dzovinarlok@gmail.com
Աշխարհի չորս կողմում Ամանորի համար Կաղանդի ծառ են զարդարում եւ նուէրներ պատրաստում, իսկ Հայաստանում գլխաւոր հոգսը եղել եւ մնում է սեղանը։ Ուտեստների մասին յաճախ եմ գրել, նշելով դրանց բազմազանութիւնը. հայաստանեան կերակրատեսակներին գումարւում են տարբեր երկրներում ապաստանած հայերի աւանդական ուտեստները, որոնց պատրաստման եղանակը յաճախ դժուարութիւններ է առաջացնում, այդ պատճառով, օրինակ, սիրիական իշլի քուֆթան (իչլի կամ միջուկով քուֆթա) կամ ռուսական բլինչիկները (նրբաբլիթներ) պատուիրում են եւ պատրաստողները գիշերներ են լուսացնում, որպէսզի օգտագործեն գումար վաստակելու ամանորեայ այս սքանչելի հնարաւորութիւնը։
Սակայն շատ կարեւոր է ինքնուրոյն պատրաստել ուտելիքը, որովհետեւ դա պարզ գորընթաց չէ, այլ արարողութիւնն է, ինչպէս ամէն մի ձեռագործ աշխատանք, որն իր մէջ կրում է թագնուած խորհուրդ։ Ամէն տարի, օրինակ, ես պատրաստում էի իշլի քուֆտան ինձ շատ հարազատ մի կիլիկիացի (զէյթունցի) տիկին Լուսինէի օգնութեամբ, բայց այս տարի ես իմ աղջկան՝ Նաիրիին յիշեցրի, որ նա վերջապէս աւարտել է Գեղարուեստի ակադեմիան եւ պէտք է ինքնուրոյն կարողանայ «քանդակել» քուֆթայի ձեւը, որի ժամանակ արհեստավարժ կերպով պէտք է տեղադրել տապակած իւղոտ աղացած միսը երկու անգամ աղացած սեւ մսի մէջ եւ ստանալ գեղեցիկ մի ստեղծագործութիւն։ Ըստ որում միջուկը սոխով եւ գուցէ ընկոյզով է լինում, իսկ սեւ միսը՝ պլղուրով։ Փորձեցինք եւ…ստացուեց. Մեծ հպարտութիւն զգացինք։ Կանացի գոհունակութիւն։
Այժմ անդրադառնանք, թէ մեր յարգարժամ ղեկավարների ո՛ր պայծառ մտքերը ուտելիքի վերաբերեալ ալեկոծեցին հայաստանեան հասարակութիւնը։
Մսի թանկացման առիթով Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Յակոբ Յակոբեանը արտայայտուեց հետեւեալ կերպ. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար աղքատը ինքնակամ խուսափելու է թանկացած ապրանքներից»։ Այս միտքը այնպիսի զայրոյթ առաջացրեց հասարակութեան մէջ, որ մարտունեցիները (իսկ Յակոբ Յակոբեանը ծնունդով մարտունեցի է) ամօթ զգալով նրա փոխարէն, ստորագրահաւաք սկսեցին՝ որպէսզի նրանց տխրահռչակ համաքաղաքացին վայր դնի պատգամաւորական մանդատը։ Ահա թէ ինչպէս արձագանգեց մարտունեցի գնդապետ Գրիշա Սարգսեանը.
«Ինչ է նշանակում, որ նա անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ ոչ աւել ոչ պակաս յայտարարել է, թէ աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են՝ թէ էժան, թանկացումը չի վնասի աղքատներին, որովհետեւ նրանք գումար չունեն ու առանձնապէս շատ բան չեն կարողանում գնել… Երկու տասնեակից աւելի տարիներ աշխատաւոր մարտունեցիների հաշուին միլիոններ կուտակած այդ անձնաւորութիւնից մեր տարածաշրջանը ոչ մի խելամիտ քայլ այդպէս էլ չի տեսել։ Ընդհակառակը, նա միայն վնասներ է հասցրել մեր շրջանին. նրա կառուցած երեք ջրակայանները ջրազրկել են երեք գիւղերի։ Մարտունու ծնունդ այս մարդը խայտառակում է մեր անունն ու մեր անկրկնելի հայրենի եզերքի պատիւը»։ Սակայն արի ու տես, որ միւս պատգամաւոր Խոսրով Յարութիւնեանը, փորձելով փրկել իր գործընկերոջ պատիւը, կրակի մէջ իւղ աւելացրեց, մեկնաբանելով Յակոբ Յակոբեանի խօսքերը հետեւեալ կերպ.
«Պատկերացրէք ընտանիք, որը կարտոֆիլ (հողկիթ) է ուտում, հիմա միսը եթէ թանկ է, նա միեւնոյնն է գումար չունի միս գնելու, նա շարունակում է կարտոֆիլ օգտագործել, երեւի պ. Յակոբեանը ի նկատի ունի սա, որովհետեւ այդ խումբ մարդկանց համար գինը էական չի՝ բարձր է թէ ոչ, որովհետեւ այդ ապրանքատեսակը նրա ամենօրեայ օգտագործման զամբիւղից դուրս է»։
Իսկոյնեւեթ մամուլը հետաքրքրուեց Խոսրով Յարութիւնեանի եկամուտների մասին եւ «Ժողովուրդը» հրապարակեց տեղեկութիւններ հետեւեալ վերնագրով «Կարտոֆիլասէր հարուստը. որքան է ՀՀԿ-ական պատգամաւոր Խոսրով Յարութիւնեանի ունեցուածքը»։
Միւս շահեկան յայտարարութիւնը հնչեց արդէն երկրի նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթում. տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նուիրուած խորհրդաժողովի ժամանակ նա ասաց հետեւեալը.
«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտօնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկութիւններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիւ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բիւջէների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խօսակցութիւնը։ Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ։ Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պէտք է կայանան, այս ինստիտուտը պէտք է կայանայ, եւ այս ընթացքում հնարաւոր են որոշակի վատ դրսեւորումներ։ Ուզում եմ բոլորիդ, ոչ մէկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթէ որեւէ մէկը պէտք է այս գործերով զբաղուի, աւելի լաւ է գնա ուրիշ տեղ աշխատի։ Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լոյսի պէս ձեզ վերաբերուել, պատրաստ ենք մեր հնարաւորութիւնների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թէ համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թէ ձեզնից ոմանք ինչպէս են մեր բնակչութեան փողերը տանում իրենց տուն։ Ամօթ է»։
Ահա եւ պետական մակարդակով հնչեցրած վկայութիւն գողութեան մասին։ Որը մնում է անպատիժ։ Ընդամէնը նախատինք է արւում, որ ամօթ է։ Ես երբեք “Comedy club” հաղորդումը չեմ նայում. ինձ համար բաւ է քաղաքական լուրերն ու մեկնաբանութիւնները լսել եւ ծիծաղալ։ Բայց չէի ցանկանայ այս ամանորեայ գրութիւնս աւարտել քաղաքական զաւեշտով։ Կուզենայի նշել, որ մեր հայաստանեան քաղաքները զարդարուած են եւրոպական կամ ամերիկեան քաղաքացիներից ո՛չ պակաս։ Գեղագիտական ճաշակը դեռ ոչ ոք մեզնից չի խլել։
Շնորհաւոր, շնորհաւո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։