dzovinarlok@gmail.com
Հետաքրքիր մի դիտարկում եմ արել. Հայաստանի հայերը ասում են իրենց հայ, իսկ մնացած հայերին սփիւռք կամ ըստ բնակատեղիի՝ պոլսահայ, պէյրութահայ, ռուսահայ, ֆրանսահայ… Սակայն պարզւում է, որ նոյնը անում են նաեւ սփիւռքահայերը. նրանք իրենց ասում են հայ, իսկ մնացած հայերին ըստ բնակատեղիի, այսինքն մենք դառնում ենք իրենց տեսանկիւնից հայաստանցի։
Օրերս մի փոքրիկ խմբով ճամբորդութեան ելանք՝ Տաթեւով դէպի Ղարաբաղ։ Մեր մէջ կար մի անձնաւորութիւն, որը թէեւ հայաստանցի էր, բայց հաստատուել էր Բելգիայում եւ իրեն համարում էր այլեւս եւրոպացի։ Երբ Եղեգնաձորում կանգ առանք նախաճաշ անելու, խօսք բացուեց կարծեմ ֆլամինկոների թէ ջայլամների մասին եւ նա ասաց, որ Ղարաբաղում ֆլամինկոների պիզնես կը բացի։ Ու ծիծաղաց։ Այսինքն կատակ արեց։ Երբեք մարդ այնպէս չի նեղւում, քան երբ նրան նեղում են ազգային հողի վրայ. ուրեմն Ղարաբաղը որոշ հայերի համար դա կատակ է, իսկ լուրջը դա Եւրոպան եւ ԱՄՆ-ն է։ Նման մարդու հետ անհնար է հաց կիսել, որովհետեւ սեփական հողը ուրացող հայը ընդհանրապէս մարդկային ընտանիքից դուրս է մնում։ Հա, ի միջի այլոց նրանք ընդունում են, որ դրսի հայեր են եւ երբ Հայաստանից դուրս եկած տարբեր հայեր մէկտեղուեցին Տաթեւում «Տաթեւեր» ճոպանուղու մուտքին, ապա իրենց միջեւ մի փոքրիկ ընդհարում տեղի ունեցաւ՝ դրսին համապատասխանելու վերաբերեալ։ Նրանք այլեւս վայրի հայաստանցիներ չէին եւ ապացուցում էին միմեանց քաղաքակիրթ լինելու մէջ։ Բայց Տաթեւ-Հալիձոր ճոպանուղին տանում էր մեզ դէպի Տաթեւի վանական համալիր, դէպի այն քաղաքակրթութիւն, որը շատ աւելի վաղ էր ծագել, քան առհասարակ Եւրոպան…
Աներեւակայելի հաճոյք է պատճառում այդ ճոպանուղին. նոյնիսկ նրանք, ովքեր վախ ունեն բարձրութեան (320 մ) կամ փակ տարածքի հանդէպ, կարող են առհասարակ մոռանալ վախի մասին, քանզի այնքան ամուր է սարքած եւ այնքան հաճելի է անցնում 12 վայրկեանը, որ ձեր մէջ ամէն ինչ փոխւում է. դուք արդէն այնպիսին չէք, ինչպիսին էիք մինչեւ ճոպանուղի մտնելը։ «Տաթեւեր»-ը Կինեսի գրքում գրանցուած է որպէս աշխարհի ամենաերկար յետադարձ ճոպանուղի՝ 5752 մ երկարութեամբ։ Հաճոյքը կրկնւում է, որովհետեւ վերադառնում ես նոյն ճամբով եւ տոմսակի 5000 դրամը (10 դոլարի չափ) գնում է համալիրի նորոգման եւ շինարարութիւնների վրայ։
Կրկին Շուշիում ենք։ Քաղաքը դիմաւորում է խաչքար-թուրով, որի վրայ գրուած է
«Հոգին յաւիտենական է, մահը յիշողութիւն»
Ստեփանակերտում սեղան ենք նստում կեներալ Արմէն Աբգարեանի հետ։ Հետաքրքիր հարցեր է շօշափում արցախցի կեներալը, որը բարձրաձայնել է ԱԺ-ում.
1 Ինչո՞ւ ղարաբաղցին կարող է Հայաստանի նախագահ դառնալ, իսկ հայաստանցին Ղարաբաղի նախագահ չի կարող դառնալ։
2 Ինչո՞ւ ղարաբաղցին կարող է ունենալ առանձնատուն Երեւանի քաղաքի կեդրոնում, իսկ հայաստանցին Ղարաբաղում՝ ոչ, նոյնիսկ եթէ նրա որդին զոհուել է Ղարաբաղի սահմանին։
3 Ինչո՞ւ չենք միացնում Արցախը Հայաստանին։
Իրօք որ. ե՞րբ է վերջանալու այդ թատրոնը երկու հայկական հանրապետութիւնների մասին. Արցախը Հայաստանի 11-րդ մարզն է եւ չկայ այլեւս հայաստանցի եւ ղարաբաղցի։ Միայն Արցախում ես հասկանում, որ ցեղասպանութեան ճանաչման պայքարը պէտք է փոխարինել Արցախի ճանաչման պահանջով։ Մինչեւ աշխարհը չճանաչի Արցախի անկախութեան իրաւունքը եւ այն չդադարի իրաւաբանօրէն համարուել Ատրպէյճանի մաս, Հայաստանը կը շարունակուի գտնուել փաստացի ցեղասպանութեան վտանգի ներքոյ։ Եւ պատերազմի մէջ։ Շատ-շատերն են դա հասկացել եւ Արցախում կարելի է հանդիպել հայութեան տարբեր հատուածների ներկայացուցիչներին, որոնք իրենց ճակատագիրը կապել են Ղարաբաղի հետ։ Օրինակ, երբ մենք հաւաքուեցինք Մարտակերտի Աղաբեկալանջ գիւղում Պաւել Տադեւոսեանի տանը, ապա սեղանի շուրջ մէկտեղուեցին նրա զինակիցները՝ երկու ֆրասահայեր (որոնք իրականում նախկին պոլսահայեր էին) եւ մէկ պէյրութահայ մարտիկ։ ֆրանսահայ Վարդան Թորոսեանը 1997-ին ամուսնացել էր ղարաբաղցի Վարդուհու հետ՝ Մոխրաթաղ գիւղից, նոյն Մարտակերտի շրջանից։ Ունէին երկու զաւակ եւ տարուայ մի կէսը գտնւում էին Փարիզում, իսկ միւսը՝ Ղարաբաղում։ Վարդանը երջանիկ էր։ Իսկ Պաւել Տադեւոսեանը ունէր 4 տղայ եւ մէկ աղջիկ։ Պատմում էր, թէ ինչպէս էին կռուել Աղաբեկալանջ գիւղի համար, որը երեք անգամ անցել էր թուրքի ձեռքը, մինչեւ որ վերջնականապէս դարձել էր հայկական։ Խաղաղութիւնը նրանց չի կարող խաբել. նրանք միշտ պատրաստ են կրկին զէնք վերցնել ու դիմագրաւել հակառակորդի յարձակումներին։
Խմում ենք Տադեւոսեանների տնական թթի օղին։ Որքա՛ն էլ խմենք՝ չե՛նք հարբում։ Առաջին բաժակը Արցախում խմում են միշտ յոտնկայս՝ զոհուածների կենդանի կենացը։