dzovinarlok@gmail.com
2017-ի Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միութեան նախագահ ընտրուեց Յարութիւն Խաչատրեանը, եւ այդ պահից Միութեան փոքր դահլիճում սկսեցին ցուցադրուել եւ քննարկուել հայկական արտադրութեան կինօգործեր։ Մի անգամ ես էլ գնացի։ Չէի հաւատում, որ լաւ ֆիլմ կը դիտեմ։ Նոյնիսկ երբ յայտնեցին, որ «Եւա»-ն ներկայացուել է «Օսկար» մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմերի» անուանակարգի ցանկում, դա ինձ վրայ ո՛չ մի տպաւորութիւն չթողեց, քանզի մինչ այդ Հայաստանի կինօակադեմիան քուէարկեց ցածորակ հայ-ռուսական «Երկրաշարժ» ֆիլմի օգտին՝ «Օսկարի» մրցանակաբաշխութեան համար, պատճառաբանելով, որ մասնակցութիւնը շատ կարեւոր է։ Աւելի կարեւոր, քան ֆիլմի որա՞կը, յարգելի կինօգէտներ։ Բարեբախտաբար սխալուեցի։ «Եւա»-ն իրանայ-հայկական համատեղ ֆիլմ էր։ Իրանցիների կողմից նկարահանուած եւ հայ դերասանների մասնակցութեամբ իրականացուած չափազանց ազդեցիկ մի ֆիլմ։ Չնայած ֆիլմի ստեղծմանը մասնակցում են բազմաթիւ անձինք, այնուամենայնիւ ֆիլմի հեղինակը ռեժիսորն է։ «Եւա» ֆիլմը Անահիտ Ապատի ֆիլմն է։ Առաջին անգամն էր, որ նա հանդէս եկաւ ոչ թէ որպէս երկրորդ ռեժիսոր կամ վաւերագրական, կամ կարճամեթրաժ ֆիլմերի ստեղծող, այլ՝ լիամեթրաժ խաղարկային ֆիլմի հեղինակ։ Վաղուց էր ուզում նման ֆիլմ ստեղծել, այդ միտքը Անահիտ Ապատի մօտ ծագեց դեռեւս 1999-ին, երբ նա ճարտարապետ Արմէն Հախնազարեանի հրաւէրով եկաւ Արցախ եւ նկարահանեց «Արցախի պատմական յուշարձանները» վաւերագրական ֆիլմը։ Այդ ֆիլմում գլխաւոր դերակատարները յուշակոթողներն էին, եւ այդ ժամանակ Անահիտ Ապատը որոշեց պատմութիւն գրել, սցենար գրել, որպէսզի Արցախում մարդիկ դառնան գլխաւոր հերոսներ։ Գրեց սցենար մի կնոջ մասին, որը բժշկուհի էր, Արցախեան պատերազմում կեանքեր էր փրկում եւ, ինչպէս լինում է միայն պատերազմի ժամանակ, երբ ճակատագրի անիւը սրընթաց պտոյտ է ունենում, մահն ու սէրը խառնուեցին իրար։ Սիրահարուեց, աղջիկ ունեցաւ, բայց ամուսնուն կորցրեց, յետոյ կրկին ամուսնացաւ եւ ոչ դիտաւորեալ սպաննեց այդ երկրորդ ամուսնուն եւ ստիպուած եղաւ փախչել Երեւանից եւ հաստատուել Արցախի Դադիւանք գիւղում, թագցնելով իր մասնագիտութիւնը։ Բայց բժշկութիւնը թագցնել անհնարին է, եթէ աչքիդ առաջ ականի պայթիւնից վիրաւորւում է երախայ։
Ֆիլմում նկարահանուել էին Նարինէ Գրիգորեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսովան, Շանթ Յովհաննիսեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Սերկէյ Թովմասեանը, Մարատ Դաւթեանը… Խօսում էին արցախեան բարբառով եւ դա շինծու չէր։ Խաղում էին այնպէս, որ դա խաղ չէր։ Հաւատում էիր։ Որքան էլ տարօրինակ չթուայ, բայց չէիր հաւատում միայն գլխաւոր դերակատար Նարինէ Գրիգորեանի խաղին։ Այստեղ ստիպուած եմ խօսել ֆիլմի թերութեան մասին։ Գուցէ հէնց սցենարի մէջ էր թագնուած թերութիւնը, չգիտեմ, բայց գլխաւոր դերակատարուհու խաղը համոզիչ չէր։ Ընդհանրապէս նորագոյն շրջանի հայկական ֆիլմերի համար հերոսուհի այլեւս չեն փնտռում, որովհետեւ դա պարտադիր Նարինէ Գրիգորեանն է։ Բազմիցս գրել եմ նրա տաղանդի մասին, դիտելով նրա խաղը թատրոնում, բայց արի՛ ու տես, որ կինոյում նա բացարձակ չի դիտւում, կինօկերպար չի ստեղծւում նրա միջոցով. նրա խաղը չի համոզում։ Եւ եթէ ֆիլմը այնուամենայնիւ կայացաւ, ապա շնորհիւ միւս հերոսների, յատկապէս դեռահասների։ Մի տղայ կար ֆիլմում եւ մի աղջիկ… նրանց պատմութիւնը ստիպեց հանդիսատեսին կատարսիս (catharsis- մաքրագործում) ապրել։ Ֆիլմի դիտումից յետոյ պիտի քննարկում լինէր։ Բայց շատերը չմնացին. բաժակը լցուել էր։