dzovinarlok@gmail.com
Այո, Ստեփանակերտում կան զոհուած եւ անյայտ կորած ազատամարտիկների թանգարաններ եւ գերեզմանոց։ Սակայն ներկայիս սերունդը Արցախում չի տարբերւում նրանցից, ով կեանքով վճարեց Արցախի հողի համար։ Դա նոյն տղաներն են, որոնք փոխարինել են զոհուածներին։ Նոյն ոգին է նրանց մէջ եւ նոյն պատրաստակամութիւնը՝ պաշտպանել ազատագրած հողը։ Ստեփանակերտում մեզ հիւրընկալեց մի ընտանիք, բաղկացած երեք հոգուց։ Այնքա՛ն պարզ են արցախցիները, այնքա՛ն անկեղծ։ Կինը ի միջի այլոց պատմեց անցեալ տարուայ ապրիլեան պատերազմի մասին, որը սկսուեց Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը։ Երբ մայրը Ապրիլի 2-ի առաւօտեան հերթապահութիւնից տուն եկաւ, ապա որդուն չգտաւ, միայն լուրերում իմացաւ, որ տղան կամաւոր առաջնագիծ է գնացել…
Այնպէս որ դժուար կը լինի ազերիներին նրանց երբեւէ յաղթել։ Ուստի Ատրպէյճանը փորձում է իր հարցերը լուծել ոչ թէ հայերի հետ, այլ՝ միջազգային ատեանների, ահազանգելով «գրաւեալ տարածքների» մասին։ Ցոյց եմ տալիս ընկերներիս Աղդամի եւ Քարվաճառի լուսանկարները.
-Սա գրաւեալ տարածքնե՞րն են,- հարցնում են նրանք։
-Այդպէս մի ասէք. եթէ նրանք 1992-ի աշնանը չարտաքսէին Քելբաջարի (հայերէն Քարվաճառ) հայ բնակչութիւնը, հայերը 1993-ի գարնանը չէին ազատագրի այդ շրջանը։
Ուրեմն այդ եօթ շրջանները, որոնք համարւում են գրաւեալ տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ, ձեռք են բերուել Արցախեան պատերազմի ընթացքում։ Քանի ազերիները կռուել են, այնքան կորցրել են…
Այժմ տեսնենք թէ որոնք են այդ շրջանները, որոնք կազմում են անվտանգութեան գօտի Լեռնային Ղարաբաղի շուրջ.
1. Քելբաջարի, այսինքն Քարվաճառի շրջան՝ 1,936 ք.կմ
2. Լաչինի շրջան, որի մի մասը մտել է Քաշաթաղի շրջան, միւսը՝ Շուշիի, Լաչինը վերանուանուել է Բերդձոր՝ 1,835 ք.կմ։
3. Կուբաթլուի շրջան, որն ազատագրուել է 1993-ի ամրանը եւ Լաչինի ու Զանգելանի հետ մտել է Քաշաթաղի շրջան, կազմում է 802 ք.կմ
4. Ճեպրաիլի շրջան, որը մտել է Հադրութի շրջան՝ 1,050 ք.կմ։ Ճեպրաիլ քաղաքը այժմ կոչւում է Մեխակաւան։
5. Զանգելանի շրջան, որը մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը Կապանի շրջանի կազմում էր, այժմ՝ Քաշաթաղի մէջ է, 707 ք.կմ է։
6. Աղդամի շրջանի միայն 77% է ազատագրուած եղել. 1,094 ք.կմ –ից, 842 ք.կմ, այժմ մտնում է Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մէջ, Աղդամը վերանուանուել է Ակն կամ Ակնա։
7. Ֆիզուլիի շրջանի 33% է ազատագրուել, այսինքն 1,386ք.կմ-ից 462 ք.կմ, որը մտել է Հադրութի շրջանի կազմ։ ֆիզուլի քաղաքը այժմ կոչւում է Վարանդա։
Ահա այսպիսի պատկեր է. այսպէս կոչուած գրաւեալ տարածքները 7,634 ք.կմ են, եթէ գումարենք Լեռնային Ղարաբաղի 4,400 ք.կմ, ապա կստացուի 12,034 ք.կմ։ Աւելի քիչ տարածք է գրաւում Լիբանանը՝ 10,452 ք.կմ, որտեղ բնակւում է 5 միլիոն մարդ, իսկ Արցախում ըստ 2015- ի տուեալների բնակչութեան թիւը ընդամէնը 150,932 է։ Երկիրը քանակութեամբ է երկիր դառնում, հաւատացէ՛ք, այն էլ թշնամի հարեւան ունեցող…
Ստեփանակերտից ուղեւորւում ենք դէպի Աղդամ, Ակնա… Ճանապարհին կարդում եմ սլաքները՝ «Ասկերան», «Տիգրանակերտ», այնուհետեւ Աղդամի գիւղերը՝ «Ուղտասար», «Վազգենաշէն», «Նորաշէն»… Ինքնաշարժի պատուհանից գլուխս դուրս եմ հանում եւ բացականչում. «Ես սիրում եմ քեզ, Աղդա՛մ»։ Մարդկային շունչ չկայ։ Ամայի տարածք է. կիսաւեր տներ, նախկին տներ։ Նախկին կեանք։ Ապագայի սպասումի մէջ գտնուող սքանչելի տարածք՝ ծածկած նռնենիներով եւ ընկուզենիներով… Բայց ո՞ւր ենք գնում։ Մի՞թէ այս մի քանի տուն ունեցող գիւղում մարդիկ կան։ Այո, 60 տուն կայ այստեղ։ Գիւղապետարան։ Ե՞ւ…Ո՞ւմ մօտ պիտի գայ պէյրութահայը, եթէ ոչ իր նման պէյրութահայի։ Այ քեզ անակընկալ։ Մեզ դիմաւորում է Եսայի Ջուրեանը իր չքնաղ տիկնոջ՝ Լուսինի հետ։
- Ինչպէ՞ս եղաւ, որ այստեղ եկաք։ -Պարապ հարց։ Լրագրողական հարց, որի համար ես իսկոյն զղջացի։
- Չկայ մի լրագրող, որն ինձ այդ հարցը չտայ։ Ղարաբաղը բնակեցնելու համար եմ եկել։ Նաեւ 5 սուրիահայ ընտանիք եկան մեզ հետ, բայց չդիմացան եւ մեկնեցին։
Դժուարութիւնները կենցաղային հողի վրայ չէին անշուշտ, քանզի հայը քարից հաց ստեղծող ժողովուրդ է։ Խորհրդային ժամանակներից մնացած քաշքշուքներն են, որ մարդուն յուսահատ են անում։ Երեւակայէք, որ Ջուրեանները մինչեւ հիմա անձնագիր չեն ստացել. «Գնա-արի, միւս շաբաթ արի…» Ծանօթ, սիրտ մաշեցնող երեւոյթներ են։ Ջուրեանը ծնունդով քեսապցի էր, 9 տարեկանից տեղափոխուել էր Պէյրութ, Մխիթարեանների դպրոցում ուսանել։ Յանկարծ պատմեց 21 քեսապցու առեւանգման մասին. պարզուեց, որ դա նրա հարազատներն են եղել։ 8 հոգի իր ընտանիքի անդամներն էին. մայրը, երեք եղբայրները, հօբարը, տատը, երկու քեռու աղջիկները… Ազատուեցին 40 օր անց եւ ապաստանեցին Վաքըֆ գիւղում։ Անհաւատալի էր, որ Աղդամում զրուցում էի քեսապցի Եսայի հետ, նայում նրա միջերկրական ծովի գոյնի աչքերի մէջ, համտեսում Լուսին տիկնոջ սուրիահայ ճաշատեսակները, զմայլւում նրա ձեռագործ աշխատանքներով։ Երգերով լեցուեց Աղդամը, տները կենդանացան, այսօրուայ հայեացքով չպէտք է նայես քաղաքին…
Վերադարձանք արդէն ոչ թէ Զանգեզուրի ճամբով, այլ՝ Քարվաճառի։ Նման բնութիւն չկայ ողջ Հայաստանում։ Ծարաւ էինք։ Ճամբին մօտեցանք Վարուժան Քարեանի յուշաղբիւրին եւ ես ամօթ զգացի իմ անհամբերութեան համար. ես չէի կարող զսպել իմ ծարաւս, մինչդեռ այս նահատակ-երիտասարդները քարի ու ջրի էին վերածուել։
Երեւան վերադառնալուն պէս միայն մի փափաք համակեց իմ սիրտս – կրկին մեկնել Արցախ։ Կրկին եւ միշտ։