dzovinarlok@gmail.com
Յուլիսի 1-ը համարւում է ռեժիսորների օր։ Իրականում իսկական ռեժիսորի համար ամէն օրը իրենն է։ Նա ամէն օր է ծնւում եւ եթէ յանկարծ ունենայ այն կարծիքը, որ կայացել է որպէս ռեժիսոր, դա կը լինի նրա վախճանը։ Յիշում եմ հերթական Շեքսփիրեան թատերական փառատօնին հիւրընկալուել էր Ռոբերթ Սթուրուան իր հերթական Շեքսփիրեան ներկայացմամբ՝ «Յուլիոս Կեսար»։ Սակայն թատրոնից դուրս նոյնպէս թատրոն է, այնպէս չէ՞։ Դէ հիմա երեւակայէք Պարոնեանի անուան թատրոնի ճեմասրահը, որտեղ սպասում էինք, երբ դահլիճի դռները կը բացուեն եւ հանդիսատեսը ներս կը մտնի։ Հանդիսականներից շատերը թատերական աշխարհից էին եւ շարունակ իրար ողջունում էին ու ողջագուրւում։ Նրանք անշուշտ պիտի դիտէին ո՛չ միայն հիացական, այլ նաեւ քննադատական աչքով, բայց սովորական հանդիսատեսը գոհ էր. նա գիտէր, որ եկել է գլուխգործոց դիտելու, նոյնիսկ եթէ դա լինի գլուխկոտրուկ։ Յանկարծ մեզ հետ կանգնած ռեժիսոր Արմէն Մեհրաբեանը կտրուկ շրջուեց եւ լքեց թատրոնը։ Ոմանք խիստ զարմացան, բայց նրան ճանաչողները հանգիստ ընդունեցին նրա արարքը։ Յետոյ նա ինձ զրոյցում բացատրեց, որ չդիմացաւ հանդիսատեսի քաղքենիական պատրաստակամութեանը՝ տեսնել ակնկալուելիք թուացեալ «գլուխգործոց»։
-Ե՞րբ էիք վերջին անգամ տեսել Սթուրուայի ներկայացումը։
-Դա Բրեխտի «Կովկասէ Կաւճէ Շրջան»-ն էր։ Ես հաւանում էի ռեժիսորին, որը դեռ ապացուցելու բան ունէր, բայց այսօր նա նուաճել է հանդիսատեսին եւ այլեւս ասելիք չունի։
Այդպէս յաճախ է լինում, երբ կայացած արուեստագէտը, որը անուն է ձեռք բերել, սկսում է աշխատել արդէն ոչ թէ յանուն արուեստի, այլ յանուն այդ անուան։ Անունը պահելու համար։ Չհիասթափեցնելու համար։
…..
Երեւանի Վերնիսաժում աչքդ զարնում են յատկապէս Արարատի պատկերները եւ նուռը։ «Ի՞նչ անենք, գնորդը նուռ ա ուզում որպէս յուշանուէր»,- արդարանում են Վերնիսաժի վաճառողները։ Մէկն էլ ինձ ասաց.
-Երեւակայէ՛ք, Մասիսի պատկերը վաճառելով մարդիկ տուն են սարքում։
Ես տխրեցի.
-Բայց արուեստով տուն չեն սարքում, նոյնիսկ տուն չեն պահում։
-Բա ի՞նչ են պահում։
-Արուեստով արուեստ են պահում,-վճռեցի ես՝ քաջ գիտակցելով, որ Վերնիսաժը ծառայում է մասնաւորապէս տուն եւ ընտանիք պահելու համար։
-Իսկ արուեստագէտի ընտանիքը ո՞վ պիտի պահի, - զարմացաւ զրուցակիցս։
-Մասիսը ընտանիք կարող է պահել, բայց իսկական արուեստագէտին մեկենասներն են պահում։
…
Շեքսփիրեան փառատօնին, որտեղ ներկայացուեց Ռոբեռթ Սթուրուայի «Յուլիոս Կեսարը», ամենալաւ ներկայացումը այնուամենայնիւ մեր տիկնիկային թատրոնի դերասան եւ ռեժիսոր Զարա Անտոնեանի «Լաւագոյնը Շեքսփիրից» բեմադրութիւնն էր։ Նա միշտ զարմացնում է իր ներկայացումներով։ Եւ տարբերւում է միւսներից։ Մայիսի 16-ին տիկնիկային թատրոնի բեմին գէթ մէկ անգամ ցուցադրուեց Փուշկինի «Քարէ Հիւր» կամ «Տոն Գուանը» որպէս կինոյի եւ թատրոնի Զ. Անտոնեանի աւարտական կուրսի աշխատանք։ Ժամանակին ես գրել էի մեր թատրոնի դերասանների մասին, որ նրանք բոլորը սահմանափակ են իրենց հնարաւորութիւնների մէջ եւ կարծես երբեւէ համբուրուած չլինեն… Այդ մասին կարելի է մոռանալ, երբ նայում ես Զարայի ներկայացումները։ Այստեղ դուք կը տեսնէք բաւականին վտանգաւոր հնարքներ, դաշոյնի փայլատակումներ։ Մեր թատրոններում մթնոլորտը այնքան քնաբեր է, որ կարելի է գլուխը հանգիստ դնել կողքի հանդիսատեսի ուսին եւ հանգչել։ Ոչ ոք չի նկատի, քանզի ողջ դահլիճն է հոգին աւանդում։ Զարայի ներկայացումներին ձեզ չի յաջողուի մեռնել։ Ամէն վայրկեանն է լեցուն անդադար գործողութեամբ։ Նա օժտուած է զարմանալի պլաստիկ մտածողութեամբ։ «Տոն Գուան»-ի մէջ յաղթանակում է սեքսուալ ներուժը, որը անգամ մտաւոր գործընթացի հիմքն է եւ դա արդէն ապացուցուած է գիտնականների կողմնից։ Մէկ Տոն Գուանի փոխարէն կարելի է տեսնել երկուսին, իսկ Տոննա Աննան նոյնպէս մէկից աւելին է։ Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն յստակ կերպարներ են, այլ Էութիւն են, Նախադէպ, Ֆենոմեն։ Տոն Գուանը այն առնական էութիւնն է, որի հետ ցանկանում է միանալ իւրաքանչիւր կին էակ, որովհետեւ նա գիտի ինչպէս վարուել կնոջ հետ եւ ինչպէս մօտենալ այն բարձրագոյն խորհրդին, որին ասում ենք սէր… Եւ յաճախ Տոն Գուանը ստիպուած է լինում մարտնչել եւ յաղթել մրցակցին։