dzovinarlok@gmail.com
Գիշերուայ 2-ին գրպանի հեռախօսն է զանգում.
-Ձեր հիւանդը մահացաւ… բայց սպասէք-սպասէք, սիրտն է կանգնել, հիմա կը փորձենք աշխատեցնել։
Զանգում էին Երեւանի թիւ1 հիւանդանոցի վերակենդանացման բաժնից, ուր 45 ժամ առաջ շտապօգնութեան մեքենայով տեղափոխել էին հիւանդին։ Ասացին թոքաբորբ է եւ արեան վարակումից հիւանդը կարող է ամէն վայրկեան մահանալ, ուստի կնոջից ստորագրութիւն վերցրին, որ տեղեկացուած է։ Առաւօտուայ 5-ին, այսինքն առաջին զանգից 3 ժամ անց կրկին զանգեցին եւ այս անգամ հաստատեցին, որ հիւանդը մահացաւ։
Մարդ մահացաւ։ Եւ ի՞նչ։ Ծնուեց, ապրեց, ուրեմն պէտք է մահանար։ Ուղղակի պարտաւոր էր մահանալ։ Բայց այսպէս մէկ-երկու օրում տապալուեց, բոլոր օրկանները միանգամից չաշխատեցին։ Եւ բոլորի սրտերը պատեց անդառնալիութիւնը։ Նրան ետ բերելու եւ ականջին գոռալու անհնարութիւնը.
«Լսի՛ր, մի՛ թունաւորի քեզ- կը մեռնե՛ս, մի՛ ծխիր այդքան շատ – թոքերդ չ՛են դիմանայ, մի՛ կեր ու խմի ինչ պատահի եւ երբ պատահի, մի՞թէ օրկանիզմդ ինչ-որ աղբահոր է»։
Բայց ուշ է։ Նրան պէտք է արդէն դիահերձարան տանել, դագաղ ընտրել, սգոյ սրահի հետ պայմանաւորուել, տեղ գերեզմանում ապահովել, յուղարկաւորութիւնից յետոյ հոգու հացը տալ հրաժեշտ տուողների համար։ Հա՛, գերազմանափոս փորողներ պէտք է գտնել եւ բացի վճարումից պատրաստել նրանց համար օղի եւ խորտիկներ։
Բայց ինչի՞ց այնուամենայնիւ հիւանդը մահացաւ։ Մահուան պատճառը ո՞րն էր, քանզի մարդը իր ոտքով գնաց վերակենդանացման բաժին եւ 48 ժամ անց այրիացած կինը ստացաւ նրա դիակը։ Ահա տեղեկանք մահուան վերաբերեալ. սուր պերիկարդիտ՝ չճշդուած։
Այժմ պիտի անդրադառնանք այս պատմութեան ամենակարեւոր խնդրին, որն է նիւթականը։ Դէ ի հարկէ, այս խնդիրը բոլոր խնդիրների հիմքն է, ո՛չ միայն մահուան։ Բայց միայն չունեւորների համար։ Գուցէ մահացողը ազատւում է այդ խնդրից, բայց մնացողների համար, մասնաւորապէս այրի մնացած կնոջ համար ամուսնու մահուան պահից սկսեց աշխատել հաշուիչը եւ թխկացնել. «տո՛ւր, տո՛ւր տո՛ւր»։ Սխալ չհասկանաք. մահացածը ունեւոր էր։ Նա ապրում էր ըստ պահանջի. ունէր իր պիզնեսը, աշխատողներ, մեքենայ վարորդով, բայց ինչ վաստակում էր, շռայլ ծախսում էր, նեղ օրուայ մասին երբեք չմտածելով։ Արդիւնքում այրին մնաց 40 տոլարով, իսկ մահուան ծախսերը կազմեցին 1000 տոլար…
- Ո՞նց եմ ես ապրելու-, հարցրեց ինքնիրեն այրին, որը մէկ ամիս առաջ էր ընդամէնը ձեւակերպել իր կենսաթոշակը եւ այն կազմում էր ընդամէնը 50 եւրօ, այսինքն 28,000 դրամ։
Եւ սթրեսից նա կորցրեց իմունիթեթը, այսինքն անընկալութիւնը վարակիչ հիւանդութիւնների հանդէպ. նա ուժասպառ եղաւ, ջերմութիւնը բարձրացաւ 40 աստիճանի. բնական է, նա նոյնիսկ ի վիճակի չեղաւ մասնակցել ամուսնու յուղարկաւորութեանը։ Ճակատագրի անիւը սկսեց պտտուել սոսկալի արագութեամբ. հետեւեալ օրը նա կորցրեց լսողութիւնը, այնուհետեւ խօսելու ունակութիւնն եւ գիտակցութիւնը։ Նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կեդրոնի վերակենդանացման բաժանմունք։ Տարբերութիւնը թիւ1 հիւանդանոցի համեմատ նրանում էր, որ այնտեղ օրական 40,000 դրամ էին վճարում վերակենդանացման բաժանմունքում գտնուելու համար, իսկ «Էրեբունի»-ում գտուելն անվճար էր։ Բայց ախտորոշման եւ դեղերի գինը նոյնքան բարձր էին, ինչ ամուսնու հիւանդութեան ատեն։ Ժամանակակից աւանդական բժշկութիւնը փորձում է բուժել հիւանդութիւնը, բայց ոչ՝ մարդուն։ Արդիւնքում հիւանդութիւնը կարող է բուժուել, բայց մարդը՝ ոչ։ Ուժեղ դեղերին չդիմանալով երիկամներն ու թոքերը դադարեցին աշխատելուց։ Բժիշկները միացրեցին արհեստական շնչառութեան սարքը։ Մարիաննա Սեյրանեանը այս բաժանմունքի ամենածանր հիւանդն էր։ Ծայրայեղ ծանր վիճակում էր գտնւում։
-Մի՛ լացէք-,ասաց ինձ բուժքոյրը։
Ես նայեցի նրան. նա լացելու պատճառ չունէր։ Նա այս պատմութեան մէջ սովորական բուժքոյր էր։ Իսկ ես - Մարիաննայի քոյրը։