dzovinarlok@gmail.com
Մայիսի 20-ին ամէն գործ մի կողմ թողնելով հարկաւոր էր նուիրուել թանգարանային տօնին եւ միանալ համաժողովրդական արշաւին, այնուհետեւ կիսուել տպաւորութիւններով։ Ո՛չ ոք զբօսաշրջիկ չէ իր ծնած քաղաքում եւ միայն այդ օրուայ առիթն է ոգեշնչում այցելել թանգարանները, որոնք այդ գիշերուայ համար յատուկ ծրագրեր են մշակում։ Այս տօնին մասնակցում էին աշխարհի աւելի քան 30,000 թանգարաններ, իսկ տարուայ կարգախօսն էր «Ցաւոտ պատմութիւններ. դժուար պատմելին թանգարաններում»։ Հայաստանն ու Արցախը մասնակցեցին տօնին 117 թանգարաններով։
Թանգարանները մշակութային, հոգեւոր, մտաւոր եւ ստեղծագործական ժառանգութեան եւ յիշողութեան պահապաններն են։
Ականաւոր գործիչների թանգարանները կապուած են կամ նրանց անուան հետ կամ տուն-թանգարաններ են. օրինակ, Երուանդ Քոչարի անուան, Թումանեանի, Փարաճանովի, Մհէր Մկրտչեանի (Կիւմրի), Կ. Դեմիրճեանի անուան թանգարանները, իսկ միւս կողմից այն տունը, որտեղ նրանք ապրել են, մահից յետոյ դառնում է տուն-թանգարան, օրինակ, Թումանեանի տուն-թանգարանը Լոռու մարզի Դսեղ գիւղում, Մինաս Աւետիսեանի տուն-թանգարանը Շիրակի մարզի Ջաջուռ գիւղում, Ջոտտոյի արուեստանոց-թանգարանը Երեւանում, Ստեփան Զօրեանի տուն-թանգարանը Վանաձորում, Յ. Շիրազի յուշ-թանգարանը Կիւմրիում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Ծաղկաձորում, Աւետիկ Իսահակեանի տուն-թանգարանը Երեւանում եւ Իսահակեանի յուշ-թանգարանը Կիւմրիում։ Կան թանգարաններ, որոնք գիտահետազօտական ինստիտուտի կարգավիճակ ունեն, օրինակ, Մատենադարանը, Ցեղասպանութեան Թանգարանը, Կոմիտասի Թանգարանը, Թամանեանի Անուան Ճարտարապետական Ազգային Թանգարան-ինստիտուտը…
Ունենք Ֆիդայական շարժման «Զօրաւար Անդրանիկ» թանգարան, ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան «Մայր Հայաստան» զինուորական թանգարան։ Մարտ ամսին Թատրոնի օրուայ առթիւ բացուեց Տիկնիկների պատկերասրահը, իսկ Մայիսի 20-ին Հայաստանի Ազգային Գրադարանում բացուեց Գրատպութեան Թանգարան։
Ունենք արուեստին նմոյշներ ցուցադրող պատկերասրահներ՝ սկսած Երեւանի Ազգային Պատկերասրահից, պատմութեան հետ առընչուող պատմագիտական թանգարաններ՝ սկսած Հայաստանի Պատմութեան Թանգարանից. ունենք բնութեան պետական թանգարան, երկրաբանական, աւիացիայի, երկաթուղային թանգարաններ, վերջապէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ…
Այժմ երեւակայէք, թէ այդ բոլոր թանգարանները տօնի կապակցութեամբ ի՛նչ անակընկալ, չափազանց հետաքրքրական ծրագրեր էին պատրաստել. լուսանկարների ցուցադրութիւններ, յուշեր, զեկոյցներ, հանդիպումներ, քննարկումներ, տարբեր համոյթների ելոյթներ ու համերգներ…
Երեւանի 48 թանգարաններից ո՞ր մէկին կարելի էր տալ այդ գայթակղիչ օրը նախապատւութիւն, քանզի բոլորը ընդգրկել մէկ սրտի եւ զոյգ կօշիկների մէջ անհնար էր։ Ուստի ես ընտրեցի ինձ քաջ ծանօթ մի թանգարան, որն էր Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանը եւ սկզբից այցելեցի ինձ դեռեւս 2014-ին հրապուրած 5 սրահները «Մշակութային Ճեմուղի» անուան ներքոյ, որտեղ ի թիւս միւս զգեստների գտնւում էր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարեանի մետալներով զգեստը, որով նա ծաղրում էր պարգեւներ սիրող արուեստագէտներին, եւ քանի որ այդ սէրը միշտ արդիական բնոյթ է կրում, ապա աշխատակիցները որոշեցին ֆլեշմոբ անցկացնել եւ պարգեւատրել այցելուներին շոկոլատէ մետալներով Ենգիբարեանից։ Այնուհետեւ մտայ Միջին Արեւելքի Արուեստի Թանգարան, որը գտնւում է նոյն Չարենցի անուան թանգարանում եւ ներկայացնում է իրենից 2,500 նմոյշներից բաղկացած իրանայ եւ ամերիկահայ Մարկոս Գրիգորեանի (1925-2007) հաւաքածուն, ինչպէս նաեւ Գրիգորեանի գեղանկարները, հողանկարները եւ գորգերը։ Ցնծուած էի մնացել, քանզի ամէն նմոյշի առջեւ կարելի էր ամիսներ անցկացնել… Տարօրինակ մի նմոյշ տեսայ. կոչւում էր արցունքաման, որի մէջ հեռուներում պատերազմող ամուսինների կանայք հաւաքում էին իրենց արցունքները։
Երեկոն աւարտուեց 5 ժամկէտային զինծառայողների համերգով, որոնք իրենց հայրենասիրական երգերով հպարտութիւն, կարօտ եւ խինդ պարգեւեցին ներկաներին։ Նրանց անուններն էին Յարութիւն, Մենուա, Յովհաննէս, Վահէ եւ Արամ։