dzovinarlok@gmail.com
100 տարի անցաւ համաշխարհային պատմութեան մէջ պատահած ամենամեծ թիւրիմացութիւնից յետոյ եւ 100 տարին ո՛չ մի բան չփոխեց. ո՛չ մի ապաշխարհում չեղաւ, գնահատականներ չդրուեցին եւ ճշմարտութիւնը չմտաւ դասագրքերի եւ գիտակցութեան մէջ, ինչպէս դա արուեց, օրինակ, Գերմանիայում, որտեղ ճշմարտութիւնը դասաւանդում են նոր սերունդներին։
Ահա թէ ինչ է ասում յայտնի գրականագէտ եւ հասարակական գործիչ Մարիետա Չուդակովան.
«Գրեթէ 30 տարի է անցել Սովետական իշխանութիւնից յետոյ եւ չեն արուել կարեւորագոյն բաներ։ Ո՛չ ոք չի բացատրել մարքսիզմի խորագոյն սխալը. մարդկութեան կեանքի առանցքն ամենեւին էլ դասակարգային պայքարը չէ, իսկ պատմութեան իմաստը նրանում չէ, որ բանուորները ունազրկեն գործարանատէրերին։ Ո՛չ ոք չբացատրեց, որ չի կարող մեծագոյն մտածող համարուել Լենինը, ով կարծում էր, թէ Ռուսաստանից յետոյ յեղափոխութիւնը կը տարածուի աշխարհով մէկ։ Ժամանակն է խոստովանել, որ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը դա աղէտ էր, որովհետեւ շեղեց Ռուսաստանը իր պատմական ուղուց, մտցնելով աւելի քան 70 տարի պատմական փակուղու մէջ։ Ռուսաստանի տարբեր մարզերում հարցումներ են կատարել դեռահասների շրջանում։ Ընդամէնը մի քանի հարց.
1.Ի՞նչ տեղի ունեցաւ 1917-ի Հոկտեմբերին։
2.Ի՞նչ գիտէք Լենինի մասին եւ ի՞նչ էք մտածում նրա մասին։
3.Ի՞նչ գիտէք Ստալինի մասին եւ ի՞նչ էք մտածում նրա մասին։
4.Ի՞նչ գիտէք Ելցինի մասին եւ ին՞չ էք մտածում նրա մասին։
14 տարեկան պատանիների պատասխանները հետեւեալն էին.
Լենինը լաւն էր, բարի, նա ստեղծեց Սովետական Միութիւնը։ Ստալինը ունէր թերութիւններ, որոշները նրան չէին սիրում, իսկ միւսները՝ յարգում էին, անհամաձայններին նա ուղարկում էր Սիպիր, եղել են բռնաճնշումներ, բայց նա ուժեղացրեց Սովետական Միութիւնը, յաղթեց պատերազմը… Ելցինը- խմող էր, փլցուց Սովետական Միութիւնը»։
Չուդակովային մտահոգում է այն, որ Ստալինին արձաններ են դնում ռուսական քաղաքներում, իսկ նա մարդակեր էր։
Բաւ է, որ երիտասարդները կարդան Սիպիրեան ճամբարներ ուղարկուած մարդկանց յուշերը. կայ մի կայք, որը կոչւում է «Անմահ բարաք»՝ անթիւ են եղել Ստալինի զոհերը եւ բացարձակ անմեղ…
Ըստ պատմաբան Անդրէյ Զուբովի հոկտեմբերեան յեղափոխութիւնը հանգեցրեց Ռուսաստանի ստրկացմանը, որովհետեւ ինքը ամէն ինչում հիմնուած էր բռնութեան վրայ։ Ամենակարեւորը մարդու հանդէպ անարգանքն էր. մարդու իրաւունքների հանդէպ, զրկեց մարդուն ունեցուածքի իրաւունքից, կեանքի իրաւունքից։ Յեղափոխութիւնը խաչ դրեց ազատ Ռուսաստանի վրայ։ Ներկայիս իշխանութիւնը սովետական կարգերի ժառանգորդն է, եւ այսօր նոյնպէս հասարակութիւնը գտնւում է զմռսուած վիճակում. Քաղաքական պայմանները փոխւում են, բայց հիմնական սկզբունքները, որի վրայ կառուցուած էր պոլշեվիկեան իշխանութիւնը, մնացել է անփոփոխ։
2017-ի Հոկտեմբերի 30-ին Մոսկուայի Սախարովի պողոտայի եւ Սադովոյէ կոլցոյ հատման խաչմերուկում բացուեց մոնումենտալ մի յուշապատ՝ նուիրուած զանգուածային բռնաճնշումների զոհերին։ Հեղինակը Գէորգի Ֆրանգուլեանն էր, ճարտարապետը՝ նրա որդին - Անդրէյ Ֆրանգուլեանը։ Յուշակոթողը ներկայացնում է իրենից վիթխարի մի հարթաքանդակ, որի վրայ պատկերուած են դէպի վեր ուղղուած մարդկային ֆիկուրներ, որոնք խորհրդանշում են մարդկային կեանքի փխրունութիւնը անողորմ համակարգի պայմաններում։ Երկը կողմանի հարթաքանդակը ունի 32 մ երկարութիւն եւ 6 մ բարձրութիւն։ Կոչւում է «Վշտի պատ», որի վրայ 22 լեզուներով գրուած է «յիշիր»։ Այսպիսի մի գեղարուեստական գործ կարող է հսկայ ազդեցութիւն ունենալ, բայց դեռեւս կան մարզեր, որտեղ երկրպագում են մարդակեր Ստալինին, դեռեւս Ռուսաստանում անարդարութեան հետեւանքով ճնշում են անմեղներին, իսկ մի ռուսական քաղաքում, որտեղ դիմել էին ոստիկանութեանը, որպէսզի թոյլտուութիւն ստանան անցկացնել «Յիշողութեան աղօթք» հանրահաւաք, ոստիկանները հարցրեցին, թէ ինչո՞ւ են ուզում դա անել եւ երբ նրանց պատասխանեցին «Որպէսզի դա չկրկնուի», ոստիկաններն ասացին. “Մի՛ անհանգստացէք. բռնաճնշումները վերադարձել են»։