dzovinarlok@gmail.com
Ինքնադիմանկարից մեզ վրայ է նայում նկարիչը։ Մե՞զ վրայ է նայում թէ՞ ինքն իր վրայ։ Նա ինքն իր վրայ է նայում, երբ նկարում է, բայց պատրաստի նկարից՝ արդէն մեզ վրայ… Ստացւում է, որ մարդ՝ նայելով ինքն իր վրայ, նայում է միաժամանակ աշխարհին։ Արուեստի աշխարհում յայտնի են անթիւ ինքնադիմանկարներ, սակայն այսօր մենք կանգ ենք առնելու մէկի վրայ՝ հոլանդական նկարիչ Վիսենթ Վան ԿոԿի (1853-1890)։
Համճար լինելը, հանճարեղութիւն կրելը դա անասելի բեռ է, քանզի դա նորմալ չէ։ Եւ քանի որ շուրջդ նոյն հանճարները չեն, այլ՝ սովորական մարդիկ, ապա երեւակայէք որքա՛ն դժուար է լինում կեանքը հանճարեղ մարդու համար։ Սակայն կայ կեանք, որը մարդն ապրում է իր օրով, եւ կայ այն կեանքը, որ սկսւում է մահից անդին եւ ապրւում է կրկին ու կրկին տարբեր ժամանակներում արդէն մարդկութեան կողմից։
Արուեստի պատմութեան մէջ չկայ աւելի ցայտուն օրինակ, երբ արուեստագէտը նման մասշտաբի համբաւ ձեռք բերի մահից յետոյ, չկայ մի ուրիշ նկարիչ, որի նկարի համար վճարէին աւելի մեծ գին, քան պատրաստ են վճարել Վան Կոկի նկարի համար։ Սակայն կեանքի օրով նրա գէթ մէկ նկարը վաճառուեց, եւ երբ նրա մասին գրուեց լուրջ մի յօդուած, Վան Կոկը վախեցաւ։ Վախեցաւ յաջողութիւնից, որովհետեւ յաջողուած նկարիչը չէր նկարի այդքա՛ն կրքոտ, այդքա՛ն ներքին ուժով. Արտաքին բարեկեցութիւնը արուեստագէտի թշնամին էր, որովեհետեւ թուլացնում էր նրա կիրքը։ Անհաւատալի է, բայց նա նոյնիսկ հրաժարուեց ժառանգութեան իր բաժնից հօր մահից յետոյ՝ 1885-ին։
Վան Կոկը մահացաւ Փարիզից ոչ հեռու գտւող Օվեր Սիւռ Ուազ վայրում։ Նրա մահուան օրը, օրուայ քրոնիկը հաստատուած է. 27 Յուլիս 1890 էր, նա վերցրեց ներկերը եւ գնաց դաշտեր, որպէսզի նկարի, այնտեղ նա ինքն իր վրայ կրակեց ատրճանակով։ Միանգամից չմահացաւ։ Արիւնահոսող վէրքով որովայնում նա վերադարձաւ հիւրանոց։ Վերջին ժամերին նրա հետ էր եղբայր Թեօն։ Նա քաջալերում էր եղբօրը, ասելով, որ կապաքինուի եւ նրա հոգեկան տագնապը կը յաղթահարուի, բայց Վինսենթը ուզում էր մահանալ եւ ասաց, որ նրա տխրութիւնը կը մեռնի միայն իր հետ։ Մահացաւ Յուլիսի 29-ի կէսօրին։ Վերջին խօսքերն էին «Հէնց այսպէս ես կը ցանկանայի մահանալ»։ Սակայն մի ուրիշ վարկածով նրա վերջին խօսքերն էին «Որքան եմ տուն ուզում վերադառնալ»։ Կարծում եմ, տուն բառը այս համատեքստում նշանակում է՝ վերադառնալ այնտեղ, որտեղից մարդն աշխարհ է գալիս։ Ո՞րտեղ է դա։ Ոչ ոք գիտի։ Գուցէ միայն մեռնողը՝ մեռնելիս։
Վան Կոկը այն նկարիչն է, որին մահից յետոյ հետազօտում են մի կողմից հոգեբոյժները, իսկ միւս կողմից՝ արուեստաբանները, որոնք նրա նորարական նկարչական լեզուն ամենեւին էլ չեն կապում նրա հոգեկան ինչ-ինչ տագնապների հետ։ Նրա նորարարութիւնը կայանում էր նկարչական բնոյթի մէջ. մինչ ակադէմիկ նկարիչները փորձում էին նմանակել բնութեանը, նա մեծ վրցնահարուածներով ցուցաբերում էր ոչ թէ բնութեան նմանակումը, այլ՝ նկարչութեան բնութիւնն ու էութիւնը, որը դեռեւս դժուար էր ընկալւում նրա օրով։
Շատերը բացատրում են նրա հանճարը իր հոգեկան հիւանդութեամբ, բայց նա գրել էր եղբօրը. «Եթէ չլինէր այս հիւանդութիւնը, ինչե՛ր կարող էի ես նկարել»։ Այսինքն նրա հանճարը բացատրւում է ոչ թէ հիւանդութեամբ, այլ հակառակ հիւանդութեան… Ուրիշ կերպ ասած եթէ նոյնիսկ հիւանդութիւնը նպաստում էր հանճարեղութեանը, ապա նոյն հիւանդութիւնն էլ խանգարում էր հանճարին։
Նկարներից զատ Վինսենթը թողեց մի մեծ նամականի, որը ուղղուած էր իր եղբօր Թեոյին եւ որտեղ Վինսենթը նկարագրում է արդէն ոչ միայն իր հոգեկան, այլ՝ հոգեւոր վիճակները. «Սկզբից ես նկարում եմ այն, ինչ թաքնուած է աչքից, յետոյ այն, ինչ տեսանելի է բոլորին»։
Ինչո՞ւ էին նրա գոյները այդքան վառ։ Ահա նրա բացատրութւնը. «Որքան ես աւելի սարսափելի, ծեր, չար, հիւանդ եւ աղքատ եմ դառնում, այնքան իմ գոյնը հոյակապ, վառ ու փայլուն է դառնում… Աստղերով ես յոյսն եմ արտայատում, հոգուս կրակը՝ մայրամուտի փայլով»։
Վան Կոկն ապրեց ընդամէնը 37 տարի, նկարել սկսեց 27 տարեկանից, թողելով աւելի քան 1600 աշխատանքներ, ինքնասպան եղաւ, թէեւ գոյութիւն ունի նաեւ վարկած, որ նրան սպաննեցին։ Հէնց այդ վարկածի վրայ է հիմնուած նոր մի անիմացիոն ֆիլմի բովանդակութիւնը, որը դարձաւ սենսասիոն ողջ աշխարհում…
Վան Կոկի մասին անթիւ ֆիլմեր են նկարահանուել. վաւերագրական, գիտա-հետազօտական, 1956-ին Քըրք Տուկլասի դերակատարութեամբ նկարահանուեց «Կեանքի Ծառաւ» ամերիկեան գեղարուեստական ֆիլմը, որի կարգախօսն էր «Դրամա մի մարդու մասին, որն ապրում էր անկուշտ կիրքով»։ Եւ ահա 2016-ին մեծ էքրան բարձրացաւ անիմասիոն “Loving Vincent” անունով ֆիլմը, որը դարձաւ արուեստի մեծագոյն իրողութիւն ողջ աշխարհում։ Հայերէն կոչւում է «Վան ԿոԿի Կրքերը»։ ֆիլմում մենք տեսնում ենք Վան Կոկի 125 նկարները, որոնք սկսում են «շարժուել» ու”«խաղալ»”շնորհիւ 65,000 նկարների (կադրերի), արուած յիւղաներկով 125 գեղանկարիչների կողմից։ Առաջին ֆիլմն է կինոյի պատմութեան մէջ, որը ստեղծուել է յիւղաներկով։
Հայաստանն էլ անմասն չմնաց աշխարհից եւ Հոկտեմբերի 28-ին, ճիշդ անիմացիայի միջազգային օրը եւ ճիշդ “«ՌէԱնիմանիա» 9-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատօնի բացման օրը «Մոսկուա» կինօթատրոնում ցուցադրուեց այդ սենսասիոն ֆիլմը։ Բացեց փառատօնը «ՌէԱնիմանիայի» հիմնդադիր-տնօրէն Վրէժ Քասունին։ Նա պատմեց, որ պրոդիւսեր Ճոն Բոբիթը այս նախագիծը սկսեց կարճամեթրաժ ֆիլմով, այնուհետեւ մտածեց լիամեթրաժ ֆիլմի մասին։ Բեմ դուրս եկաւ ինքը՝ ֆիլմի պրոդիւսեր Ճոն Բոբիթը՝ ասելով, որ ֆիլմի նպատակն էր դպչել մարդկային սրտերին։
Ֆիլմի հեղինակներին դա յաջողուեց։ Եւ ինչպէ՞ս կարող էր ձախողուել, եթէ խօսքը գնում էր մի նկարչի մասին, որն աշխատում էր սրտով։ Այն էլ այրուող սրտով։