dzovinarlok@gmail.com
Յունուարի 1-ն է, ցերեկուայ ժամը 12-ը, բայց պատուհանից դուրս մարդ չի երեւում։ Սուրճ խմեմ թէ՞ շամպայնը վերջացնեմ։ Նոր Տարին էինք գիշերը դիմաւորում, թէպէտ ինձ թւում է, որ դա նոյն տարին է միշտ վերադառնում։ Արդէն ծերացել է տարիների ընթացքում։ Ինչպէս ասում էր իմաստունը «Ինչ եղել է, այն էլ կը լինի; ինչ արւում էր, այն էլ կը կրկնուի եւ չկայ ոչ մի նոր բան արեւի տակ»։
Այսպիսով ամէն ինչ կրկնւում է։ Չեն կրկնւում միայն զգացմունքները, որոնք մենք ապրում ենք միայն մէկ անգամ։ Ընդամէնը մէկ անգամ։ Հետեւաբար գոյութեան իմաստը զիջողականութեան մէջ է։ Զիջել տեղը նոր սերնդին, որի համար ամէն ինչ նորովի է։ Նոյնիսկ Նոր Տարին։
Այս տարուայ վերջերին ես ապրեցի ինձ համար նորովի մի զգացմունք, որն էր կարեկցանքը։ Հիւանդանոցում, երբ ես խնամում էի իմ հարազատին, նոյն հիւանդասենեակում գտնւում էին եւս 3 հիւանդներ իրենց հիւանդախնամներով։ Երկու հիւանդները տարեց կանայք էին, որոնք ինսուլտ (գլխուղեղի կաթուած) էին տարել, իսկ երրորդը… մի գեղեցիկ երիտասարդ կին էր. նա նստած էր մահճակալի վրայ, գլուխը կախած ուռենու նման եւ անդադար լալիս էր։ Ձեռքերի մէջ անձեռոցիկ էր տրորում։ Նրա ամուսինը բացատրեց, որ կնոջ մօտ ոչ մի տեղ չի ցաւում։
-Հապա ինչո՞ւ է լալիս։
-Նեարդներն են,-պատասխանեց ամուսինը։
Պարզ է. հոգին է խռովել։ Բայց այս հիւանդանոցի նեարդաբանական բաժնում հոգին չէին բուժում։ Երեւի հոգեբոյժը նրան աւելի լաւ կը հասկանար։ Ես մօտեցայ նրան եւ սկսեցի նրա մազերը սանտրել, շոյել նրան, խօսել նրա հետ։ Ես զգացի նրա կարիքը։ Նա իմ մէջ արթնացրեց կարեկցելու կարիք։ Մարդկանց, որոնք չեն կարեկցում միւսներին, համարում են եսասէր, սակայն դա սխալ է։ Սէրը մարդկանց հանդէպ սկսւում է եսասիրութիւնից։ Նա, ով չի սիրում ինքնիրեն, չի կարող սիրել միւսներին։ Ահա թէ ինչ է ասում Էրիխ Ֆրոմ անունով մի հոգեվերլուծաբան.
«Եսասիրութիւնը դա սիրոյ պակասի ախտանիշ է։ Ով ինքնիրեն չի սիրում, միշտ անհանգիստ է իր հանդէպ»։
Հիւանդախնամների համար սենեակում յատկացուած էին միայն աթոռներ եւ գիշերը անցկացնել աթոռի վրայ անհնար էր։ Ուստի ես դուրս եկայ միջանցք, որտեղ ամանորի առթիւ խաղալիքներով զարդարուած տօնածառ էր կանգնեցրած։ Մի լիւքս հիւանդասենեակից լսւում էին սրտակտուր հառաչանքներ։ Ես պարզեցի, որ այնտեղ պառկած է կաթուածահար մի կին, որին վերակենդանացման բաժնից տեղափոխել էին նեարդաբանական բաժին սոսկալի պառկելախոցերով եւ ցաւից նա անընդհատ հառաչում էր։ Միւս լիւքս սենեակից լսւում էր հարսանեկան էժանագին երաժշտութիւն։ Ես հիանում էի այս բաժնի մայրապետ Ալվինայի աշխատանքով։ Ողջ բաժնի մաքրութիւնը նրա ուսերին էր. սենեակներից սկսած մինչեւ հիւանդների խնամքը։ Նա էր փոխում նրանց pampers-ները։ Հիւանդներին տեղից բարձրացնելով իր ողնաշարն էր վնասել։ Մենք սրճեցինք Ալվինայի հետ։ Կրկին լսուեց պառկելախոցից տառապող կնոջ հառաչանքը եւ միաժամանակ լսուեց հարսանեկան երաժշտութիւնը։ Ես հասկացայ, որ այդ երաժշտութիւնը միացւում էր նոյն սենեակում։ Հիւանդ կնոջ ամուսնու կողմից։
Հետաքրքիր է, ինչպէ՞ս է այս յարկում զգում իրեն տօնածառը։ Այս հիւանդների մէջ։ Որոնք շատ հեռու էին տօնական տրամադրութիւնից։ Նրանց մօտ ցաւի տօն էր։ Եւ նրանց հարկաւոր էր միայն մի բան. Քրիստոսի ասած «սիրի՛ր մերձաւորիդ քո անձի պէս» վերաբերմունքը։