ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Երկու օր Արցախում

Աղդամում մի իսլամական գերեզմանոց էր պահպանուել։

՛նչ լաւ է, որ չե՛նք ոչնչացրել։

-Ո՛չ, պէտք է մաքրել-տանել։

-Ես խօսում եմ որպէս մարդասէր, իսկ դու՝ որպէս զինուոր։

-Ես էլ եմ ասում դա որպէս մարդասէր. պէտք է մաքրել այդ գերեզմանը…

Քարահունջն ու Ստոունհենջը

Արցախ գնալու համար Սիւնիքի մարզով ես անցնում եւ խղճիդ վրայ է նստում այն հանգամանքը, որ երբեւէ չես այցելել եւ խորացել, թէ ինչ է թագնուած Սիւնեաց երկիր անուան ետեւում։ Քաղաքներ Սիսիան, Տաթեւ, Կապան, Գորիս… Համացանցում անգլերէնով մի նիւթ է տեղադրուած Երեւանից 200 քմ դէպի հարաւ գտնուող Քարահունջի մասին (Սիսիանում), որը ներկայացնում է իրենից նախապատմական աստղադիտարան, քարերի առեղծուածային մի համալիր։ Գիտնականները համեմատում են Քարահունջը Լոնտոնից 130 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Ստոունհենջի (Stonehenge) հետ եւ նշում, որ մեր Քարահունջը 7,500 տարեկան է, իսկ Ստոունհենջը ընդամէնը 3,000։ Սակայն ո՞վ եւ ինչի՞ համար է դրել այդ հսկայ քարերը։ Հայերը դրանց ասում են նաեւ Զօրաց Քարեր, այսինքն օրերի քարեր, օրացոյց քարեր։ Հայոց պատմութիւնը, որը տանում է դէպի հազարամեակների խորութիւն, ծանօթութեան կարիք ունի, իսկ քա՛նի մարդ կը գտնեք այսօրուայ Հայաստանում, ով հացի խնդիրը թողած կը զբաղուի իր ծնած հողի ուսումնասիրութեամբ։ Ուսումնասիրել՝ ուսում եւ սէր. դա նշանակում է, որը սէրը սեփական երկրի հանդէպ ծնւում է իմացութեան արդիւնքում։ Իմ խօսքս արտագաղթողների մասին չէ, ովքեր եւրոպական ճամբարներում տարիներով կացութեան ինչ-որ իրաւունքների են սպասում կամ ռուսական քաղաքներում աղքատութիւնից ձերբազատւում,փողի համն առնում եւ ազատ շունչ քաշում, սակայն այս անգամ կարօտն է նրանց խեղդում, իսկ այնտեղ ծնուած զաւակները… երեւի հայի ինքնութեան գիտակցութիւն կ՚ունենան եւ քիչ անց կ՚այցելեն Մայր Հայրենիքը համահայկական խաղերին։ Ահա այս տարի մեկնարկեցին 10-րդ յոբելենական խաղերը եւ 1,000 մարզիկ ժամանեցին 30 երկրներից։ Հաւատացէ՛ք, որ ճիշդ 30 կտորների բաժանուեցին մեր սրտերը՝ դիտելով երիտասարդների երթը քաղաքի կեդրոնում, երբ նրանք քայլում էին օտար երկրների դրօշները պարզած։

Պէյրութահայերը Հայաստանում

Աւելի լաւ է խօսեմ չարտագաղթողների, այլ ներգաղթողների, այստեղ հաստատուողների մասին։ Ողջ ճանապարհը Երեւանից մինչեւ Արցախ եւ Արցախից վերադարձին մեր ինքնաշարժում հնչում էին գուսան Սեդրակի հայրենասիրական երգերը։ Երգերում կարմիր թելով անցնում էր մի գաղափար. եթէ որեւէ մի տեղ տեսնես հայ, գուրգուրիր դու նրան, որպէսզի Հայաստան գայ այդ հայը… Յովհաննէս Պատալեանի երգերը շատ իրանահայերի բերեցին Հայաստան, իսկ գուսան Սեդրակի երգերը ոգեւորում էին յատկապէս պէյրութահայերին։ Լիբանանի 70-ականների քաղաքացիական պատերազմը ստիպեց նրանց զինուել ինքնապաշտպանութեան համար, իսկ ազգային ինքնագիտակցութիւնը ձգտում էր քայլեր ձեռնարկել՝ արթնացնելու թմբիրից համայն հայութեանը։ Մենք պատկանում ենք մի ազգի, որը միշտ արթուն պիտի մնայ։ 90-ականներին լիբանանահայերը միացան Արցախեան ինքնապաշտպանութեան մարտիկներին, երբեք չշեշտելով, որ նրանք էլ են ազատամարտիկներ։ Սակայն ամենամեծ նրանց հերոսութիւնն եմ համարում ոչ միայն նրանց կռիւը, այլ Հայաստանում մնալն ու հաստատուելը, ունենալով համեստ կարողութիւն, քանզի նրանց կարողութիւնները վեր են նիւթականից։

Ի՛նչ համով է երգում գուսան Սեդրակը։ Եւ ի՛նչ ամօթ է, որ ես առաջին անգամն եմ մտիկ անում այս երգերը՝ մեր ազգային հերոսների մասին։ Եւ այդ երգերը գալիս են խորհրդային ժամանակներից։ Մասնագիտութեամբ գինեգործ, նա երգում էր ազգային երգեր եւ բնական է, որ Խորհրդային Հայաստանում Պետական Անվտանգութեան Կոմիտէն (ՊԱԿ), որն այժմ վերանուանուել է Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն, ուրեմն այդ Սովետական Միութեան անվտանգութիւնն ապահովուող կառոյցը վտանգաւոր է համարում գուսան Սեդրակի երգերը եւ միշտ հետապնդում էր նրան հայրենասէր լինելու առիթով։

Գորիս-Շուշի

Գորիսում մեզ հիւրընկալեց մի ընտանիք, որտեղ ամենափոքրիկը 5 ամսեկան էր, իր ամենաերիցը՝ 97։ Պարտէզում անթիւ պտղատու ծառեր էին, լոբու եւ բազմաթիւ այլ բոյսերի մարգեր, մորու թուփեր։ Երկու տեսակ մորի հրամցնելով, տանտիրուհին նշեց, որ քաղցր տեսակը վայրի է եւ աւելացրեց, որ գորիսեցիները մորուն ելակ են ասում, իսկ ելակին՝ մորի։ Խնդիր չկայ. կարեւորն այն է, որ երկուսն էլ հայերէն են, օտար բառապաշարից չեն։ Գորիսի տները, տան քարերի շարուածքը ազնուական կեցուածք էին հաղորդում քաղաքին։ Սակայն Հին Գորիսում մարդիկ ապրել ժայռափոր տներում, քարանձաւներում եւ կար նոյնիսկ քարանձաւային թատրոն։

Նոյն քարերի շարուածքը տեսանք արդէն Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, որը զբօսաշրջիկները լուսանկարում են սովորաբար մի կէտից, իրականում շատ աւելի վեհ տեսք ունի, եթէ դիտես տաճարի շուրջբոլորը. Այն աչքիդ առաջ վսեմանում է։ Շուշին հռչակուել է Արցախի Հանրապետութեան կառավարութեան կողմից պատմաճարտարապետական արգելանոց եւ քաղաքում շարունակ վերանորոգում է կատարւում, յատկապէս աչքի են ընկնում մզկիթների վերականգնողական աշխատանքները…

Շարունակելի