dzovinarlok@gmail.com
Գարեգինին ես ճանաչում եմ մանկուց: Իր դպրոցական տարիներից: Սովորում էր Կոջոյեանի անուան կրթահամալիրում, որը մասնագիտացուած է նկարչական ձիրք ունեցողների համար: Մենք, ծնողներս, ունենալով նոյն տաղանդով օժտուած երեխաներ, նոյնպէս մտերմացել էինք իրար հետ: Յիշում եմ, երբ դասարանով քաղաքից դուրս էինք գալիս, Գարեգինը առանձնանում էր, ընտրում էր յարմար դիրք ու սկսում էր նկարել…, շուտով մենք տեսնում էինք վանքը՝ պատկերուած շրջակայ միջավայրի մէջ: Այսինքն նա նկարում էր դասարանում, նկարում էր տանը եւ նկարում էր հանգստեան պահերին: Բայց մի՞թէ արուեստագէտի համար կայ հանգստութիւն հասկացութիւնը՝ ոչինչ անելութեան իմաստով: Դպրոցն աւարտելուց յետոյ նա սովորեց մանկավարժական համալսարանի գեղանկարչական բաժնում: Այնուհետեւ ես երկար ժամանակ չտեսայ Գարեգինին: Միայն գիտէի, որ իր դասընկերոջ՝ Սեւակի հետ մեկնել է Ռուսաստան: Անցան տարիներ եւ մի գեղեցիկ աշնանային երեկոյ, երբ Արաբկիր թաղամասի պարտէզում լապտերից «բոցավառուեց» ծառերի ոսկին, պարտէզին եզերուած շէնքի առաջնայարկում բացուեց Ga Reggin անունով սրահը, որի մուտքին անգլերէնով գրուեց tattoo and art strudio: Ես չափազանց ուրախացայ, որ Գարեգին Յարութիւնեանը նորից Երեւան եկաւ, արդէն ձեռք բերելով Ռուսաստանում նաեւ կեանքի եւ աշխատանքի փորձ:
- Գարեգին, Ռուսաստանը ասուածը ո՞ր քաղաքն էր:
- Սկզբից Օրենպուրկը, յետոյ Սանկտ Փեթերպուրկը:
- Փաստօրէն հնարաւորութիւն ունեցար առընչուել էրմիտաժի նման հզօր թանգարանի հետ: Այսպիսով ուսման երեք փուլ անցար: Ի՞նչ տուեց քեզ Կոջոյեան դպրոցը:
- Նկարչական այբուբենի հետ ծանօթացրեց. Ինչպէս թղթին մօտենալ, կոմպոզիցիա ստեղծել…
- Իսկ բարձրագոյն կրթական համակա՞րգը…
- Յղկում է եւ այստեղ շատ կարեւոր է մանկավարժի դերը:
- Կա՞ր այդպիսի անհատականութիւն համալսարանում:
- Այո՛, Թերեզա Բաղդասարեանն էր: Նա ինձ հնարաւորութիւն տուեց՝ նայելով առարկային, ոչ թէ կրկնօրինակել այն, այլ ազատ ստեղծագործել:
- Արդիւնքում ծնւում էին արդէն քո կերպարները: Իսկ Սանկտ Փեթերպուրկում յաճախելով էրմիտաժն ու նայելով համաշխարհային արուեստի վարպետների գործերին, դու շարունակեցիր քո ուսումը արդէն բարձրակարգ արուեստի հետ շփման միջոցով: Սակայն խօսենք դաջուածքի մասին, որով դու ապրուստդ էիր հոգում: Հիմա դա շատ պահանջարկ ունի, ինչպէս այն ամէնը, ինչ կապուած է մարդու մարմնի հետ: Ինչ ես կարծում, դա արուե՞ստ է:
- Ես ուզում եմ, որ դա լինի արուեստ եւ ձգտում եմ ստեղծել իմ գծագիրները, քլիշեները, այլ ոչ թէ դաջել պատրաստի քլիշեներով:
- Գարեգին, իսկ ի՞նչ խառնուածք պիտի ունենայ երիտասարդը, որպէսզի ցանկանայ ունենալ դաջուածք մարմնի մորթի վրայ: Գուցէ դա ինքնութեան անվստահութիւնից է գալիս:
- Սկզբից ես այդպէս էի կարծում, բայց յետոյ համոզուեցի, որ ընդհակառակը, դաջուել ցանկացողները ինքնավստահութեան պակաս չունեն, նրանք շատ լաւ գիտեն, թէ ի՛նչ են ուզում եւ ինչո՛ւ:
- Ինձ հետաքրքրում է մի հարց. ինչպէս է զգում իրեն հայը Ռուսաստանում:
- Առաջին տարին ես ինձ հայ էի զգում, սակայն երբ սկսեցի մտածել ինչպէս ռուսները, ես ստեղծեցի իմ մէջ ռուս Գարեգինի կերպարը եւ հասկացայ, ինչո՞ւ են նրանք այդքան թեթեւ տանում ամէն ինչ, ինչու են այդքան ազատ եւ հետզհետէ իմ էներժին սկսեց փոխուել եւ դառնալ դրական, եւ այդ էներժին ձգում էր դէպի ինձ այն մարդկանց, որոնք իմ գործին անհրաժեշտ էին: Սակայն դրսում հայը՝ գտնուելով օտարների մէջ, հային որպէս լաւ ազգ ներկայացնելու առաքելութիւն ունի: Որովհետեւ խոպանչիները, որոնք մտահոգուած չեն ազգի նկարագրով, թողնում են շատ վատ տպաւորութիւն, այդ պատճառով ջանք ես թափում, որպէսզի ապացուցես հայի բարձր որակը, նրա անցած դժուարին ճանապարհը, որը վերջապէս բերել ու հասցրել է մինչեւ մեր օրերը:
- Այժմ ամենակարեւոր հարցը. ինչո՞ւ վերադարձար Հայաստան:
- Մի երգ էի լսում հայկական, սիրտս չդիմացաւ…
- Ո՞ր երգն էր:
- Սեւակ Խանագեանի «Հայրենիք» երգը…
Այսպիսով հայկական երգը խառնեց ռուսական ճակատագրի բոլոր խաղաթղթերը: Ժամանակին Յովհաննէս Պատալեանի երգերը իրանահայերին ստիպեցին ներգաղթել Հայաստան: Իսկ այսօր երգն ընդունակ է ոչ միայն վերադարձնել հային հայրենիք, այլ նաեւ կանխել նրա արտագաղթը: Որովհետեւ չկայ աւելի կարճ ճանապարհ դէպի մարդկային սիրտը, քան կարօտի երգը: