dzovinarlok@gmail.com
Երբ նա քայլում է Շուշիում, նրան ճանաչում են մեծից փոքր, ոմանք էլ ետեւից ասում են Սայաթ-Նովա։ Որովհետեւ Յակոբ Խալաթեանը քամանչայ է նուագում։ Եւ նրա հետ շարունակ հարցազրոյցներ են անում. առաջին հարցը սովորաբար լինում է «Ինչո՞ւ քամանչա»։ Մենք Յակոբի հետ ունեցանք հետեւեալ զրոյցը.
- Ծնուել եմ Երեւանում 1956-ին։ Սակայն ես մշեցի եմ։ Նախնիներս Մշոյ Հացեկաց (Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր) գիւղից են գաղթել 1830-ին, եւ այն ինչ ես ներսում ունեմ,- դա Մշոյ օդ ու ջրից է։ Աւագ քոյրս՝ Կարինէն նուագում էր քանոն. նրա նուագի ատեն ես սեղանի վրայ էի խփում։ Այդ տեսնելով հայրս սեւ շուկայից ինձ դհոլ գնեց։ Նա աշխատում էր գործարանում, իսկ այնտեղ ինքնագործ խումբ կար, որի ղեկավարը՝ Մարտին Խաչատրեանը, քամանչահար էր եւ սքանչելի մանկավարժ։ Նա ինձ քամանչայի մասնաւոր դասեր տուեց։ Եւ անվճար։ Երաժշտական դպրոցներում մինչեւ 1975-ը քամանչայի դասարան չկար։ Հէնց Մարտին Խաչատրեանն է բացել այդ դասարանը Տ. Չուխաջեանի եւ Ալ. Սպենդիարովի երաժշտական դպրոցներում 1974-1975 թթ., երբ ես արդէն աւարտեցի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, որտեղ սովորեցի 1972-1975 թթ-ին նոյն Մարտին Խաչատրեանի դասարանում։
- Դաշնամուրը պարտադիր է բոլոր նուագարանների համար, այնպէս չէ՞։
- Այո, բոլոր ժողովրդական եւ դասական նուագարաններ սովորելու համար անցնում էին «ընդհանուր դաշնամուր» առարկան։ Ցաւօք, այս դրոյթը հիմա պարտադիր չէ։
- Կարծեմ սոլֆեժն էլ այսօր պարտադիր չէ, թէեւ դժուար է երեւակայել՝ ինչպէս կարելի է ծառի ճիւղ դառնալ առանց ծառի արմատի։ Իսկ երաժշտանոց ե՞րբ ընդունուեցիք։
- 1981-ին, սակայն ես համարում եմ, որ կրթութիւն կոչուածը հիմնուած է հիմնականում ինքնակրթութեան վրայ։
- Յակոբ, քամանչան ժողովրդական նուագարան է, ի՞նչ զգացմունքներ կարելի է արտայայտել քամանչայով։
- Ես նուագում եմ, կարծես երգում եմ։ Սա երգ է. մարդկային ձայնի արտաբերում գործիքով։
- Ուրեմն քամանչան կարելի է դասել նաեւ որպէս վոքալ գործիք։
- Բայց սա այն գործիքն է, որը չի հնչում ուտելու պահերին։
- Իսկ կին է թէ՞ տղամարդ քամանչան։
- Կին է…
- Եւ նրան կարելի է զարդարել ինչպէս կնոջը։
- Եթէ վարպետը գոհ էր մնում իր պատրաստած գործիքից, ապա անպայման զարդարում էր սադափով եւ սեւ-սպիտակ էբոնիտով։
- Իսկ ի՞նչ գործեր կան գրուած քամանչայի համար։
- Շատ քիչ…Մինչեւ 80-ականները հիմնականում դրանք փոխադրումներ էին՝ ջութակի համար գրուած երկերի։
- Քամանչայի համար գրուածների տեւողութիւնը 3-5 րոպէ է, դա չի կարող բաւարարել երաժշտին եւ դուք կատարել էք գործեր, ստեղծուած ջութակի համար։
- Ես միշտ նախանձել եմ ջութակահարներին, որոնք նուագում էին մի ամբողջ կէս ժամանոց կոնցերտ նուագախմբի հետ։ Ես կատարեցի Արամ Խաչատուրեանի ջութակի կոնցերտը քամանչայով՝ առանց փոխադրումի, որպէսզի ցուցադրեմ քամանչայի հնարաւորութիւնները։ 1976 թուականն էր, այդ ժամանակ պատճէնահանում չկար եւ ես ձեռքով եմ արտագրել կոնցերտը։
- Յակոբ, դու դա արտագրել ես ոչ միայն որպէս երաժիշտ, այլ՝ ձեւաւորել ես արդէն որպէս նկարիչ, սակայն նախքան քո նկարչութեան մասին խօսելը, շարունակենք մեր խօսքը քամանչայի եւ ջութակի մասին։ Աւետ Տէրտէրեանի մօտ սիմֆոնիայում հնչում է քամանչա, բայց ովքե՞րն են գրել գործեր քամանչայի համար քո խնդրանքով եւ յատուկ քեզ համար։
- Ռուբէն Ալթունեանը գրեց «Անտունի»-ն քամանչայի եւ կամերային նուագախմբի համար, որը ես կատարեցի առաջին անգամ 2002-ին Երեւանում։ Վաչէ Շարաֆեանի երկը, որտեղ մենակատարը քամանչահարն է եւ նուագում է լարային քառեակի, դհոլի եւ դաշնամուրի հետ։ Վերջապէս, նշեմ մեր ճազային կոմպոզիտոր Ստեփան Շաքարեանին…
- Սպասէ՛ք, Յակոբ, ես յիշեցի ձեր Էդուարդ Բաղդասարեանի «Ռապսոդիա»-ի կատարումը։ Անհաւատալի՛ էր։ Դուք ապացուցեցիք, որ քամանչան ի վիճակի է նման բարդ գործ կատարել։ Բայց մի՞թէ դժուար չէր։
- Քամանչան յարմարեցուած չի դասական գործեր նուագելու համար՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Ջութակի վերեւը նեղ է, ներքեւը՝ լայն, իսկ քամանչայի մօտ՝ հակառակն է, ուստի տեղ չկայ մատներ դնելու համար։ Առաջին անգամ այդ տեխնիկական խնդիրը վերացրեց կոմպոզիտոր եւ երաժշտագէտ Աշոտ Պետրոսեանցը, որը կատարելագործում էր նուագարանները եւ քամանչայի կոթի դիրքը փոխեց (նեղից դէպի լայն)։ Արդիւնքում ունեցանք քամանչայի 2 տեսակ. 1. ժողովրդական աւանդական արտաքինով, 2. պրոֆեսիոնալ երաժիշտների համար, որոնք ուզում են նուագել դասական գործեր եւ որոնք անգամ աղեղն են բռնում ջութակահարի նման։ Հիմա արդէն մեր վարպետները նոյնպէս լայնացնում են կոթի հատուածը։
- Ինչի՞ց են պատրաստում քամանչան։
- Ընկուզենուց։ Դուդուկը՝ ծիրանենուց, թառը՝ թութից. ծիրանը ծանր է, իսկ թթի խտութիւնը թեթեւ է։ Օրինակ, պարսկական թառերը մեծ են եւ գրկել չի լինում եւ ծնկներին են դնում ի տարբերութիւն հայերի, որոնք կրծքին են պահում. իսկ սիթառը Հնդկաստանում գետնին են դնում…
Յակոբ Խալաթեանը նուագել է տարբեր համոյթներում, հիւրախաղերով շրջել բոլոր մայրցամաքները եւ՝ դառնալով 60 տարեկան, որոշել է այլեւս կտրուկ փոխել իր կեանքը եւ ընտրել է Շուշին որպէս ապրելու եւ աշխատելու վայր։ Քանի-քանիսը զոհուեցին յանուն Շուշիի ազատագրմանը եւ ահա ես հանդիպեցի մէկին, ով ցանկանում է ապրել յանուն Շուշիի։ Վերականգնել Շուշիի քամանչայի եւ թառի դպրոցը։ Երբ նրան տրամադրեն թառահար Բալա Մելիքեանի (1888-1935) տունը, նա այստեղ բացելու է երաժշտական անկիւն եւ այդ տանը զբաղուելու է գործիքաշինութեամբ եւ մանկավարժութեամբ։ Յակոբ Խալաթեանը այն հազուադէպ երաժիշտներից է, ով ոչ միայն նուագում է գործիքի վրայ, այլ նաեւ հասկանում է նրա անատոմիան, տիրապետում գործիքի բոլոր գաղտնիքներին։ Կայ մի հանգամանք էլ, որի պատճառով Յակոբը հիւրախաղերին նախընտրում է նստակեաց ապրելաձեւ։ Նա նաեւ նկարիչ է եւ խոստովանում է, որ նկարում է այն, ինչ նուագում է։ Մենք երկար խօսեցինք նկարչութեան մասին եւ ես հասայ այն եզրակացութեան, որ նկարչութիւնը արուեստի ամենադժուար տեսակն է։ Իսկ Յակոբը աւելացրեց, որ հենց նկարչութիւնն է պահանջում ամենաշատ տաղանդ։
Օրեր առաջ գրել էի Դանիէլ Դեքերի մասին, որն իրեն հայ էր համարում իր ընտրութեամբ։ Ժամանակն է, որպէսզի ծնունդով հայը Հայաստանն ընտրի իր համար որպէս աշխարհընկալման վայր, առաւել՝ Արցախը, որը, վերջապէս դարձաւ Հայաստան։
7