dzovinarlok@gmail.com
Շատ դժուար ժամանակաշրջանում է յայտնուել մարդկութիւնը. մարդու կողմից ստեղծած մեքենան դարձել է մարդուց աւելի խելացի եւ մեքենայի հետ մրցելն անհնար է, որովհետեւ այն տեղեկատուական անսպառ աղբիւր է, խնդիրների լուծման հաւաքածու։ Մարդուն մնացել է միայն արուեստի բնագաւառը՝ իրեն ինքնարտայայտելու համար։ Եւ միայն արուեստն է ի վիճակի այսօր իսկական սէր առաջացնել, զգացմունքներ շոյել…
Մարտի 9-ին Արամ Խաչատուրեանի համերգասրահում հանդիսատեսը երկար բաց չէր թողնում 18-եայ Սոֆիա Վարդանեանին իր ելոյթից յետոյ. ծափահարում եւ ծափահարում էր։ Սիրոյ պակաս ունէր։ Շատ երեւոյթներ այսօր դժգոհութիւն են առաջացնում հայաստանցու սրտում. վերջերս դժգոհութեան նոր ալիք բարձրացրեց կոչումների շնորհումը անշնորհք անձանց եւ ԱԺ-ում նոյնիսկ հարց առաջացաւ վերացնել այդ կոչումները։ Եւ ահա բեմ է դուրս գալիս երիտասարդ ջութակահարուհին, որին սիրում են լոկ իր տաղանդի համար եւ ըմբոշխնում են սպասուած հաճոյքը, որը հասու է միայն դասական երաժշտութեան մասնագէտներին եւ սիրահարներին, եւ ինչպէ՞ս նրան բաց թողնեն առանց սիրոյ խոստովանութեան ծափահարութիւնների։ 7 տարեկանից Սոֆիան ելոյթներ է ունենում. Սկզբից Չայկովսկու անուան դպրոցի բեմում, այնուհետեւ մրցոյթներում եւ փառատօններում։ Վերջապէս դարձաւ Տեթմոլտ (Detmold Hochschule für Musik) քաղաքի երաժշտանոցի սան եւ արդէն Հայաստանն է Սոֆիային հրաւիրում եւ նա Գերմանիայից ժամանում է, որպէսզի հանդէս գա հայաստանցիների համար։
Համերգը նուիրուած էր ֆրանսիական երաժշտութեանը, քանզի Երեւանում ֆրանկոֆոնիայի օրեր են, եւ համերգին դիրիժոր Ռուբէն Ասատրեանի ղեկավարութեամբ հնչեցին Հեկտոր Պեռլիոզի «Բեատրիչէ եւ Բենեդիկտ» օփերայի նախերգանքը, Սեզար Ֆրանկի սիմֆոնիա ռէ մինոր ստեղծագործութիւնները։ Սոֆիա Վարդանեանը նոյնպէս կատարեց ֆրանսիական գործ. դա Մորիս Ռաւելի «Գնչուհի» համերգային ռապսոդիան էր՝ ջութակի եւ նուագախմբի համար։ Սակայն համերգի զարդանախշն էր Էդվարդ Միրզոեանի «Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում» երաժշտական հրաշքը, որը նաեւ բացայայտեց Սոֆիա ջութակահարուհու առեղծուածը։ Ինչո՞ւ ջութակ։ Որտեղի՞ց էր գալիս ջութակի ֆենոմենը Սոֆիայի կեանքում։ Եւ ահա տարիների խորքից համացանցից պեղում եմ Սոֆիայի մեծ հօր (պապիկի) Յակոբ Վարդանեանի ձայնապնակը, որտեղ ռուսերէնով նշուած է ձայնագրուած ստեղծագործութիւնների ցանկը. Ծիրանի ծառ (հայկական ժողովրդական երգ),Կոմիտասի «Կռունկ»-ը, Ա. Խաչատուրեանի «Երգ –պոէմ»-ը, Ս.Պրոկոֆիեվի «Քայլերգ Սէր առ երեք նարինջները» օփերայից եւ այլն։ Իսկ նուագակցում է Յակոբ Վարդանեանի կինը՝ դաշնակահարուհի Իրինա Կոստանեանը։ Ձայնագրութիւնները 1958-1969թթ. Նրանք միասին համերգներ էին տալիս եւ մի անգամ Մոսկուայում, երբ համերգասրահում կողք կողքի նստած էին Ադամ Խուդոեանն ու Տմիթրի Շոստակովիչը, ապա վերջինս ապշած դիմում է Խուդոեանին եւ ասում Յակոբ Վարդանեանի կատարման մասին հետեւեալը. «Նա անում է աւելին, քան գրել է հեղինակը»։ Ձայնասփիւռով ինձ բախտ վիճակուեց լսել Յակոբ Վարդանեանի «Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում»-ը։ Ես ինձ զգացի ուրիշ մոլորակում. նման կատարում չէի լսել իմ կեանքում։ Նման խորութիւն։ Ինքը Էդվարդ Միրզոեանը պատմում էր, որ «աշխատանքի ընթացքում օգտուել եմ Յակոբ Վարդանեանի արժէքաւոր խորհուրդներից, որին համարում եմ առաջնակարգ ջութակահար եւ այս գործի համահեղինակը»։
Սոֆիային երկու տարի առաջ էի լսել իր մենահամերգին, եւ նա չափազանց առաջադիմել էր։ Ջութակահար Վանեա Ազարեանի կարծիքով Սոֆիան ոստիւն էր կատարել, վարպետութիւն էր ձեռք բերել։ Նրա առջեւ բացուել է հետաքրքիր եւ յագեցած ապագայ, իսկ ինձ հետաքրքրեց մեր ջութակի դպրոցի անցեալը. ինչո՞ւ ես մինչեւ հիմա երբեք չէի լսել Յակոբ Վարդանեանի անունը (1928-1981)։ Ուրեմն այս տարի այդ ականաւոր երաժշտի 90-ամեակն է։ Ես խնդրեցի պատմել Յակոբ Վարդանեանի մասին իր սանին՝ Վանեա Ազարեանին եւ նա երկար եւ ոգեւորուած պատմեց ինձ Վարդանեան անկրկնելի ֆենոմենի մասին.
«Նա եզակի էր իր էութեամբ, մասշտաբով եւ արիութեամբ։ Կան անուններ եւ կան բոլոր սահմաններից եւ որակաւորումներից դուրս անձեր։ Վարդանեանի խմբագրութիւնների մասին ջութակահար Կարօ Հայրապետեանն ասում էր, որ դա այս կամ այն մատով նուագելու նշումներ չեն լոկ. Վարդանեանը մի գլուխ բարձր էր միւսներից։ Պէտք էր շփուել այդ երաժշտի հետ, որպէսզի ըմբռնէիք նրա մտահորիզոնը»։
Ուզում էի Մարտի 9-ի համերգի մասին գրել, բայց այս գրութիւնը գնաց ուրիշ ուղղութեամբ եւ նուիրուեց 60 տարի առաջ «Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում» ստեղծագործութիւնը կատարած Յակոբ Վարդանեանին։ Այն ժամանակ նա 30 տարեկան էր։ Կարծում եմ արժանի է խոնարհմանը։
«Նա հասկանում էր ամէն ինչ»,- աւարտեց իր խօսքը Վարդանեանի մասին Ազարեանը։