ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

«Սայաթ-Նովա»ն եւ Կոմիտասի փառատօնը

dzovinarlok@gmail.com

«Մեր երգերը լռելու իրաւունք չունեն»,-սա Յովհաննէս Չէքիճեանի ասածն է եւ այդ խօսքը հնչեց Կոմիտասի փառատօնին, որը Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ է միշտ անցնում եւ մենք ծանօթանում ենք աշխարհասփիւռ հայերի հետ այս անգամ ոչ թէ համագումարի տեսքով, այլ՝ երգի միջոցով։ Առաջին անգամ չէ, որ Կոմիտասի տարեդարձի (26 Սեպտեմբեր) օրուայ առթիւ սփիւռքի նախարարութիւնը փառատօն է կազմակերպում։ Սկզբից ես նեղւում էի, որ Կոմիտասի փառատօնի մասնակիցների մէջ պրոֆեսիոնել երգիչները աւելի քիչ էին, քան ինքնագործ խմբերը։ Ցանկալի էր,որ Կոմիտասի փառատօնը լինէր այն մակարդակին, ինչ Խաչատուրեանի անուան փառատօնը, բայց յետոյ անդրադարձայ, որ այս փառատօնը անցկացնում է սփիւռքի նախարարութիւնը, որի նպատակը ոչ թէ ինքը Կոմիտասն է, այլ նրա շուրջ հաւաքուած դրսում ապրող հայերը։ Նրանք հեռու են հայրենիքից, Մասիս սարից… Նրանց հայրենիքը, Արարատ սարը դա մեր երգն ու պարն է, իսկ հայապահպան կենարար աղբիւրը մեծն Կոմիտասն է։

24 Սեպտեմբերի համերգը տեղի ունեցաւ Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տանը։ Անկեղծ ասած ես գնացի համերգի «Սայաթ-Նովա» երգչախմբի համար։ Համբերատար մտիկ արեցի միւս բոլոր կատարումները։ Յորդանանի Աման քաղաքից ժամանած 15 հոգանոց երգչախումբը կատարեց «Էս առուն» եւ «Իմ հայ, ժողովուրդ, սիրի՛ր ինքդ քեզ» երգերը։ Այդ երկրորդ երգը Կոմիտասին չէր պատկանում, այն գրել էր երգչախմբի ղեկավար Վարդուհի Թորոյեան-Ներսիսեանը, որն այնուհետեւ կատարեց իր իսկ նուագակցութեամբ «Հովեր կ՚անցնեն» իր հեղինակած երգը։ Մասնակցեցին երգիչներ եւ երգչախմբեր Իսլայէլից, Գերմանիայից, Ռուսաստանից, «Նարեկ» վոքալ համոյթը Թեհրանից… Անշուշտ նաեւ Հայաստանից եղան երգիչներ։ Վերջապէս բեմ ելաւ «Սայաթ-Նովա»ն։ Հազիւ էի զսպում զգացմունքներս։ Կողքս նստած էր պոլսահայ Նշան Կիւրեհը, որն աշխատում է Երեւանի Նոր Ռատիոյում։ Մենք ագահօրէն հայեացքներս ուղղեցինք երգչախմբին. 8 աղջիկ, 8 տղայ Մելիքճան Զամանի ղեկավարութեամբ կատարեցին «Սիփանայ քաջեր»-ը ու անհետացան։ Համերգի աւարտին նրանք միւս մասնակիցների հետ մէկտեղ բեմ դուրս չելան եւ մենք նրանց նաեւ ետնաբեմում չգտանք։ Երեւի օդանաւի շտապեցին։ Որովհետեւ սեպտեմբերի 28-ին փառատօնի աւարտական համերգը կայացաւ արդէն Արամ Խաչատուրեանի անուան համերգասրահում եւ ես կրկին, բայց ապարդիւն «Սայաթ-Նովա»յի յոյսով փութացի այնտեղ։ Այս անգամ խմբերն աւելացել էին՝ Հայաստանեան ու Ղարաբաղեան մասնակիցների շնորհիւ։ Սակայն նորից Ամանի երգչախումբը երգեց «Իմ հայ ժողովուրդ, սիրի՛ր ինքդ քեզ» երգը, որը իրականում քայլերգ էր եւ աջից մէկն ասաց «Ինչո՞ւ չեն դարձնում սա Հայաստանի քայլերգ», իսկ ձախից երկու կին զարմացան «Մի՞թէ սա Կոմիտասն է գրել»։ Իմանալով թէ ով է հեղինակը նրանք ցոյց տուեցին հրաւիրատոմսը, որտեղ գրուած էր «Երգում ենք Կոմիտաս, համահայկական փառատօն» եւ անհետացան՝ նետելով «Մենք եկել էինք Կոմիտաս լսելու»։ Բայց Կոմիտասին միացել էին ուրիշ հեղինակներ եւ անգամ Կոմիտասի երգերի անթոյլատրելի մեկնաբանութիւններ։ Իսկ մասնակիցների մէջ յայտնուեց նոյնիսկ մի ճապոնացի Կիտօ Նումատա անունով երիտասարդ դաշնակահար եւ նուագեց Կոմիտասի «Շուշիկի» պիէսը սխալ շեշտադրումներով, որին դահլիճը այնուամենայնիւ բարեացակամ արձագանգեց։ Օ՚, մեր հանդիսատեսը ամենահամբերատար եւ բարեացակամ հանդիսատեսն է աշխարհի երեսին։ Բեմ էին դուրս գալիս երգիչներ, որոնք զարմանք էին առաջացնում. թէ ո՞նց է այս մասնակիցը յանդգնել հանդէս գալ այս բեմում եւ այս փորձառու հանդիսականի առջեւ։ Եւ արդէն չէիր զարմանում, հասկանալով, որ այս համերգը իրականում հանդիսատեսի համար չէ, այլ միայն՝ մասնակցի։ Որին հայրենիքը իր գիրկն էր բացել։ Հետեւեալ օրը Աբովեան փողոցի վրայ մենք տեսանք «Սայաթ-Նովա» խմբի երկու երգիչներին՝ Նարօտին եւ Արէնին, միւսները վաղուց վերադարձել էին Պոլիս։ Երանի՚ միւս պոլսահայ խմբերի պէս «Սայաթ-Նովա»ն առանձին լիակատար համերգ տար Երեւանում, այլապէս թողեց մեզ կարօտով։ Անհամբեր կսպասենք։ Առաջ Աստուած։