dzovinarlok@gmail.com
Մարտի 25-ին աշխարհի ուշադրութիւնը սեւեռուեց փոքրիկ սիպիրեան քաղաքի վրայ։
Կեմեռովօ
Ռուսաստանի Կեմեռովօն կէս միլիոնանոց քաղաք է Արեւմտեան Սիպիրում, որտեղ ապրում են մասնաւորապէս հանքափորներ, քանզի դա ածխային արդիւնաբերութեան կեդրոն է։ Կեմեռովօ քաղաքում կար հրուշակեղէնի ֆապրիքա, որին մի ձեռնարկատէր աւելացրեց եւս երկու յարկ եւ դարձրեց առեւտրա-ժամանցային կեդրոն «Զմեռային բալ»։ Արդիւնքում ստացուեց վիթխարի մի տուփ, կառուցուած էժանագին նիւթերից եւ լեցուած ապրանքներով եւ մարդկանցով, իսկ տարհանման, այսինքն վթարային ելքերը պաշարուած էին աղբով եւ շինանիւթով։ Այդ չարաբաստիկ օրը «Զմեռային բալում» 1500 մարդ կար. կիրակի օր էր եւ դպրոցում սկսւում էին գարնանային արձակուրդներ։ Գիւղից առաջին անգամ հինգերորդ դասարանցիներ եկան քաղաք եւ մտան կինօդահլիճ, որից այլեւս դուրս չեկան։ Նոյնիսկ նրանց այրուած մարմինները չգտան։ Այդ կինօդահլիճում իրենց մահը գտան 2-12 տարեկան տասնեակ երախաներ։ Չորրորդ յարկում երեք կինօդահլիճ եւ ժամանցային խաղասենեակներ կային։ Ծնողները տոմսակներն առնում էին, թողնում երախաներին կինօդահլիճում եւ իջնում էին առաջին յարկ։ Խաղասենեակներից մէկում հրդեհ բռնկուեց եւ հաշուած վայրկեաններում ծուխը տարածուեց ամէնուր։ Երկու կինօդահլիճներից կարողացան դուրս գալ այցելուները, սակայն երրորդում դուռը փակեցին, որպէսզի ծուխը չմտնի դահլիճ եւ սկսեցին սպասել հրշէջ-փրկարարներին։ Շուտով հասկացան, որ դահլիճը դարձաւ մահուան ծուղակ, եւ սկսեցին խուճապահար զանգել ծնողներին եւ հարազատներին։
Հրաժեշտի խօսքեր
Պատմում է Անդրէյ անունով մի կեմերովցի. «Մայրս 10 տարեկան թոռնիկի հետ որոշեց գնալ ֆիլմ դիտելու, քոյրս նոյնպէս միացաւ նրանց»։ Քիչ յետոյ հեռախօսը զանգեց. «Հրդեհ է, դահլիճը ծխի մէջ է, դռները պաշարուած են, չենք կարող դուրս գալ»։ Քոյրը. «Անդրէյ, մեզ…»։ Մայրը. «Մենք նրան կորցրեցին»։ Որդին՝ գոռալով. «Ե՞րբ են մեզ փրկելու»…Մայրը սկզբից խուճապի մէջ էր, յետոյ ձայնը հետզհետէ մարեց. «Վերջ, դուք արդէն չէք հասցնի»։ Եւ այսպէս բոլոր հարազատները սրտաճմլիկ զանգեր էին ստանում։ Ինչու եմ գրութիւնս վերնագրել «Ողբերգութիւն ռուսական ձեւով», որովհետեւ մարդիկ զոհւում էին ոչ թէ հրդեհից, այլ այն պատճառով, որ առեւտրական կենտրոնում ի սպառ բացակայում էր անվտանգութեան համակարգը. չաշխատեց տագնապի ազդանշանը, տարհանման ելքերը պաշարուած էին, կրակմարիչներ բացարձակ չկային։
Առեւտրական Կենտրոնները խնայողութիւն են անում անվտանգութեան համակարգի ծախսերի վրայ եւ ի սկզբանէ այնպէս են նախատեսուած, որպէսզի մտնողը երկար շրջի եւ ելքը չգտնի։ Ծանօթանալով հրդեհի պատմութեանը, մարդիկ եզրակացնում էին, որ այսուհետ ԱԿ պէտք է գնալ քլունգն ու կացինը, ինչպէս նաեւ հակահրշէջ պարագաները ձեռքիդ։ Շատերը դուրս էին նետում իրենց պատուհանից… եւ գետնին նոյնիսկ ցանց չէր փռած։ Քարէ դար, այն չէ՞։ Եւ դա մի երկրում, որի ղեկավարը ողջ աշխարհին սպառնում է ունեցած զէնքով…
Պատմում է զոհուած աղջկայ հայրը.
«Երբ աղջիկս ինձ զանգահարեց կինօդահլիճից, ես մեքենայի մէջ էի, սկսեցի կարմիր լոյսերի տակ արագ շարժուել եւ հասայ ԱԿ, բարձրացայ չորրորդ յարկ, որտեղ արդէն ծուխ էր երեւում, բայց ինձ հրշէջները թոյլ չտուեցին մօտենալ փակ դրանը. նրանք ինձ ոտքերից քաշեցին եւ հեռացրին այդտեղից, աղջիկս հեռաձայնով գոռում էր ինձ. «Պապա, ես մեռնում եմ, շունչս կտրւում է», Ես հրշէջներին ասացի. «Տականքնե՛ր, 4 հոգով կանգնած էք եւ ոչինչ չէք կարող անել»։ Ես գոռում էի, իսկ աղջիկս ասաց. «Ես քեզ սիրում եմ, ես կորցնում եմ գիտակցութիւնս» (լացում է)… Կը ներէք…»
Իսկ ընդհանրապէս զոհւում էին մի ընտանիքից… բոլորը. Ծնողներ իրենց երախաներով։
11 տարեկան տղան, որը նետեց իրեն 3-րդ յարկից, եւ ծանր վիճակում յայտնուեց վերակենդանացման բաժնում, մնաց իր տատիկի հետ, որովհետեւ նրա ծնողները իր փոքր քոյրիկի հետ չկարողացան փրկուել։
Վիկա Պոչատկինան գրում է մահուանից առաջ Եւգենիա Յովհաննիսեանին.
«Մօրս փոխանցի, որ ես նրան սիրում էի…»
Մարիա Մորոզը.
«Մենք այրւում ենք, հնարաւոր է սա վերջն է… ես ձեզ սիրում եմ»
Սարսափելին այն է, որ երախաները գիտակցում էին, որ ելք չկայ. նրանք պիտի այրուեն։
Այս սիրոյ պոռթկումը մահուան շեմին ցոյց է տալիս, որ երախան ոչ թէ ատելութեամբ էր լեցուած հրդեհի, ողջ-ողջ այրուելու առջեւ, այլ սիրով։ Վերջին զգացմունքը սէրն էր։
Ժողովրդի եւ ղեկավարութեան հակազդեցութիւնը
Հետեւեալ օրը Կեմեռովոյի հրապարակում հաւաքուեցին հարազատները, որպէսզի պարզէն, թէ որքան զոհեր եղան հրդեհի պատճառով։ Պաշտօնական եզրակացութիւնն էր 64 զոհ, որից 41-ը երախաներ էին։ 69 հոգի հիւանդանոցներում էին։ Սգօ օր չէին պատրաստւում յայտարարել, սակայն ողջ Ռուսաստանը ինքնաբերաբար սկսեց սգալ… Եւ Փութինը ստիպուած մեկնեց Կեմեռովօ։ Ողջ Ռուսաստանը ներողութիւն էր խնդրում զոհուած երախաներից, որոնց չփրկեցին կրակից, Կեմեռովօ քաղաքի փոխնահանգապետը ծնկի եկաւ ժողովրդի առաջ եւ ներողութիւն խնդրեց, իսկ նահանգապետ Աման Տուլեեւը ներողութիւն խնդրեց… Փութինից՝ կատարուածի համար։
«Վլատիմիր Վլատիմիրովիչ, դուք անձամբ զանգահարեցիք ինձ։ Մեծ շնորհակալութիւն։ Ձեզանից անձամբ ներողութիւն եմ խնդրում այն բանի համար, ինչ կատարուեց մեր տարածութեան վրայ»։
Հէնց այդպէս էլ ասաց, իսկ հրապարակում հաւաքուածների մասին ասաց, որ դրանք բոլորովին էլ զոհուածների հարազատները չեն, այլ դատարկախօս խառնակիչներ են։ Զարմանալի չէ, որ նման նահանգապետի առկայութեամբ նման առեւտրային կենտրոն պիտի բացուէր եւ հրդեհից երախաներ պիտի ողջ-ողջ այրուէին։ Ապրիլի 1-ին նա հրաժարական տուեց։ Սակայն դա դեռ անհեթեթութեան վերջը չէ։
Սենատոր Միզուլինան հետեւեալ կերպ արձագանգեց հրդեհին.
«Կը ցանկանայի ցաւակցութիւն յայտնել եւ սատարել մեր առաջնորդ Վլատիմիր Փութինին։ Նրա համար դա հարուած էր թիկունքից, սարսափելի ցնցութիւն էր, որովհետեւ այն ինչ անում է նա այժմ Ռուսաստանի համար դա աներեւակայելի բաներ են. նա պաշտպանում է Ռուսաստանը արտաքին հարթակի վրայ եւ աներեւակայելի բարեփոխումներ է անում երկրի ներսում»։
Աւելացնեմ եւս մի անհեթեթութիւն, որը դարձնում է ողբերգութիւնը ռուսական. նրանք, ովքեր աշխարհը ընկալում են ըստ ռուսական հեռատեսիլի ծրագրերի,(իսկ այնտեղ ամերիկացիները թշնամիներ են), զգուշացնում էին հրապարակում, որ պէտք չէ զոհերի իսկական թիւը բարձրաձայնել. «Մենք գիտենք ճշմարտութիւնը, բայց պէտք չէ այն հրապարակել, որպէսզի ամերիկացիները չուրախանան»։