ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Երբ Փապլօ Փիքասոյին (Pablo Picasso) հարցնում էին, ինչո՞ւ նրա նկարած մօտելը նման չէ իրական մօտելին, նա պատասխանում էր, որ նկարում է ոչ թէ մօտել, այլ՝ նկար։ Ի տարբերութիւն Փիքասոյի, Խաչիկ Յարութիւնեանը չի հեռանում մօտելից, նրա նպատակը հէնց մօտենալն է, բացայայտելն է, մարդու ճշմարիտ նկարագիրը դիմանկարելն է։
2016-ի Ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ նա գծանկարեց իմ դիմանկարը եւ ես տեսայ իմ դէմքին այն ահռելի ցնցումը, որին ենթարկուեց մեր ժողովուրդը։ Ո՛չ մի խօսքերով հնարաւոր չէր նկարագրել այն սրտաբեկութիւնը, որ ապրեց այդ օրերին աշխարհով մէկ սփռուած հայութիւնը։ Միայն արուեստագէտը կարողացաւ տեսնել եւ արուեստի ճշմարիտ ուժով գծագրել դա թղթի վրայ։ Ես հազուադէպ եմ ցոյց տալիս այդ գծանկարը որեւէ մէկին, որովհետեւ այն համարում եմ քառօրեայ պատերազմի վկայագիր, փաստաթուղթ, իսկ մարդիկ դիմանկարի մէջ առաջին հերթին փնտռում են արտաքին նմանութիւն, իսկ կնոջ դիմանկարի մէջ՝ նաեւ գեղեցկութիւն։ Թէ ինչպէ՛ս է կարողանում Խաչիկ Յարութիւնեանը տեսնել եւ ստեղծել իր կտաւներում մարդու մէջ թաքնուած եւ անտեսանելի էութիւնը, վկայում են նրա անթիւ դիմանկարները, իսկ կնոջ մերկ մարմինը վկայում է Յարութիւնեանի՝ գեղեցկութեան հանդէպ ունեցած երկրպագութեան մասին։ Ի՛նչ հիացմունքով է սլանում գիծը՝ մարմինը նկարագրելիս եւ… միաժամանակ կարծես շոյում է։ Զուր չէ, որ կարգ մը եւրոպական նկարիչներ խուսափում են Հայաստանում ցուցադրուելուց, ի նկատի ունենալով մեր զօրաւոր նկարչական դպրոցի առկայութիւնը եւ վախենալով մրցակցութիւնից։ Խաչիկ Յարութիւնեանին բախտ վիճակուեց հաստատուել եւ տեղ զբաղեցնել եւրոպական արուեստի շուկայում։ 90-ականների հովերը հասցրեցին նրան Գերմանիա. Այստեղ Խաչիկ Յարութիւնեանը ունեցաւ այն ամէնն, ինչ մարդ կը փափաքի ունենալ բարեկեցութեան եւ յաջողութեան համար։ Հայդելբերգում նա ունեցաւ տուն, աշխատանք, ցուցահանդէսներ, նկարների պահանջարկ եւ քիչ անց հասկացաւ, որ դա ծուղակ է։
Ո՞վ էր ասել, որ ձեզ ապրելու համար երջանկութիւն է պէտք, իսկ ինձ՝ պէտք չէ։ Երջանկութիւնը միշտ կապում են «ունենալ» բայի հետ. ունենալ բարեկեցիկ երկրի հպատակութիւն, ունենալ աշխատանք, լաւ վարձատրութիւն, տուն, աւտօմեքենա եւ այլն եւ այլն, բայց «ունենալ» բայը անսահմանութեան դռներն է բացում։ Դէպի անկուշտութիւն։
Մարդիկ սխալմամբ կարծում են, թէ մարդը մարմին է, որի մէջ տեղադրուած է հոգի եւ փնտռում են յարմարութիւններ մարմնի համար։ Սակայն մարդը իրականում հոգի է, որը «զգեստաւորուած է» մարմնով։ Վերջապէս Խաչիկ Յարութեանի հոգին ցանկացաւ ձերբազատուել բարեկեցութեան կապանքներից եւ վերադառնալ իր հացին ու ջրին։ Իսկոյն եւեթ նա զրկուեց իր յաջողութիւններից, փող վաստակելու կարողութիւնից, որ այդքան դիւրին է տաղանդաւոր նկարչի համար արտասահմանում եւ գրեթէ անհնար է հայրենիքում, քանզի այստեղ շաքարի եւ բանանի գծով ձեռներէցներ կան, բայց արուեստի գծով՝ օփերային երգիչների, նկարիչների՝ դեռեւս չկան։ Ամրանը Խաչիկ Յարութիւնեանի տարեդարձին էի հրաւիրուած։ Մենք, հայաստանաբնակներս, փոքրաթիւ էինք ի համեմատ արտասահմանում հաստատուած Խաչիկի ազգականներից։ Երկու քոյրերը ԱՄՆ-ից, եղբայրը՝ Փարիզից էին ժամանել, քրոջ դուստրը ընտանիքով՝ Աւստրիայից էր եկել, իսկ երկու որդիներին տեսանք միայն սքայպով. մէկը Ռուսաստանից միացաւ մեզ, իսկ միւսը՝ Յունաստանից…
Սովորաբար երբ գրում են նկարչի մասին, ապա նշում են ծննդեան թիւը (ծնուել է Խաչիկ Յարութիւնեանը Երեւանում 1953-ին), կրթութիւնը. աւարտել է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտը, անդամակցում է Հայաստանի Նկարիչների Միութեանը, նաեւ UNESCO-ի նկարիչների ֆեդերացիային։ Այնուհետեւ թուարկում են, թէ որտեղ է ունեցել անհատական ցուցահանդէսներ… Հաւատացէք, որ շատ եւ շատ երկրներում է ցուցադրուել իմ այսօրուայ հերոսը, բայց ինձ համար կարեւոր է, որ մենք նրա գործերը կարող ենք տեսնել այստեղ, Աշտարակից դէպի Էջմիածին տանող ճանապարհի վրայ, ուր նա տեղափոխուել է Երեւանից, որպէսզի այս բազմասենեականոց առանձնատանը, որի պատուհանները նայում են պտղատու ծառերին եւ Արարատին, տեղաւորուեն ո՛չ միայն իր նկարները, այլ նաեւ բազմաթիւ հիւրերը։ Ես սիրում եմ հերթով դիտել յատկապէս նրա վերացական գործերը։ Մաքուր նկարչութիւն։ Որոնք ոչ մի կապ չունեն մեր տեսած ծանօթ իրական պատկերների հետ։ Որի մասին պատկերասրահի անտեղեակ այցելուները սովորաբար ասում եմ «սա ի՞նչ է, ես էլ կարող եմ այսպէս նկարել»։ Չե՛ս կարող. որովհետեւ սա գոյների անկարգ խառնուրդ չէ։ Ինչպէս պոէզիայի մէջ խօսքն ու ռիթմն են ազդում ընթերցողի վրայ, այնպէս էլ երաժշտութեան մէջ հնչիւնը եւ գեղանկարչութեան մէջ գոյնն ու գիծն են խօսում իրենց լեզուով։ Եթէ ձեզ հասնում է խօսքի, հնչիւնի եւ գոյնի իմաստը, ապա դուք ենթարկւում էք նրանց մոգական ազդեցութեանը։