Փետրուարի 28-ին կեանքին հրաժեշտ տուեց մեծագոյն հայ ռեժիսոր Ալբերտ Մկրտչեանը (1937-2018)
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Նախորդ թիւի մէջ նշուեց մեր խօսելու իրաւունքի 30 տարին։ Այո, այլեւս ճշմարտութիւն բարձրաձայնելու խնդիր չկայ։ 30 տարի շարունակ ճշմարտաբանեցինք, փակագծերը բացեցինք, գաղտնազերծեցինք, քննադատեցինք ու քննադատեցինք, մեղադրելով ստեղծուած համակարգը, որը թոյլ չի տալիս, որ մեր երկիրը կայանայ, եւ վերջապէս հասկացանք, որ ճշմարտախօսելով երկիր չի կառուցւում։ Բառերը հնացան, յոգնեցին եւ իմաստազրկուեցին։ Եւ քանի որ երկիրը առաջ չի գնում, ապա խօսում են անխտիր բոլորը, հաւասարուելով իրար։ Ճարտարապետ եւ երաժիշտ, հեղինակային երգերի կատարող Արթուր Մեսչեանը նկատում է.
«Մարդկային նիւթը հաւասար չի կարող լինել եւ երբեմն պէտք է լսել նրանց, ով կարող է աւելին, քան դու»։
Սակայն երբ շարքային քաղաքացին յայտնւում է նոյն տեղում, որտեղ կայ իրենից բարձր մէկը, ապա նա ջանում է միայն մի բանի՝ լուսանկարուել այդ մարդու կողքին։ Այսքանը։ Իսկ երբ մարդիկ հանդիպում էին ռեժիսոր Ալբերտ Մկրտչեանին, ապա նա բոլորի համար առաջին հերթին հանրաճանաչ դերասան Մհեր (Ֆրուզիկ) Մկրտչեանի եղբայրն էր, եւ նրանք իսկոյն խնդրում էին պատմել որեւէ մի հազուագիւտ, դեռեւս ոչ ոքու կողմից չլսուած դէպք Մհերի մասին։ Խե՛ղճ Ալբերտ Մկրտչեան։ Սովետական շրջանին առհասարակ հանդիսատեսը կինօ հասկացութիւնը կապում էր միայն դերասանի հետ, այսինքն նրա հետ, ում տեսնում էր, իսկ ռեժիսորին ընդհանրապէս կարեւորութիւն չէր տալիս։ Իսկ ի՞նչ ասենք միւս մասնագէտների մասին, որոնք մասնակցում էին ֆիլմի ստեղծմանը. օրինակ, կինօնկարչի, օպերատորի, խմբագրի…Ի դէպ ներկայիս հայ կինօարտադրողների գլխաւոր թերութիւնը (ինչպէս նաեւ գիրք հրատարակողների) հենց խմբագրի ի սպառ բացակայութիւնն է։ Կայ շատ հետաքրքրական մի ֆիլմ, որն է Ֆրանսուա Տրիւֆոյի «Ամերիկեան գիշեր»՝-ը. այն պատմում է, թէ որքա՚ն մարդիկ են ներգրաւուած ֆիլմի ստեղծմանը։ Սակայն ֆիլմի հեղինակը այնուամենայնիւ մնում է ռեժիսորը. մեր ժամանակներում արդէն դա հասկացել են ոչ միայն կինօգէտները, այլ նաեւ հանդիսատեսը։ Ուստի Ալբերտ Մկրտչեանը նրա աչքին բարձրացել էր մինչեւ այն գագաթը, որտեղ գտնւում էր իր եղբայր Մհեր Մկրտչեանը։ Բայց Ալբերտ Մկրտչեանը չէր լինի մեծութիւն, եթէ չը սաստէր հանրութեանը.
«Շատ ծիծաղելի կը լինի, եթէ ինձ հաւասարեցնէք Ֆրունզիկի հետ։ Երկուսիս կենսագրութիւնը դրանով կը փշրէք, որովհետեւ ես նրանից շատ բան եմ սովորել»։
Լենինականի (այժմ Գիւմրի) տեքստիլ գործարանի ինքնագործ թատերական խմբակում միասին էին խաղում՝ Ֆրունզիկ եւ Ալբերտ Մկրտչեանները։ ֆրունզիկը Բազազ Արտեմի դերում էր, իսկ կրտսեր եղբայր Ալբերտը՝ Գիքորի (ըստ Թումանեանի «Գիքոր» պատմուածքի)։ Երբ Գիքորն ասում է «Բալը թանկ էր», Բազազ Արտեմը այնպէս է Գիքորին ապտակում, որ Ալբերտի աչքերից կայծեր են դուրս թռնում (Ֆրունզիկն ապտակելուց առաջ հասցնում է եղբօրը շշուկով նախատել «Կրկին ղումա՞ր ես խաղացել»)
Գեղարուեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինն աւարտելիս Ալբերտը ռեժիսոր Վարդան Աճեմեանից առաջարկութիւն ստացաւ գալ Սունդուկեանի անուան թատրոն, սակայն այնտեղ արդէն աշխատում էր Ֆրունզիկը եւ կրտսեր եղբայրը հրաժարուեց։ Նա հանդիպեց Ֆրունզիկի հետ ոչ թէ որպէս դերասան թատերաբեմում, այլ որպէս բեմադրող-ռեժիսոր իր սցենարով դրուած ֆիլմերում, որտեղ ստեղծեց իր իսկ ապրած աշխարհը բոլոր մանրամասներով. «Հին օրերի երգը» (1982), «Մեր մանկութեան տանգոն» (1984)… Ճանաչելով իր եղբօր Մհերի տաղանդի շռայլութիւնը, նա կարողանում էր զսպել այն ի նպաստ ֆիլմի գաղափարի, խոստովանելով.
«Այն ռեժիսորը, որը չի ճանաչում Ֆրունզիկին, կը կործանուի, որովհետեւ կը նկարահանի ֆիլմ, որտեղ ծայրից ծայր միայն Ֆրունզիկը կը լինի»։
Առաջին անգամ դիտելով Ալբերտ Մկրտչեանի ֆիլմերը՝ միշտ զարմանում էի. մի՞թէ հնարաւոր է տխուր նիւթերի շուրջ խօսել նման հումորով։ Իսկ յետոյ կրկին նայում էի կարծես առաջին անգամ։ 2000-ին էքրան բարձրացաւ «Ուրախ աւտոբպուսը»։ Կրկին սոսկալի աղէտ, իսկ ֆիլմը պարգեւում էր ուրախութիւն։ Սա է իսկական արուեստի դրսեւորումներից բարձրագոյնը։