dzovinarlok@gmail.com
30տարի առաջ 1988-ին սկսուեց ղարաբաղեան շարժումը։ Կորպաչովը յայտարարեց գլասնօստ, այսինքն սովետական մարդիկ ստացան ձայնի իրաւունք եւ homo soveticus –ը, որը 70 տարի համր էր, բերանը առաջին անգամ ըլլալով բացեց եւ առաջին բառն արտաբերեց, որն էր՝ ՄԻԱՑՈՒՄ։ Հայաստանը առաջին անգամ նորագոյն պատմութեան մէջ հնարաւորութիւն ստացաւ վերադարձնել իրենից խլած եւ արհեստականօրէն բոլշեվիկների կողմից ստեղծած Ատրպէյճանի սովետական հանրապետութեան կազմի մէջ որպէս ինքնավար մարզ մտցրած Լեռնային Ղարաբաղը։ Այնուհետեւ ունեցանք Արցախեան պատերազմ, որն աւարտուեց հայերի յաղթանակով (1988- 1994), բայց այդ յաղթանակը չամրագրուեց համապատասխան փաստաթղթով. Կայ միայն զինադադարի պայմանագիր՝ այսպէս կոչուած Բիշքեկեան (Բիշքեկ –Ղրղզստանի մայրաքաղաք) արձանագրութիւն, որտեղ արդէն Սովետական Միութիւնից անկախացած Ատրպէյճանը, Հայաստանը եւ Արցախը արձանագրում են կրակի դադար։ Ահա եւ սխալը։ Ահա եւ «ականը», որը դրուեց այն ատեն, քանզի Արցախը չճանաչուեց որպէս անկախ հանրապետութիւն, բայց իրականում դարձաւ այդպիսին, իսկ փաստացի միջազգային օրէնքով շարունակեց մնալ Ատրպէյճանի կազմում որպէս մարզ, որը «գրաւել է» Հայաստանը։
Պատերազմը վերածուեց անվերջ ու անդադար հակամարտութեան, ստեղծուեց ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը զբաղւում է հակամարտութեան խաղաղ լուծման գործընթացով։ Իսկ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախութիւնը, որպէսզի մնայ բանակցային գործընթացի մէջ։ Մինսկի խումբը համանախագահում են երեք երկրներ. Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ Այսպիսով պատերազմը չդադարեց, լայնածաւալ պատերազմը միայն դադարեց, իսկ կռիւը շարունակուեց արդէն ուրիշ ձեւաչափով, հայ զինուորը մինչեւ հիմա անհատական մարտերում է զոհւում, իսկ Ատրպէյճանը որդեգրել է ռազմական հետեւեալ քաղաքականութիւն. ինչպէս բնութագրեց մի ռուս ռազմական փորձագէտ- դա տարածքներ կծելն է, այսինքն այն, ինչ տեսանք ապրիլեան քառօրեայ պատերազմին երկու տարի առաջ։ Յարձակուեցին, տարածք կծեցին եւ իրենց ժողովրդին ցուցադրեցին որպէս յաղթանակ։ Ռուս փորձագէտը կարծում է, որ հայկական կողմը պիտի իրականացնի պատասխան յարձակում եւ նոյնպէս գրաւի հակառակորդի տարածքից որեւէ մաս, որպէսզի այնուհետեւ փոխանակի նրա կողմից գրաւած տարածքի հետ։
Միւս քաղաքականութիւնը դա յայտարարութիւններն են, թէ իբր հայկական հողերը իրականում ատրպէյճանական հողերն են։ «Ակօս»-ի նախորդ թիւի մէջ խօսքը գնում էր Ապրիլի 8-ին Ալիեւի հնչեցրած յայտարարութեան մասին, թէ իբր Երեւանը, Սեւանը, Զանգեզուրը ատրպէյճանական հողեր են եւ Ատրպէյճանը պիտի վերադարձնի իր պատմական հողերը։ Սա արդէն ոտնձգութիւն է ոչ թէ Արցախի հանդէպ, որը հեռացաւ Ատրպէյճանի կազմից, այլ ինքնիշխան պետութեան դէմ։ Այդ առիթով պէտք է յիշել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը անդամակցում են «Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան»-ը, ՀԱՊԿ-ին, եւ եթէ մեր երկրի հանդէպ ոտնձգութիւն իրականացուի, Հայաստանի դիմումով մեզ օգնութեան պիտի գան 20,000 յատուկ պատրաստուած զինծառայողներ։
Այժմ անդրադառնանք, ինչպէս աշխարհն ու հայերը արձագանգեցին Ալիեւի սադրանքին։ Աշխարհը շատ մեղմ է պատասխանում՝ դիւանագիտական եղանակով։ Տարբեր երկրների պաշտօնական արձագանգները կարելի է ամփոփել հետեւեալ կերպ. Ատրպէյճանի յայտարարութիւնը չի նպաստում խաղաղ կարգաւորման գործըթացին։ Աւելի հետաքրքիր են ոչ պաշտօնական պատասխանները։ Առանձնացնեմ շատ հետաքրքրական մի արձագանգ, որը հեռարձակուեց tvkultura ռուսական հեռուստաալիքով։ Փետրուարի 11-ին կէս ժամուայ մէջ «Քայլելով» հաղորդման վարող Ժեբրակը ծանօթացրեց հեռուստադիտողներին Երեւանի հետ, սկսելով հաղորդումը այս խօսերով. «Կան երկրներ, որոնք յայտնի են իրենց ապրանքանիշերով, միւսները՝ իրենց առասպելներով, որոշները ֆուտբոլային թիմերով, իսկ ինչո՞վ է ներկայանում աշխարհին Հայաստանը. մշակոյթով։ Փոքրիկ Հայաստանը տուել է աշխարհին բազմաթիւ հանճարներ»։ Այնուհետեւ թուարկում է հայերին, որոնք մեծ ներդրում են ունեցել ռուսական մշակոյթի մէջ՝ ստեղծագործելով Մոսկուայում, եւ հաւելեց, որ «Հայ հանճարներ» խորագրով զբօսարշաւ կարելի անցկացնել նաեւ Թբիլիսիում, Փարիզում կամ Սան-Ֆրանցիսկոյում… Բայց նա մեկնում է Երեւան, շրջում քաղաքի տեսարժան վայրերով եւ պատմում մեծն արուեստագէտների մասին, որոնք ստեղծեցին Երեւանը։ Դեռ աւելին, մէկ շաբաթ անց Փետրուարի 18-ին Ժեբրակը շարունակում է իր խօսքը արդէն հայերի հաւատքի մասին եւ ծանօթացնում մեր եկեղեցիների հետ, սկսելով Էջմիածնի տաճարից։ Հիացմունքի արժանի քայլ «Կուլտուրա» հեռուստաալիքից։
Ինչպէ՞ս արձագանգեցին թուրքերը. այս խնդիրը ռազմական լուծումից զատ ուրիշ լուծում չունի։
Իսկ հայե՞րն ինչպէս արձագանգեցին. այս խնդիրը ռազմական լուծումից զատ ուրիշ լուծում չունի, բայց արդիւնքում Ատրպէյճանի հանրապետութիւնը կը վերանայ քարտէզից…