dzovinarlok@gmail.com
Հայաստանում Յուլիսից մեկնարկեց Ժամանակակից արուեստի միջազգային տրիենալեն, որը անցնելու է մինչեւ Դեկտեմբեր ամիս։ Արուեստի գործերը, գաղափարները, նախագծերը ներկայացւում են ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի միւս քաղաքներում եւս, այն էլ անսովոր վայրերում, ստիպելով տարբեր ձեւով նայել այն ամենին, ինչը մինչ այդ ծանօթ էր թւում։ Իրականում մարդ իր ապրած տեղում երբեք չի նայում շուրջբոլորը զբօսաշրջիկի հետաքրքրութեամբ։ Նրա հայեացքը միշտ ուղղուած է դէպի անյայտ հեռուները։ Եւ հէնց այդ հեռուներից հառած հայեացքը գտնում եւ ստիպում է քեզ յայտնագործել եւ նորովի նայել քո ուշադրութիւնից դուրս մնացած արժէքներին։ Ի դէպ այս տրիենալէի շնորհիւ ես խորին ակնածանքով սկսեցի վերաբերուել յատկապէս ճարտարապետներին եւ եկայ այն եզրականութեան, որ տաղանդներից ամենակարեւորը դա ճարտարապետի տաղանդն է։
Փարիզից եկած Ֆելիչէ Վարինին, որը այս տրիենալէյի մասնակիցներից է, շրջեց Երեւան քաղաքով եւ գտաւ այն շինութիւնը, որտեղ նա իրականացրեց իր տարածական արուեստի աշխատանքը։ Նա նկարում է ոչ թէ պաստառի, այլ պատերի, տանիքների եւ առաստաղների վրայ։ Երեւանում նա ընտրեց երկաթուղային կայարանի շէնքի առաստաղը եւ կարմիր ու դեղին ներկերով ներկայացրեց «Վեցանկիւններ, Շրջաններ Եւ Սեղաններ» ցուցահանդէսը, որը բացուեց Սեպտեմբերի 12-ին եւ այցելուները կարող են տեսնել Ֆելիչէի փոխակերպումը մինչեւ Նոյեմբերի 12-ը։ Ցուցահանդէսի բացումը իրականացրեց Հայաստանում Զուիցերիայի Համադաշնութեան դեսպանատունը, քանզի Վարինին ծնունդով Լոքարնոյից էր եւ Զուիցերիայի քաղաքացի։ Սա Զուիցերիայի կողմից Հայաստանում երբեւէ արուած ամենամեծ միջոցառումն էր։ Տարիներ առաջ զուիցերական ֆիլմերի շաբաթ եղաւ։ Իսկ առաջիկայում Հայաստան կայցելէն երկու գրողներ։ Նախագծի համադրողն էր հայազգի Ադելինա Չուբերեան ֆոն Ֆիւրշթենբերգը, որը նոյնպէս Զուիցերիայի քաղաքացի է։
Սեպտեմբերի 14-ին մեկնեցինք մի նոր ցուցահանդէսի բացմանը. այս անգամ դա կայացաւ Սեւանի թերակղզու վրայ գտնուող Գրողների Միութեան հանգստեան տան համալիրում, որտեղ ծրագրի համադրող Ռուբէն Արեւշատեանը ներկայացրեց 10 տարի առաջ յղացած իր երազանքի իրականացումը, որն էր՝ ցուցադրել արուեստի վարպետներ Ջերարդ Բըրնի, Յոզեֆ Դաբերնիգի, Իգոր Գրուբիչի տեսաֆիլմերը։ Նա ընտրեց ցուցադրութեան համար հէնց Սեւանի հանգստեան տունը։ Մոտեռնիստական այս հրաշքը նոյնպէս հեռուից էր եկել մեր իրականութիւն, բայց ժամանակի հեռուից։ Մենք առաջին անգամ նայեցինք այս համարձակ համալիրին արուեստագէտի աչքերով։ Այն բաղկացած էր երկու շինութիւններից. մէկը կառուցուել էր Գէորգ Քոչարի եւ Միքայէլ Մազմանեանի նախագծով 1932-ին։ 1938-ին երկու ճարտարապետներն էլ աքսորուեցին Սիբիր, ինչպէս թելադրում էր ստալինեան բռնապետութեան տրամաբանութիւնը, որից խուսափել անհնար էր։ Փառք Տիրոջը, որ երկուսն էլ վերադարձան աքսորից եւ 1963-ին Գէորգ Քոչարին առաջարկեցին վերակառուցել շինութիւնը, եւ նա աւելացրեց մէկ սիւնի վրայ կանգնած թեռասը… Երկու շինութիւնների միջեւ խորքում երեւում է 9-րդ դարի Ս. Յարութիւն Եկեղեցին։ Կարծես Փառաճանովի կամ Տարկովսկու ֆիլմը դիտես. մարդիկ մօտենում են եկեղեցուն կամ հեռանում, եւ մարդկանց երթը հորիզոնական գծի վրայ է, մինչ եկեղեցին յաւերժական ուղղահայեաց դիրքում է գտնւում։ 2004-ին գրողների հանգստեան տան համալիրը ընդգրկուեց սովետական եւ ընդհանրապէս սոցիալիստական ճամբարի երկրների մոտեռնիստական շինութիւնների հետազօտման ծրագրի մէջ եւ գումար յատկացուեց հետազօտման եւ վերականգման աշխատանքների համար։ «Հանգստեան տունը դա մի տեղ է, ուր ժամանակը կանգ է առնում»,-ոգեւորուած պատմում էր իր բացման խօսքում Ռուբէնը եւ հետեւում, թէ ինչպէս է միջավայրը վերականգնում մեր պատմութիւնը՝ վեր հանելով ականաւոր մարդկանց սրբազան անունները…
Սեպտեմբերի 16-ին արդէն տեղափոխուեցինք Սիւնիքի մարզ։ Այստեղ ունենք 7 քաղաքներ. Կապան, Գորիս, Դաստակերտ, Սիսիան, Քաջարան, Ագարակ, Մեղրի։ Կապանի ժամանակակից արուեստի թանգարանում տրիենալէի շրջանակներում բացուեց Արման Գրիգորեանի ցուցահանդէսը։ Թանգարանը իր մշտական ցուցադրութեան մէջ շուրջ 400 նկարներ ու քանդակներ է ցուցադրում եւ այնպիսի գործեր, որոնք պատիւ կը բերեն աշխարհի ցանկացած պատկերասրահին։
Մնում է աւելացնել, որ այս տրիենալէն իրագործում են Արուեստի Հայկական խորհուրդը՝ Մարինա Հարոյեանի տնօրինութեամբ, Արուեստ Աշխարհի համար հասարակական կազմակերպութիւնը, Հասրատեան հիմնադրամը եւ անշուշտ ծրագրի բազմաթիւ հովանաւորները, որոնք ցուցաբերում են իրենց նիւթական աջակցութիւնը։