dzovinarlok@gmail.com
Մօտենում է Ապրիլի 24-ը։ Պիտի կրկին մտովի ցեղասպանուենք, յիշենք եւ յիշեցնենք աշխարհին… Սակայն մէկ շաբաթ առաջ լինելու է Ապրիլի17-ը։ Սերժ Սարգսեանը որպէս երկրի միանձնեայ ղեկավար երրորդ անգամ է կանգնելու իշխանութեան գլուխ, եւ սպիտակ ցեղասպանութիւնը շարունակուելու է։ Երկու դէպքում էլ պատճառը բարեկեցութիւնն է։ Օսմանեան կայսրութիւնում հայերը շատ աւելի բարեկեցիկ էին, հարուստ, քան թուրքերը։ Իսկ ներկայիս Հայաստանում հայաստանցին ունեզուրկ է եւ լքում է երկիրը, մեկնելով բարեկեցութեան ետեւից։ Ինչպէս նաեւ փախչում է անարդարութիւնից եւ սոսկալի անօրէնութիւնից։ Պէտք չէ ուրեմն ջարդ, կոտորած, բաւ է մեղմ ասած անշնորհք քաղաքականութեամբ զրկել մարդկանց սեփական հողի վրայ աշխատելու ու վաստակելու հնարաւորութիւնից, արժանապատւութիւնից, եւ նա ինքը կը լքի հայրենիքը։ Ավտորիտար (միապետական) ռեժիմի դէմ դուրս եկողները բանտերում են յայտնւում։ Սակայն դա չի կանգնեցնում երիտասարդներին։ Սահմանները պահում է փայլուն երիտասարդութիւնը, իսկ ներսում փտած իշխանութեան դէմ դուրս է եկել նոյն փայլուն երիտասարդութիւնը։ Վախը իրենց մէջ յաղթահարած, յանդուգն ու քաջ։
Ապրիլի 9-ին տեղի ունեցաւ նոր նախագահի՝ Արմէն Սարգսեանի երդմնակալութիւնը։ Եւ մենք ունեցանք թուով չորրորդ նախագահ, որը 2013-2018թթ.-ին Միացեալ Թագաւորութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանն էր։ Չորրորդ նախագահը չի ունենալու այն լիազօրութիւնները, ինչ ունէին նախկին նախագահները։ Քանի որ Հայաստանը անցաւ խորհրդարանական համակարգի, ապա երկրի ղեկավարը լինելու է ոչ թէ նախագահը, այլ՝ վարչապետը, որին ընտրելու են Ապրիլի 17-ին։ Ներկայիս կառավարութիւնը՝ վարչապետ Կարէն Կարապետեանի հետ հանդերձ հրաժարական տուեց Ապրիլի 9-ին։
8 օրուայ բնական մի ճեղք առաջացաւ։ Իշխանութեան ընդհատում։ Կամ անիշխանութիւն։ Սա պատմական հնարաւորութիւն էր ժողովրդի համար, որն արդէն թմբիրի մէջ էր մտել։ Ո՛չ ոք չի ուզում ապրել ճահճում, բայց քչերն են յանդգնում դուրս գալ պայքարի։ Հայ երիտասարդը յանդգնում է եւ… փառք տանք Աստծուն, որ ի դէմս Նիկոլ Փաշինեանի գտնուեց այս շարժման առաջնորդը։ Տուեալ դէպքում բացարձակ կարեւոր չէ, թէ նա ինչ կուսակցութեան է պատկանում, կարեւորն այն, որ նա ընդդիմադիր է իր էութեամբ եւ Մարտի 31-ից առաջնորդում է քայլարշաւը՝ ընդդէմ Սերժ Սարգսեանի վերարտադրութեան եւ հանրապետական կուսակցութեան։ «Քա՛յլ արա՝ մերժիր Սերժին» կարգախօսով երիտասարդները սկսեցին իրենց ընդվզման քայլարշաւը Կիւմրի քաղաքի Վարդանանց հրապարակից, հասան Վանաձոր, Սեւան, Ռազդան, Աբովեան եւ Ապրիլի 13-ին հաւաքուեցին Երեւանի Ազատութեան հրապարակում։ Այնուհետեւ հաստատուեցին Ֆրանսիայի հրապարակում։ Նպատակն էր՝ թոյլ չտալ հանրապետականներին հաւաքուել իրենց խորհրդի նիստին եւ առաջադրել Սերժ Սարգսեանին վարչապետի պաշտօնին։ «Ժողովուրդը գերեվարուած է, ես դա տեսայ իմ արշաւի ընթացքում»,-ասաց Նիկոլ Փաշինեանը։ Ուրիշ անելիք բան չկայ, եթէ իշխանութիւնն ու ժողովուրդը այդ աստիճանի օտարուած լինեն միմեանցից։ Քայլարշաւն ու հանրահաւաքը վերածուեցին մի մեծ ժողովրդական շարժման։ Հիմա դա ինչպէ՞ս անուանենք. բողոքի ցո՞յց, ընդվզո՞ւմ, քաղաքացիական անհնազանդութի՞ւն։ Ես անուանում են դա քնքուշ յեղափոխութիւն։ Համայն հայութիւնն է մասնակցում այս շարժմանը. հայերը քայլ առ քայլ հետեւում են համացանցում եւ խրախուսում ցուցարարներին։ Ահա մի քանի արձագանգ. «Հպա՛րտ եմ, որ հայ եմ, տխուր եմ, որ Հայաստանում չեմ», «Հեռացրէ՛ք Սերժին, որպէսզի մենք վերադառնանք մեր երկիր» եւ մշտական «Առա՛ջ, ես ձեր ցաւը տանեմ», «Միացէ՛ք Նիկոլին, երիտասարդներ, դուք էք Հայաստանի ապագան, յոյսն ու լոյսը»։ Բոլորի կոչն էր՝ միանալ ցուցարարներին եւ անել իրենց սեփական քայլը՝ երկիրը փոխելու գործում։ Մէկը միւսի ետեւից արգելափակւում էին փողոցները, Նիկոլ Փաշինեանը երիտասարդների հետ մտնում էր հանրային ռատիօ, համալսարան, պահանջում դասադուլ անել, միանալ շարժմանը… Օր ու գիշեր Նիկոլը կոչ էր անում Հայաստանի քաղաքացուն. «Արի՛ հրապարակ եւ տէ՛ր կանգնի քո իրաւունքին, քո հայրենիքին, քո յաղթանակին եւ ուրեմն քայլ արա՝ մերժիր Սերժին»։
Այնպէս ստացուեց, որ հէնց Նիկոլ Փաշինեանի ուսերին ընկաւ բողոքի, ընդվզման բեռը։ 42 տարեկան, չորս զաւակների տէր քաղաքական գործիչը, որն ի դէպ նաեւ ԱԺ-ի պատգամաւոր է, ստանձնեց ժողովրդական հասունացած շարժումը։ Ատելութեան բաժակը լեցուել է։ Թշուառութեան։ Անարդարութեան։ Յատկապէս ստի։ Զարմանալի ներուժ կայ Նիկոլի մէջ. նա ողջամտութիւն էր դրսեւորում, դասեր էր տալիս, թէ ինչպէս վարուել, եթէ ոստիկանները մօտենան եւ խփեն ընդվզողին։ Բայց ո՞ւր են ոստիկանները։ Նրանք հսկում են կառավարութեան շէնքը։ Հանրապետականներին, որոնք փախան Ծաղկաձոր՝ այնտեղ իրենց կուսակցական նիստն անելու եւ միաձայն Սերժ Սարգսեանին ընտրելու։ Երա՛նի ժողովրդի փոխարէն հէնց հանրապետականները փախչէին-արտագաղթէին երկրից, ձեռք ձեռքի տուած նրանց միացած դաշնակցականների հետ։
Ապրիլի 13-ին Ազատութեան հրապարակում Փաշինեանը առաջարկեց լսել 2014-ի Ապրիլի 10-ին Սերժ Սարգսեանի հնչեցրած խոստումը.
«Վստահ եմ, որ մէկ մարդը երկու անգամից աւել իր կեանքում չպէտք է յաւակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։
Սակայն ոչ ոք չէր ուզում լսել նրա ձայնը։ Նրա սուտը։
Մի պահ տեսանիւթ դիտեցինք, թէ ինչպէս Կլենդէյլում հանրահաւաք եղաւ եւ ի՞նչ։ Կլենդեյլի հասարակութիւնը ի տարբերութիւն հայաստանեան հանրահաւաքի բաղկացած էր միայն մեծահասակներից. հեռու Հայաստանից նշանակում է հեռու հայաստանեան օրակարգից, գուցէ ամերիկահայ երիտասարդները նոյնիսկ հայերէն չգիտեն, լիակատար ամերիկացիներ են դարձել, բայց մեծահասակները հոգով դեռ հայրենիքում են, դիւրին չէ հոգուն մարմնի հետեւից քայլել. «Մենք փախանք Հայաստանից, որովհետեւ մեր կռիւը պարտուեց, չենք կարողացել տիրանալ մեր իրաւունքներին…»-պատմում էին նրանք։ Սակայն երիտասարդներին, որոնք աչքերը բացել եւ ԱՄՆ են տեսել, դժուար է նկարագրել որեւէ մի ուրիշ հայրենիք ԱՄՆ-ից զատ։
Ահա մօտենում է 24 Ապրիլը եւ համայն հայութիւնը յիշելու է եւ աշխարհին յիշեցնելու է հայոց ցեղասպանութեան մասին, իսկ Երեւանում հայերը մեխակներով շարժուելու են դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որպէսզի ոգեկոչեն ցեղասպանութեան 103-րդ տարելիցը։ Սակայն մէկ շաբաթ առաջ՝ Ապրիլի 17-ին հայ ժողովուրդը պարտաւոր է կանխել երկրորդ, այս անգամ սպիտակ ցեղասպանութիւնը։ Հակառակ դէպքում թատրոնը շարունակուելու է. իշխանութիւնն իր խաղն է խաղալու, իսկ հայաստանցին կրկին բռնելու է գաղթի ճանապարհը։ Պատմութիւնը ետընթաց է ապրելու։ Այս տողերը գրում եմ Ապրիլի 16-ին։ Մէկ օր մնաց եւ մեծ յոյս…
12 միլիոն դէմ
Ապրիլի 17-ին Ազգային ժողուում ընտրուեց նոր վարչապետ։ Ժամկէտանց նախագահ Սերժ Սարգսեանը վերարտադրուեց երրորդ անգամ արդէն վարչապետի պաշտօնում։ Քուէարկեցին 77 կողմ եւ 17 դէմ, սակայն ես այս օրերին չտեսայ ոեւէ մի հայորդի, որը կողմ լինէր Սերժ Սարգսեանի վերարտադրմանը, եւ քանի որ աշխարհում հայերի թիւը կազմում է 10-12 միլիոն, ուրեմն կարելի է ասել, որ կողմ քուէարկեցին 77, իսկ դէմ՝ 12 միլիոն։
Պայքարը Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ նոր թափ է առնում եւ այժմ ժողովուրդը հաւաքուել է Հանրապետութեան հրապարակում։