dzovinarlok@gmail.com
Այսպիսով ունեցանք Հայաստան-Սփիւռք համագումար։ Հայը հայի երեսին նայեց 6-րդ անգամ։ Սա էր երեւի ամենադրականը, որովհետեւ մենք ասող-խօսող ազգ ենք, իսկ խօսքը վաղուց կորցրել է իր ուժը, քանզի մնում է խօսքի մակարդակի վրայ՝ չանցնելով գործի։ Բայց մեր նախագահը ծնունդով Սովետական Միութիւնից է եւ ուրիշ բան չի տեսել ու չի լսել բացի խօսքից, որը մնում էր միշտ թղթի վրայ։ Արդէն խօսքը գրւում էր բարձրաձայն կարդալու համար, այլ ոչ թէ գործնական քայլեր անելու համար, այնպէս որ ոչ ոքի այդ խօսքը ոչինչ չասեց։ Միայն լրագրողները հանեցին նախագահի ճառից մի նախադասութիւն՝ 4 միլիոն բնակչի վերաբերեալ (թէ իբր ուզում է տեսնել Հայաստանում մինչեւ 2040-ը 4 միլիոն բնակիչ) եւ սկսեցին աջ ու ձախ դէմ տալ այդ հարցն ամէնքին։
Ներգաղթ արտագաղթի
փոխարէն
Վերլուծաբան Արմէն Բաղդասարեանը բնորոշեց Սերժ Սարգսեանի ելոյթը որպէս բաժակաճառ. Հայաստանը ներգաղթի ալիք տեսել է վերջին 200 տարուայ մէջ երեք անգամ. առաջինը 1828-ից, այսինքն ռուս-պարսկական պատերազմից յետոյ, երկրորդը 1917-ի յեղափոխութիւնից եւ քաղաքացիական պատերազմից յետոյ, երրորդը 1946-ին՝ երկրորդ աշխարհամարտից յետոյ։ Հիմա մենք շատ հեռու ենք այդ վիճակից։ Պատերազմը չի աւարտուել, տեսանելի ապագայում չի երեւում թէ ինչպէս է աւարտուելու։ Հետեւաբար ներգաղթի մասին պիտի մոռանանք։
Իսկ միւսները իրաւացի մեկնաբանեցին, որ ներգաղթի համար պայմաններ պէտք է ստեղծել, իսկ աւելի ողջամիտները աւելացրեցին, որ մեր հարեւանների թիւն էլ այդ ընթացքում կ՚աւելանայ եւ սկսեցին հաշուարկել, որքան կը հասնի Թուրքիայի եւ Ատրպէյճանի բնակչութեան թիւը 2040-ին։
Մենք անշուշտ
մահապարտ ենք
6-րդ համագումարը անցաւ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» կարգախօսի ներքոյ։ Այս առիթով վերլուծաբան Տիգրան Յակոբեանը կարծում է, որ վստահութեան խնդիրը արհեստական է, որովհետեւ վստահութեան կարիք կարելի է ունենալ, եթէ դու ուզում ես Ուկանդայում կամ Սինգափուրում ներդրումներ անել, բայց խօսքը գնում է քո հայրենիքի մասին եւ վստահութեան պահանջ դնելը արդարացնում է միայն քո չգալը։ Այո՛, մենք ունենք դատական համակարգի խնդիր, բայց դա կարող է ամերիկահային զայրացնել, իսկ Միջին Արեւելքի երկրներում այդ համակարգը եւ ժողովրդավարութիւնը նոյնպէս կայացած չեն։ Եւ այստեղ Տիգրան Յակոբեանը մի հետաքրքրական բան է ասում, որն իմ սրտից է նաեւ խօսում. եթէ հարկային պայմանները ներդրումների համար բարելաւեն, ապա ամէն ազգի մարդիկ էլ կը գան այստեղ, բայց մենք խօսում ենք էթնիկ ներդրումային քաղաքականութեան մասին։ Այո՛, Հայաստանը գուցէ դեռեւս 10, 20, նոյնիսկ 50 տարի իր կենսամակարդակով չի հասնի եւրոպական երկրներին, բայց եթէ դու հայ ես եւ ուզում ես, որ Հայաստանը զարգանայ, դու պէտք է ռիսկի դիմես, դու պէտք է մի քիչ մահապարտ լինես։
Քաղաքագէտների մեծամասնութեան կարծիքով այս համագումարը ոչ մի իմաստ չունի, իսկ Լեւոն Շիրինեանը նոյնիսկ այն կարծիքին էր, որ սփիւռքահայերին բերել են, որպէսզի հիւրանոցները լեցնեն…
Կարօ Փայլանը
Հայաստանի մէջ
Համագումարի գլխաւոր հերոսն էր Կարօ Փայլանը։ Նրան համակրում էին բոլորը անխտիր. սա այն դէպքն էր, երբ ժողովուրդն ու իշխանութիւնը միասնական էին։ Խօսող հայի կերպարը, որ Հրանդի ատեն հայաստանցին փախցրեց, այս անգամ, երբ աշխարհը դարձաւ աւելի թափանցիկ, արդարացի հերոսացրեց։ Իրաւ խօսող հայի կերպարը Թուրքիայի պայմաններում միշտ կմնայ առեղծուած ե՛ւ հայի, ե՛ւ թուրքի համար։ Եւ կը զարմացնի, քանզի կը նմանի խօսող տերեւի կամ քարի։ Որովհետեւ չափազանց քիչ ենք եւ կը նախընտրենք անձայնութիւնը, ստուերի մէջ մնալը։ Սակայն Փայլանի կարծիքով պէտք է խօսել, որպէսզի ազգայնականները տեսնեն քո անվախութիւնը, եթէ չխօսես, ապա նրանց կ՚արտօնես իրաւունքներդ ոտնահարել։ Փայլանը ուժը ստանում է իրաւունքից՝ հակառակ նրանց, ով կարծում է, որ ուժն է ծնում իրաւունք։
Կարօ Փայլանի մամլոյ ասուլիսներին ուրուագծուեց նրա եզակի քաղաքական գործչի կերպարը։ Իսկական քաղաքական գործիչը չի՛ տրտնջում, չի՛ գանգատում։ Նա գիտակցում է, թէ ի՛նչ դժուար են իր առջեւ ծանրացած խնդիրները, բայց հէնց այդ դժուարութիւնների համար գոյութիւն ունի քաղաքականութիւնը, որի շնորհիւ մարդիկ փորձում են սայլը տեղից շարժել։ Եթէ համայն հայութեան խնդիրը Հայաստանի լինել-չլինելն է եւ դա կախուած է միայն մեզանից, ապա Կարօ Փայլանի ապրած երկրում բազմաթիւ խնդիրների շարքում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցն է եւ Փայլանը ուզում է, որ այդ հարցում բաց պահենք դուռը, սկսենք նոր սպիտակ թղթից։ Եւ ինչպէ՞ս կարող է թրքահայը չունենալ բաց դուռ հայաստանցի հայի հետ։