
Երազի մէ՞ջ ենք, այս ինչ է կատարւում մեզ հետ։ Մենք իրօք դառնում ենք մեր երկրի տէրը, ոստիկանը, վարչապետը եւ հպարտ քաղաքացին։ Բաւ է մտնել այսօր որեւէ պետական ծառայութեան հիմնարկ եւ կը տեսնէք, որ շարքային մարդուն այլեւս չեն նայում վերեւից ներքեւ։ Մենք բնոյթով եւրոպացի ենք, բայց առանց կաշառքի հնարաւոր չէր լուծել ինչ-որ հարց։ Նիկոլ Փաշինեանը սկսեց առաջին հերթին արմատախիլ անել կաշառքի գաղափարը։ Ինչպէ՞ս։
Ժամանակին Սահակաշուիլին հեռացրեց գործից 16,000-ոց ճանապարհային ոստիկանական կազմը, որպէսզի վերջ դնի կաշառակերութեանը այդ ոլորտում։ Մեր ընտրած վարչապետը ազատեց միայն ոստիկանապետ՝ գնդապետ Վլատիմիր Գասպարեանին, իսկ մնացածներին դիմեց խօսքով։ Տուեալ դէպքում խօսքը պիտի աւելի մեծ ուժ ունենայ, քան գործողութիւնը։ Եւ մենք դա տեսանք։ Վարչապետն ուզում է, որ հայաստանցին իր երկրում միայն տուգանք մուծող չլինի. «Մի՛ պատժէք, այլ կանխարգելէ՛ք»,-դիմեց նա ոստիկաններին։ Նիկոլ Փաշինեանի ասածը իսկոյն հաստատեցին. ոստիկանը ճանապարհին կանգնեցրեց օրինազանցներին եւ սիրալիր խնդրեց այլեւս կարգը չխաղտել։
Հերոսներով լի մեր Հայաստանում չկար սակայն առաջնորդ։ Սերժ Սարգսեանն ու իր ռեժիմը ամայացրել էին քաղաքական դաշտը իր ընդդիմադիրներով։ Եւ երբ ես այսօր յիշում եմ «Ելք» դաշինքի ընտրարշաւը 2017-ի խորհրդարանական ընտրութիւններում, թէ ինչպէս էին Նիկոլ Փաշինեանն ու Էտմոն Մարուքեանը մտնում շէնքի բակեր եւ բացականչում «Ելք կայ, ելք կայ» եւ ոչ ոք չէր արձագանգում, իմ լացն է գալիս։ Դաշինքը հաւաքեց մէկ տարի առաջ ձայների 7.77%-ը։ Այժմ, ունենալով ֆաստացի ողջ բազմամիլիոնանոց հայորդիների հաւանութիւնը, «Ելք»-ը այնուամենայնիւ մնում է խորհրդարանում որպէս քաղաքական փոքրամասնութիւն։ Նման բան չէր եղել, որ փոքրամասնութիւնը ձեւաւորի կառավարութիւն։ Երեք օրում վարչապետը նշանակեց նախարարներին եւ հաւաքեց իր շուրջ նուիրեալներին։ Նրանք գիտակցում են, թէ ինչ բեռ ընկաւ նրանց ուսերին։ Ի՛նչ ահռելի պատասխանատուութիւն, քանզի նախկին կառավարութիւնից ոչ ոք լաւ բան չէր սպասում բացի հարուածներից։ Օրինակ, երբ ունեցանք ապրիլեան քառօրեայ պատերազմ եւ Սերժ Սարգսեանը ազատեց Սեյրան Օհանեանին պաշտպանութեան նախարարի պաշտօնից եւ նշանակեց Վիգէն Սարգսեանին, ապա նորանշանակ Վիգէն Սարգսեանի առաջին քայլը եղաւ 1000 դրամների նախագիծը։ Այսինքն այսուհետ ամէն աշխատող պիտի աշխատավարձից 1000 դրամ տրամադրէր ապագայում զոհուած կամ վիրաւորուած զինուորի ընտանիքին։ Իսկ հիմա ծնողին, որը պահում էր իր զաւակին բանակում, ուղարկելով ամիսը մէկ անգամ ծանրոցներ ուտելիքով եւ հիգիենիկ պարագաներով, կտրուկ արգիլուեց շարունակել այդ աւանդոյթը, քանի որ սահմանը պահող զինուորին պարտաւոր է պետութիւնը պահել։ Երա՞զ ենք տեսնում, ինչ է։
Մենք յետսովետական երկրների շարքում ենք եւ կար կարծրատիպ, որ Ռուսատանը թոյլ չի տայ որեւէ մէկին դուրս գալ իր գերագոյն ենթակայութիւնից։ Երբ Վրաստանն ու Ուկրանիան որոշեցին քայլ անել դէպի արեւմուտք, դէպի ժողովրդավարութիւն, նրանք Ռուսաստանի ձեռամբ կորցրեցին տարածքներ։ Սակայն մեր յեղափոխութեան ատեն Ռուսաստանը չը միջամտեց եւ յայտարարեց, որ դա մեր երկրի ներքին խնդիրն է։ Այստեղ կոտրուեց մի առասպել, որի համաձայն Ռուսաստանը թոյլ չի տա մեզ փոխել համակարգը եւ վարչապետ ընտրել փողոցում՝ առանց իր հաւանութեան։ Ռուսաստանը սակայն անհանգստացաւ, արդեօք Հայաստանը Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան գալուց յետոյ կը մնայ ԵԱՏՄ-ում (Եւրասիական տնտեսական միութիւն) եւ չի խզի կապերը ՌԴ-ան հետ, դառնալով արեւմտամէտ։ Նիկոլ Փաշինեանը պատասխանեց ՌԴ-ն լրագրողներին, որ Հայաստանը ոչ միայն չի խզի կապերը Ռուսաստանի հետ, այլ՝ կը բարելաւուի եւ նոր հնարաւորութիւններ կ՚օգտագործի, սակայն Հայաստանը չի լինի ռուսամէտ կամ եւրոպամէտ, իրանամէտ կամ ամերիկամէտ, այլ միայն ու միայն հայաստանամէտ՝ յանուն պետութեան սեփական շահերի։
Մեր հիասքանչ յեղափոխութիւնը, որը բարձրացրեց Հայաստանի վարկանիշը բովանդակ աշխարհի աչքի առաջ, կատարուեց ներքեւից վերեւ։ Մի ամբողջ ժողովուրդ ծառայում էր քաղաքական վերնախաւին, որը զբաղուած էր միայն իր բիզնես-շահերով, որի համար եւ մտել էր գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւն։ Ուր որ է կորցնում էինք Հայաստանը եւ մեր տասնեակ հազարամեակների պատմութիւնը աւարտի էր հասնելու։ Ալիեւը իրաւացիօրէն ասում էր, որ քիչ է մնացել՝ Հայաստանը կը պարպուի եւ մենք դհոլ ու զուռնայով կը մտնենք Երեւան… Մերժուաց հանրապետական կուսակցութիւնը, որը չի կիսում համաժողովրդական ուրախութիւնը, խօսում է ատելութեան մթնոլորտի մասին։ Նրանց ֆիզիկապէս չը ոչնչացրին, ինչպէս դա կատարւում էր միւս երկրներում յեղափոխութիւնների ատեն, թողեցին որ ապրեն, բայց զրկեցին իշխանութիւնից, որն էր նրանց գոյատեւման պարտադիր պայմանը։ Չգիտես ինչի հանրապետականները իրենց անպարտ զօրք էին զգում, կարծելով, թէ իշխանութիւնը դա միայն ու միայն իրենց մենաշնորհն է։ Երբ յեղափոխութիւնը եկել թակում էր նրանց դուռը, ապա նրանք կրկին չէին հասկանում, թէ ինչ է կատարւում.
-Եթէ ժողովուրդը դուրս է եկել փողոց, ուրեմն ասելիք ունի եւ մենք կը յարգենք նրա կարծիքը։
Բայց դերերը փոխուեցին. հանրապետականները այսուհետ լինելու են ընդդիմութիւն։ Սակայն քանի որ առաջին անգամն է, երբ ժողովուրդը ինքն է ընտրել իր ղեկավարին եւ սիրում է նրան, ուրեմն այլուհետ ընդդիմութիւն նշանակելու է ընդդէմ ժողովրդի եւ իր վարչապետի։
Ներկայացնելով նորանշանակ ԱԱԾ-եան (Ազգային Անվտանգութեան ծառայութիւն) տնօրէն Արթուր Վանեցեանին, Նիկոլ Փաշինեանը յորդորեց աշխատակիցներին.
«Դադարել քաղաքական հակառակորդների հետապնդման գործիք լինելուց»։
Իսկ ոստիկանութեան աշխատակիցներին յիշեցրեց.
«Ոստիկանութիւնը պիտի ապացուցի, որ իր եւ ժողովրդի միջեւ չկան փշալարեր, վահաններ եւ յատուկ միջոցներ»։
Այսօր, մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինեանը Սոչիում է, որտեղ մեր Հայաստանի մեծ մի հատուածն է ծուարել։ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի է մեկնել։ Խօսում եմ մի հայի հետ, որը բնակուել է Մոսկուայում, խօսակցութեան աւարտին ասում է. «Դէ տեսնենք ինչ կասի Փութինը…»։ Սա ռուսհայի կայսերապաշտ Փութինապաշտ մտածողութիւն է, որի համար Հայաստանի վարչապետից վեր ռուսական ցարն է։ Մեծ եղբայրը։ Հայրը։ Այո՚, այնպէս ստացուեց, որ մեր Նիկոլ Փաշինեանը տարիքով ամենաերիտասարդն է այն ղեկավարներից, որոնք այսօր միացել էն ԵԱՏՄ-ում, սակայն դարով նա աւելի մեծ է, քանզի նա արդէն պատկանում է լիովին 21-րդ դարի մարտահրաւէրներին, իսկ նրանք դէռեւս չեն կտրուել 20-րդ դարից։ Օրինակ, Ղազախստանի նախագահ Նազարբաեւը 77 տարեկան է, նախագահում է 1990-ից, Փուտինը 65 տարեկան է, երկրի ղեկին է 2000-ից, Լուկաշենկով 63 է, բայց Պելառուսի նախագահն է 1994-ից…։ Վախեցած են երիտասարդ Նիկոլից։ Գուցէ այդ պատճառով մեր վարչապետը մօրուքով է հանդէս գալիս, որպէսզի տարիքով աւելի մեծ երեւայ։