dzovinarlok@gmail.com
Այս համերգի, այս երգչի մասին դեռեւս Սեպտեմբերին էի պատրաստւում գրել, երբ Շուշիի Մշակոյթի եւ Երիտասարդութեան կենտրոնի համերգասրահում լսեցի նրա համերգը։ Հրաւիրատոմսի վրայ գրուած էր Դանիէլ Դեքերեան, բայց նա Դանիէլ Դեքերն էր։ Այն երգիչը, ով գրեց Արա Գէորգեանի «Ատանա» երգի անգլերէն բառերը եւ երգեց այն Ցեղասպանութեան 90-ամեակին։ Երգը թարգմանուեց 21 լեզուներով եւ բուլղարացին երգեց բուլղարերէն, շվետուհին՝ շվետերէն, չեխը՝ չեխերէն, ֆինլանտուհին՝ ֆինլանտերէն, գերմանացին՝ գերմաներէն, մոլդաւացին՝ մոլդաւերէն… Ցաւը դարձաւ համընդհանուր։ Միայն արուեստն է ընդունակ նման արդիւնքի բերել։ 5 տարի անց Դեքերը թողարկեց ձայնասկաւառակ հայկական երգերով։ Շատ երգեր լսեց մինչեւ որ ընտրեց 13 երգ, որոնք չափազանց թանկ են հայի սրտին. «Կիլիկիա», «Տլէ Յաման», «Մարտիկի Երգը», «Ատանա»… Երեւակայէք ի՛նչ ջանք էր գործադրել եւ համբերութիւն՝ սովորելու համար հայկական երգերը հայերէնով, որին դեռեւս չի տիրապետում, բայց մտադիր է սովորել։ Նոյնիսկ ամուսնացել է հայուհու հետ։ Դեքերը իրեն հայ է զգում եւ իր ձայնասկաւառակն անուանել է «Հայ եմ իմ ընտրութեամբ»։ Ուրեմն եթէ մենք հայ ենք Աստծոյ շնորհիւ, ապա նա՝ իր ընտրութեան շնորհիւ։ Դեքերի կողքին միշտ կարելի տեսնել երաժիշտ Արա Գէորգեանին։ Նրա «Մուշ»-ը լսելիս Դեքերը զգաց, որ հայ է։
Այսպիսով Սեպտեմբերի 3-ին Շուշիում շքեղ մի համերգ տեղի ունեցաւ՝ «Իմ Արցախ» խորագրով”։ Բեմը գրաւեց Հայաստանի ազգային նուագարանների պետական նուագախումբը՝ ՀՀ վաստակաւոր արտիստ Նորայր Դաւթեանի ղեկավարութեամբ։ Իսկ այս համոյթը բեմում տեսնել նշանակում է տեսնել ու մեռնել, որովհետեւ նրա ելոյթը խոստանում է ոչ թէ հայկական երգի բարձրակարգ կատարում, այլ համոյթը ինքը հանդէս է գալիս որպէս հայ երգի սիրոյ խոստովանութիւն։ Յատուկ փայլ Հաղորդեցին համերգին երգիչներ Համլետ Գէորգեանը, Լեյլա Սարիբեկեանը, Եւա Եգանեանը եւ Անահիտ Շահբազեանը, որոնք երգեցին եւ զուգերգեցին Դանիէլի հետ։
«Ես եկել եմ այստեղ, որպէսզի դուք տեսնէք, որ ձեր կողքին կանգնած են նաեւ ուրիշները»։ Որքա՛ն ջերմութիւն եւ պաշտպանուածութիւն հաղորդեցին մեզ Դանիէլի այդ խօսքերը։ Շուշիում, երբ մենք տօնում էինք Ղարաբաղի անկախութեան հռչակման 26-րդ տարին։ Երբ աշխարհը դեռ չի կողմնորոշուել՝ ինչպէս վերաբերուի մեր անկախացմանը, բայց ոչ պաշտօնական յայտարարութիւններում բոլորը, ովքեր ծանօթ են Ղարաբաղի խնդրին, ասում են, որ Ատրպէյճանը կարող է կրկին տեսնել այդ տարածքը իր կազմում միայն այն դէպքում, երբ կը ոչնչացնի Ղարաբաղի ողջ հայութիւնը։ Ու մենք այսպէս ապրում ենք՝ պաշտպանելով երկիրը եւ զոհուելով յանուն մեր անկախութեան։ Եւ ահա օտարը գալիս է համերգով քո երկիր եւ ասում է, որ դուք մենակ չէք։ Ես ձեզ հետ եմ։ Ես էլ եմ հայ։ Ես Դեքեր չեմ, այլ՝ Դեքերեան։
Դանիէլը ԱՄՆ-ից է, բայց տաքարիւն է ինչպէս Փորտօ-ռիկացիներն են։ Աւարտել է Նիւ-Եորքի երաժշտանոցի երգեցողութեան բաժինը, այնպէս որ երգում է դրուած ու վարժուած ձայնով։ Սակայն երգել հոգով- դա արդէն նրա առանձնայատկութիւնն է եւ դա նշանակում է ոչ միայն կատարել երգը, այլ նաեւ հաւատալ նրա գոյութեանը, որովհետեւ երաժշտութիւնը արուեստի այն տեսակն է, որն աւարտւում է կատարումից յետոյ եւ շարունակում է իր գոյութիւնը միայն հազուադէպ երգիչների կատարումից յետոյ։ Նրանց երգերը շարունակում են ապրել քո յիշողութեան, քո էութեան մէջ։ Ինչպէս շարունակում են ապրել իմ մէջ Սեպտեմբերի 3-ին հնչաց երգերը, որոնց մասին ես գրում եմ Հոկտեմբերի 23-ին։
Ես յստակ լսում եմ «Ով Հայոց Սարեր»-ը Խաչատուր Աւետիսեանի, «Հպարտ Գնացէք» Գուսան Հայկազունի, «Մարտիկի Երգը» Աշոտ Սաթեանի։ Իսկ Արմէն Մովսիսեանի «Վեր Կաց, Եղբայր Իմ» երգը կատարելու համար Դեքերը մօտեցաւ դաշնամուրին եւ ինքը նուագեց ու երգեց՝ Ճիշդ ինթոնացիայով եւ շեշտադրումով. լսում էինք՝ աչքներիս եւ ականջներիս չհաւատալով։ Բայց երգիչը հայ երգով եւ հայ ոգով մկրտւում էր։ Էդկար Յովհաննիսեանի «Երեւան-Էրեբունի», բայց մինչ այդ «Ատանա»-ն, որի մասին Դանիէլը ասաց.
- Այդ երգը փոխեց իմ կեանքը։ Այս երգով ոչ-հայերը պիտի իմանային ցեղասպանութեան մասին։ Ամէն տեղ, ուր երգում էի, ինձ մօտենում էին եւ խոստովանում, որ երբեք նման երգ չեն լսել։ Մի երգի մէջ ընդգրկուել է սարսափելի իրողութիւնը,- դա կարող էր անել գուցէ օտարը։ Օտարը, ով զգալով հայի ցաւը՝ դարձաւ այդ ցաւի միջոցով հայ։
Համերգի աւարտին չգիտես ինչու զգուշանում էինք խօսել բարձրաձայն եւ խօսում էինք շշուկով…