dzovinarlok@gmail.com
Այս անգամ այցելեցի Արցախը Ղարաբաղի Անկախութեան Տօնի առթիւ։ 26 տարի առաջ Սեպտեմբերի 2-ին հռչակուեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։
Այս անգամ բացայայտեցի ինձ համար Շուշի քաղաքը։ Սկսած նրա դիմագծից, որը կերտուել է անցեալում, մինչեւ մեր օրերի լռութիւնը, որ տիրում է այդ աներեւակայելի քաղաքում։ Կան հայոց աշխարհում քաղաքներ, որոնք նոյն դիմագիծը ունեն. Ալեքսանդրապոլ, Կարս, Կարին եւ այլ վայրեր, որոնք կիսուած էին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ Շուշին կիսուել էր Իրանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այսօր մտնելով Շուշի թւում է թէ իրանական քաղաքում ես գտնւում, որովհետեւ 1920-ի կոտորածի ժամանակ, որն իրականացուեց թուրքական եւ ատրպէյճանական բանակների կողմից, սպաննուեցին 8 հազար հայեր եւ ոչնչացուեցին 7 հազար հայկական շինութիւններ։ Այսօր հայկական տները Ղազանչեցոց եկեղեցու շուրջ կարելի է տեսնել միայն լուսանկարներում։
Քաղաքում բազմաթիւ հրկիզուած տներ են կանգնած։ Շատ քիչ մարդ կարելի է տեսնել եւ ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ չուանին կախուած լուացք։ Շուշին կարելի է անուանել բարերարների քաղաք, քանզի բարերարները տներ կառուցում, թանգարաններ եւ ուսումնարաններ բացում։ Օրինակ, «Շուշիի Արուեստի Կեդրոն» հիմնադրամը ներկայացնում է Կարօ Սարգսեանի անհատական հաւաքածուի նմոյշները, որոնց մէջ մեծ տեղ են գրաւում գորգերը։ Այստեղ տօնի առթիւ բացուեց ղարաբաղցի հայր եւ որդի Գրիգորեանների գեղանկարչական ցուցահանդէսը։ Վաղուց արդէն Մոսկուա տեղափոխուած Գրիգորեանները վերադառնում էին հայրենիք իրենց նկարների մէջ։
2002-ին ԱՄՆ-ում ստեղծուեց «Նարեկացի Արուեստի Միութիւն», որը բացեց իր մասնաճիւղերը Երեւանում (2004) եւ Շուշիյում (2006)։ Միութիւնը ղեկավարում է հիմնադիր-տնօրէն Նարեկ Յարութիւնեանը Պէյրութից։ Շուշիի գեղատեսիլ եռյարկանի մի շինութիւնը վերանորոգելով՝ Նարեկացի Միութիւնը բացեց այստեղ բազմաթիւ խմբակներ երախաների համար. թատրոն, նկարչութիւն, ասեղնագործութիւն, կարպետագործութիւն, փորագրութիւն եւ այլն։
Անկախութեան Տօնը Նարեկացի Միութիւնը նշեց չափազանց հետաքրքրական համերգով, նուիրուած երգահան եւ մանկավարժ Խաչատուր Աւետիսեանին (1926-1976)։ Թատերական խումբը մի խաղ ներկայացրեց, որտեղ հանդիսատեսը տեղափոխուեց Լենինականի բակ, ուր անցել էր ապագայ երգահանի մանկութիւնը… Այնուհետեւ Ստեփանակերտի ազգային նուագարանների նուագախումբը կատարեց Աւետիսեանի ստեղծագործութիւններից հիանալի կտորներ եւ մշակումներ։ Համացանցի կապով ողջ համերգին հետեւում էր նրա աւագ որդի Գրիգորը։ Համերգի աւարտին նա յայտնեց, որ երբ 1978- ին Խաչատուր Աւետիսեանը երաժշտանոցում բացեց ժողովրդական գործիքների ամբիոն, ապա միշտ հետամուտ եղաւ, որպէսզի ընդունուողների ամէն 10-ից մէկը անպայման լինէր Ղարաբաղից։
Սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթեայ տարածքում Սպենդիարեանի անուան օփերայի թատրոնը ներկայացրեց Հարօ Ստեփանեանի (1897-1966) «Սասունցի Դաւիթ» օփերան, որին մասնակցեց օփերային թատրոնի նուագախումբը ու պալետը Կոնստանդին Օրբելեանի ղեկավարութեամբ։ Ծնունդով Հարօ Ստեփանեանը Դաշտային Ղարաբաղի՝ Գանձակ քաղաքից էր։ «Սասունցի Դաւիթ» օփերան նա գրել էր 1936-ին, բայց նրա կեանքի օրով այն չէր բեմադրուել, այնպէս որ սա առաջնախաղն էր։ Երեւանում օփերան կը հնչի Սեպտեմբերի 9-ին։ Աւելացնեմ, որ ներկայացմանը ներկայ էր նաեւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսեանը, որի բարձր հովանու ներքոյ էր կայացել օփերայի բեմադրութիւնը։
Թանգարաններից յատուկ նշեմ Շուշիի պատմութեան թանգարանը, որտեղ իւրայատուկ մի զգացմունք ունեցայ, որի անունը արժանապատւութիւն էր։ Թանգարանի տնօրէն Աշոտ Յարութիւնեանը ճիշդ էր ասում, որ մեր պատմութիւնը լուսաբանողները չգիտես ինչու նուաստացնում են մեզ։ 500 տարի է մենք տարածքներ ենք տուել, հիմա էլ 500 տարի պիտի տանջուելով ետ վերցնենք։ Յարութիւնեանի նպատակն է թանգարանի ցուցադրութեամբ արժանապատուութիւն արթնացնել հայ ազգի մէջ։ Առանձին սենեակ նուիրուած էր բարերար Թադէւոս Թամիրեանցին։ Լինելով այնքան հարուստ, որ նոյնիսկ իր ունեցուածքի հաշիւը չգիտէր, նա ջուր է անցկացնում Շուշիում եւ երբ ողջ ջրատար երկարութեամբ ձգուող հիւրասիրութեան սեղան է գցում արդէն ջուր ունեցող բնակիչների համար, ապա խօսք է վերցնում եւ խնդրում, որպէսզի թոյլ տան մի գիծ էլ իր համար ջուր անցկացնի ընդհանուր գծից… Աստուա՛ծ իմ, ինչպիսի շուշեցիներ ունենք, որոնք հետք են թողել պատմութեան մէջ։
Նշանաւոր շուշեցիներից նշեմ գրողներ Լէօ (Առաքել Բաբախանեան, 1860-1932), Գեւորգ Մուրացան (1854-1908), դերասաններ Վաղարշ Վաղարշեան (1894-1959), Գուրգէն Գաբրիէլեան (1903-1956), «Ոսկէ Ցուլիկ» կարճամետրաժ ֆիլմի Նաջարեանը), նկարիչ Ստեփան Ագաջանեան (1863-1940), քանդակագործ Յակոբ Գիւրճեան (1881-1948)…
Վերջապէս ինքը Աշոտ Յարութիւնեանը, որը թէեւ հարուստ չէր, բայց ինքնին հարստութիւն էր ներկայացնում իրենից՝ իր գաղափարներով, պատերազմում անցած ուղիով եւ ձեռք բերած փորձով։