Այս օրերին մենք տեսանք ինքներս մեզ այնպէս, ինչպէս կանխատեսել էր ինքն Աստուած։
Զարմանում են, մի՞ թէ այդ նոյն ժողովուրդն է, որը մուրում էր ընտրակաշառք անցեալ տարի։ Կարծում եմ մարդու ներսում դաշնամուրի պէս ստեղնաշար կայ. կարող ես ահաւոր անշնորհք մի բան նուագել այդ նոթաներով, բայց կարող ես աստուածային մեղեդի հնչեցնել։ Այսօր հայը դարձաւ աշխարհի համար մարդկային դրսեւորման բարձրագոյն օրինակ։ Բազմաթիւ օտարերկրեայ լրատուական միջոցներ ապրեցին Երեւանում աներեւակայելի օրեր. մի պելառուս լրագրող անուանեց մեր այս յաղթական օրերը կառնավալ, ճշմարիտ ռուս լրագրողները որակում էին որպէս յեղափոխութեան փառատօն, անշուշտ, համեմատում էին Ռուսաստանի հետ եւ… արտասւում. «Տխուր է, ո՛չ, հայերի համար ուրախ ենք, բայց մեզ համար տխուր է։ Հիմա հայկական դրօշն է ծածանւում, բայց հաւատում եմ, որ մի օր էլ ռուսական դրօշը կը ծածանուի եւ մեզ մօտ էլ կը յաղթի ազատութիւնը»։ Ո՞վ գիտի, երբ դա կը լինի։ Ահա թէ ինչ է ասում այդ մասին հրապարակախօս Անտոն Օրեխը. «Իշխանութիւնները ամէն տեղ նոյնն են, միայն ժողովուրդներն են տարբեր։ Նայում եմ հայերին եւ հասկանում, որ մեզ Հայաստանից բաժանում է ոչ թէ 1800 քմ Մոսկուայի եւ Երեւանի միջեւ, այլ՝ 1800 լուսային տարիներ»։
Մայիսի 1-ին հայ ժողովուրդը մի մարդու պէս 12 ժամ կանգնեց Հանրապետութեան հրապարակում, սպասելով հանրապետականների քուէարկութեանը։ Բայց նրանք քննութեան ենթարկեցին ժողովրդի ընտրեալ Նիկոլ Փաշինեանին։ Եւ մենք առաջին անգամ լսեցինք նրանց մտքերը։ Միայն երկուսինը մէջ բերեմ առանց անունները տալով. «Լաւ էլ ժողովրդավարական երկիր ենք, եթէ մեզ մօտ կատարւում է ժողովրդավարական յեղափոխութիւն» եւ «Այստեղ չկայ գէթ մէկը, որի մեղքի պատճառով սա չի կատարուել»։ Ժամեր շարունակ Նիկոլ Փաշինեանը պատասխանում էր այն հարցերին, որոնք առաջացել էին հէնց նրանց իշխանութեան շնորհիւ… Նաեւ շանտաժ էին անում, թէ իբր ատրպէյճանական զօրքերը այս յեղափոխութեան պատճառով կուտակուել են սահմանին։ Սուտ, որովհետեւ Ատրպէյճանը աշխարհի միւս բոլոր երկրների նման աչքերը չորս արած սպասում էր հանգուցալուծմանը, նախանձելով եւ յոյս փայփայելով, որ գուցէ քաղաքացիական պատերազմ ծագի։ Ո՛չ, սա մեր ընտանեկան յեղափոխութիւնն էր։ Պահն էր եկել, որպէսզի համակարգը փոխուէր։ Տրամադրութիւնը փոխուէր։ Դէմքի դժկամութիւնը կորչէր։ Մեր միջի ստրուկը նահանջէր։ Եւ դա ոչ միայն կատարուեց, այլ դարձաւ անդառնալի։ Այլեւս երբեք Հայաստանը չի լինի նախկինի նման երկիր։ Բայց հանրապետական կուսակցութիւնը չէր լինի հանրապետական կուսակցութիւն, եթէ ընդունէր, որ նա այլեւս գոյութիւն չունէր, որովհետեւ իրականում այդ կուսակցութիւնը երբեք չի էլ եղել։ Եթէ եղել էր եւ կար, ուրեմն ո՞ւր էին այն 350,000 – 500,000 անդամները (եթէ չեմ սխալւում), երբ նրանց ընտրած վարչապետին մերժում էր ողջ Հայաստանը։ Ինչեւէ, համեմատելով երկու վարչապետների ընտրութիւններ՝ Սերժ Սարգսեանի եւ Նիկոլ Փաշինեանի, ունեցանք հետեւեալ պատկերը.
Սարգսեանին տուեցին 8 հարց, Փաշինեանին՝ 26, Սարգսեանի ընտրութեան ժամանակ նիստը տեւեց 5 ժամ, իսկ Փաշինեանի՝ 8 ժամ 45 րոպէ։
Արդիւնքում հանրապետականներին Նիկոլի թեկնածութիւնը չհամոզեց եւ ժողովուրդը ինչ-որ մի երկվայրկեան հիասթափուեց, այնուհետեւ էլ աւելի համախմբուեց եւ ուժեղացաւ։ Այդպիսին է այս ֆանթասթիկ յեղափոխութեան առանձնայատկութիւնը։ Սակայն հետեւով ԱԺ-ի նիստին, ես նկատեցի մի հետաքրքրական բան. Նիկոլին բոլոր պատգամաւորները արդէն ընդունում էին որպէս իրական վարչապետ, բայց Նիկոլ-վարչապետին (ի տարբերութիւն Սերժ-վարչապետի) նրանք յանդգնում էին քննադատել, նոյնիսկ դէմ քուէարկել, ինչը հնարաւոր չէր անցեալում։ Այսպիսով ազատութիւնը ներթափանցեց նաեւ այս երբեմնի սովետական պատերից ներս եւ դա նոյնպէս յաղթանակ էր։
Թէ ի՛նչ եղաւ հետեւեալ օրը, անհնար է նկարագրել։ Հայաստանի բոլոր ճանապարհները անխտիր շրջափակուեցին։ Եւ այդ 55 հանրապետականները յայտնուեցին տնային կալանքի մէջ, որովհետեւ նրանք ոտքով դուրս գալու երես չունէին, նրանց դռներին պարմանիները «դաւաճան» էին փակցնում, օճառներ դնում նրանց տան շեմին։ Նրանք արժանացան անջնջելի «վասակ» խարանի…Մայիսի 2-ին հանրապետականները չդիմացան եւ յայտնեցին, որ Մայիսի 8-ին կը քուեարկեն Նիկոլի օգտին։ Հարց է ծագում. ինչո՞ւ ուրեմն Մայիսի 1-ին դա չարեցին։ Հանրապետական պատգամաւոր Յակոբ Յակոբեանն, օրինակ, ասաց. «Մենք Մայիսի 1-ին քուէարկեցինք Նիկոլի դէմ, որպէսզի Մայիսի 8-ին քուէարկենք կողմ»։ Լսե՞լ էինք նման անհեթեթութիւն։ Մէկ շաբաթով մատնել երկիրը անիշխանութեան… սա արդէն իրօք պետական դաւաճանութիւն է եւ փա՛ռք տանք Աստծուն, որ Հայաստանի ժողովուրդը դրսեւորեց առաւելագոյն համբերատարութիւն եւ կարգապահութիւն։
«Մենք պէտք է բարեացակամօրէն աշխատենք Հայաստանի հետ, չխոցելով եղբայրական ժողովրդի մշակոյթը, քաղաքակրթուածութիւնն ու ազգային արժանապատւութիւնը»,-զգուշացրեց ռուս պատմագէտ Նիկոլայ Պլատոշկինը։ Իսկ ռուս քաղաքագէտ Արկադիյ Դուբնովը խոստովանեց. «Այն ինչ կատարուեց Հայաստանում, չունի աշխարհում նախադէպ։ Պարզուեց, որ հայերը մեծ ժողովուրդ են, ես պարծենում եմ…»
Իսկ ինչ վերաբերւում է Նիկոլ Փաշինեանի վարչապետի ընտրութեան ձգձգմանը, որը ձեռնարկեցին հանրապետականները, ապա շատ հաւանական է, որ օլիգարխները, զրկուելով իշխանութիւնից, խոցելի են դառնում միջազգային արդարադատութեան մարմինների կողմից, որոնք պատրաստ են սառեցնել նրանց օֆշորային բանկային հաշիւները։ Վերլուծաբանները ցոյց են տալիս այն մեխանիզմը, որով օլիգարխները
կարող են վերադարձնել թալանած
միլիառները եւ այսպիսով տեղ ապահովել իրենց ընտանիքների համար երկրագնդի վրայ։
Մայիսը տօներով լի ամիս է հայ ժողովրդի համար։ Աստուած կամեցաւ, որ Մայիսի 8-ին երկու տօներին գումարուի եւս մէկը եւ ունենանք եռատօն. Մայիսի 8-9-ը (1992) Շուշիի ազատագրման, ինչպէս նաեւ Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945) յաղթանակի օրերն են։